Սերժ Սարգսյանին զգուշացնում է «Դեմպրոս» հ/կ նախագահ Էդվարդ Անտինյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մերձավոր գործիչները հայտարարում են, թե նրա փրկությունը իրեն բաժին հասած վատ ժառանգությունից ազատվելն է: Անդրադառնալով այս պնդումներին՝ «Դեմպրոս» հ/կ-ի ղեկավար Էդվարդ Անտինյանն ասաց. «Եթե նա ցանկանում է ազատվել վատ ժառանգությունից, ապա կարող է հրաժարական տալ: Նա իշխող կուսակցության ղեկավարն է, մրցակիցների վարկանիշն էլ այս ընթացքում անկում է ապրել: Այնպես որ, Սարգսյանը բավական հեշտությամբ ձեռք կբերի երկրում լայնամասշտաբ բարեփոխումներ անցկացնելու համար այդքան անհրաժեշտ հասարակական վստահությունը: Եթե դա չի արվում այս տնտեսական ճգնաժամի պատճառով, որ ավելորդ գումարներ չծախսվեն, ապա բավական է հայտարարեն արտահերթ նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ գումարի չափը, հաշված օրերի ընթացքում այն կհավաքվի՝ հանգանակությունների միջոցով, միայն թե մեր երկրում վերջապես հաստատվի հասարակական վստահության մթնոլորտ: Կարծում եմ՝ դուք էլ եք համոզված, որ նախագահը դրան չի գնա: Այդ դեպքում նրան մնում է կյանքի կոչել 2-րդ տարբերակը՝ սկիզբ դնել արմատական բարեփոխումներին: Բայց հենց դա էլ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձում է անել Սերժ Սարգսյանը, որը նրա մոտ այդպես էլ չի ստացվում»:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մի առիթով անդրադառնալով այն պնդումներին, թե Սերժ Սարգսյանը նախորդ իշխանության գլխավոր դերակատարներից էր, ուստի չի կարողանա տարանջատվել այդ վատ ժառանգությունից՝ զուգահեռ տարավ, թե Խրուշչովն էլ էր Ստալինի օրոք լուրջ պաշտոն զբաղեցնում, սակայն դա չխանգարեց հետագայում տարանջատվել ստալինիզմից: Էդվարդ Անտինյանն այս զուգահեռի կապակցությամբ ասաց. «Այդ դեպքում նաեւ փաստենք, որ Նիկիտա Խրուշչովից առաջ եւ հետո՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, Խորհրդային Միության բոլոր ղեկավարները պաշտոնից հրաժարվել են կյանքին հրաժեշտ տալու պարագայում: Եվ միայն Խրուշչովն էր, որ պաշտոնանկ արվեց՝ այն էլ իրեն կյանքով պարտական իր գործընկերների ձեռքերով: Պատճառն այն էր, որ Խրուշչովն իշխանությունն արժեզրկելուն զուգահեռ՝ պայման չստեղծեց, որ երկրում հաստատվի ժողովրդի իշխանություն: Արդյունքում նա կորցրեց իշխանական հենարանը՝ այդպես էլ չստեղծելով հասարակական հենարան:
Կարծում եմ, նախագահ Սարգսյանը երկիրը կառավարելու գործում թույլ է տալիս մեթոդոլոգիական սխալներ: Նա կուտակում է իր պաշտոնին անհարիր, անթույլատրելիորեն մեծ չափի ու ցածր տրամաչափի տեղեկատվություն: Ինչի արդյունքում նա այլեւս չի կարողանում լինել լայնախոհ՝ լինելով այդչափ մանրախնդիր: Միտքս պարզաբանելու համար բերեմ մի օրինակ: Գուցե շատ կարեւոր է, որ տղամարդն իմանա կնոջ հոգեբանությունը, նրա մտածելակերպը, հստակ տիրապետի նրա շարժուձեւին ու գաղտնիքներին, որպեսզի հաստատի արդյունավետ հարաբերություններ: Բայց եթե հանկարծ տղամարդն այդ տեղեկատվությունն ունենալու համար մտնի կնոջ պայուսակը, դարակները քանդքնդորի կամ էլ հեռախոսը լսի, ապա իհարկե կլինի լավ տեղեկացված ու գործիմաց արու, բայց ոչ երբեք՝ տղամարդ, քանի որ տղամարդու որակը նա կկորցնի այդ կերպ տեղեկություններ ձեռք բերելու ճանապարհին: Նախագահը պետք է նկատի ունենա, որ իշխանական կառավարման մեքենայի որակական նշաձողն այսպես հետեւողականորեն իջեցնելու, զուգահեռաբար երկրում ժողովրդի իշխանություն հաստատելուն այսչափ խոչընդոտելու դեպքում խրուշչովյան բախտին արժանանալու վտանգը, կարելի է ասել, անխուսափելի է»: