Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉՄՏՆԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃ»

Դեկտեմբեր 27,2008 00:00

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված է «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում «Յոթի գործի» դատավարությունը: Այս առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարել է. «Ըստ հավաստի տեղեկությունների, ոստիկանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահանգվել է դեկտեմբերի 27-ին «7-ի գործով» դատավարության ընթացքում կոշտ սադրանքներ կազմակերպել քաղբանտարկյալների հարազատների նկատմամբ, դատարանի դահլիճում հասնել այնպիսի իրավիճակի ստեղծման, որը թույլ տա դատավորին, հղում կատարելով օրենքի՝ հասարակական կարգը դատարանի շենքում պահպանելու մասին համապատասխան հոդվածին, փակ դատավարության անցկացման որոշում կայացնել։ Ընտրվել է հատկապես այդ օրը, քանի որ հաջորդ օրվանից տեւական ժամանակով դադարում են հրապարակվել թերթերը, Ծննդյան տոների ու Նոր տարվա կապակցությամբ չեն աշխատելու միջազգային կազմակերպություններն ու նրանց ներկայացուցչությունները, օտարերկրյա դեսպանատները։ Ելնելով վերոհիշյալից եւ վիժեցնելու համար վարչախմբի նենգ մտադրությունից՝ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում քաղբանտարկյալների հարազատներին, ընկերներին ու աջակիցներին ոչ մի դեպքում չմտնել դատարանի դահլիճ։ Դատավարական այս պրոցեսում եւս վարչախմբին զսպող մեր ամենահզոր զենքը հրապարակայնությունն է, տեղեկատվության արագ տարածումը, միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հակազդեցության կազմակերպումը։ Դատարանի դահլիճ չմտնելու այս մարտավարությունը մենք կշարունակենք՝ մինչեւ տոներից հետո կվերականգնվի մամուլի ու հիշատակված կառույցների ու հիմնարկների բնականոն աշխատանքը։

Բոլորս, ինչպես նախորդ երկու օրերին, ներկա կլինենք դատավարությանը դատարանի շենքի բակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել