Ասում է քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը, որի համոզմամբ, այդ հաղթանակը միայն պետք է դե-ֆակտո ամրագրել:
Ինչպե՞ս են գնահատում անցնող 2008-ը հայաստանյան ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Առավոտի» հարցադրմանն ի պատասխան՝ ասաց, թե 2008 թվականը պետք է դառնար մեր երկրում ժողովրդավարության հաղթանակի, հայ ժողովրդի համար նոր զարթոնքի տարի, բայց այդպիսին չդարձավ: «Չդարձավ, որովհետեւ իշխող ավազակապետական ռեժիմը կեղծեց ընտրությունները, կազմակերպեց «Մարտի 1»-ի սպանդը եւ դրանից հետո մինչ օրս էլ զբաղված է միայն մեկ բանով՝ հայ ժողովրդի դեմոկրատացմանն ուղղված էներգիան փորձել խեղդել ամենադաժան ռեպրեսիաներով: Միաժամանակ 2008թ.-ի ամենամեծ արդյունքն այն էր, որ դա ռեժիմին չի հաջողվել: Հակառակ նրանց ամենաստոր գործողությունների, դաժան ու քստմնելի մեթոդների՝ Համաժողովրդական շարժումը ոչ միայն չխեղդվեց, այլեւ ամրապնդվում եւ հզորանում է: Ես այստեղ, ինչ-որ իմաստով, Աստծո կամքն էլ եմ տեսնում, որովհետեւ, ըստ երեւույթին, ճանապարհը դեպի ազատություն հեշտ չի լինում: Այս ընթացքում կոփվելով հանուն ազատության եւ մեր երկրի ժողովրդավարության պայքարում՝ մենք շատ ավելի ենք արժեւորելու այն ազատությունը, որը ձեռք ենք բերելու այսպիսի զրկանքների գնով: Իսկ որ 2009թ.-ը մեզ համար, մեր ողջ ժողովրդի համար պետք է դառնա ժողովրդավարության եւ ազատության ձեռքբերման տարի՝ ես չեմ կասկածում»,- վստահեցրեց Լեւոն Զուրաբյանը: Նա օգտվեց պատեհ առիթից՝ շնորհավորելու համար ՀՀ քաղաքացիների Ամանորը. «Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն, հաջողություն բոլոր աստվածահաճո գործերում եւ, բնականաբար նաեւ՝ հաղթանակ ու ազատություն մեր բոլորիս համար»:
Պարոն Զուրաբյանը փորձեց անցնող տարին գնահատել նաեւ Հայաստան պետության ձեռքբերումների կամ կորուստների համատեքստում: Նրա համոզմամբ, չի կարելի պետության եւ ժողովրդի ձեռքբերումները կամ կորուստները առանձնացնել իրարից: Այդուհանդերձ, նա նաեւ արձանագրեց. «Շատ կարեւոր է նաեւ հասկանալ, որ այսօր մեր պետությանը հասցված վնասների եւ սպառնացող վտանգների համար մենք «պարտական» ենք գործող իշխանություններին: Մեր պետության համար 2000-ին ունեցած կորուստները շատ են այն իմաստով, որ մենք ունենք չընտրված, ոչ լեգիտիմ, ուզուրպացված իշխանություն: Իսկ այն երկիրը, որտեղ իշխանությունը յուրացված է՝ նորմալ պետություն համարվել չի կարող: Այո, ցավոք, պետք է արձանագրել, որ այսօր մեր ժողովրդին դեռեւս չի հաջողվել ընտրել իր իշխանություններին՝ սահմանադրական իր իրավունքի՝ ազատ կամքի արտահայտման, իրացման միջոցով: Մեր երկրում դեռեւս կա ազատության ու արդարության մեծ պակաս, բայց մի մեծագույն նվաճում այս ընթացքում մեր պետությունը ունեցել է՝ փոխվել է մեր հասարակության որակը: Այսօր մենք ունենք քաղաքացիական՝ իր իրավունքները գիտակցող ու դրանք իրացնելու համար պայքարելու պատրաստակամություն ունեցող հասարակություն, որը պատրաստ է դրա համար վճարել անգամ սեփական ազատությամբ, ունեցվածքով ու նաեւ՝ կյանքով»:
2008-ի զարգացումների եւ գալիք տարում իր ակնկալիքների մասին խոսեց նաեւ քաղաքական հետապնդման ենթարկված եւ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ «վաղաժամկետ պայմանականով» ազատության մեջ գտնվող «Մասիսի» գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանը: Նա 2008-ը գնահատեց որպես «կորսված հույսերի տարի». «Կորսվեցին մեր՝ երկիրը ժողովրդավարացման ուղու վրա դնելու, այդ իմաստով նոր իրավիճակ ստեղծելու հույսերն ու պատեհ առիթի ընձեռած հնարավորությունը: Հուսանք, պայքարենք, հավատանք, որ 2009-ին այդ կորսված հնարավորությունները կկարողանանք իրագործել: Կարծում եմ, որ դրա համար նախադրյալներ դեռ կան»: Հ. Բաղդասարյանն էլ շնորհավորեց մեր ժողովրդին, նաեւ դեռեւս անազատության մեջ գտնվող իր ընկերներին Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով, որ գալիք տարին բոլորի համար լինի հույսերի ու ակնկալիքների կենսագործման տարի:
Անցնող տարին գնահատեցին եւ Ամանորի իրենց բարեմաղթանքները երեկ փոխանցեցին նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալները: ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար եւ 30 փամփուշտ պահելու համար ազատազրկված Հովհաննես Հարությունյանը քաղբանտարկյալների եւ մասնավորապես՝ նաեւ թիվ «4» խցում պահվող իր զինակիցների անունից «Առավոտին» հետեւյալը փոխանցեց. «Մենք՝ բոլոր քաղբանտարկյալներս, անվերապահորեն հավատացել ենք Համաժողովրդական շարժմանն ու նրա առաջնորդին՝ ի դեմս մեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Շարժման ծավալման առաջին օրվանից դրական ենք գնահատել նրա բոլոր քայլերը եւ լիովին համամիտ ենք եղել նրա բոլոր նախաձեռնություններին, այդ թվում նաեւ՝ հանրահավաքները դադարեցնելուն: Այսուհետ էլ հավատալու ենք նրան, այլ կերպ՝ հակառակը նշանակում է դավաճանել Շարժմանը: Անցնող տարում մենք եւ մեր ժողովուրդը գործող իշխանություններին եւ «դրսին»՝ միջազգային հանրությանը, հասկացրեցինք, որ մենք՝ հայերս, լուրջ եւ ազատատենչ, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ ժողովուրդ ենք: Մենք աշխարհին ապացուցեցինք նաեւ, որ ունենք ժողովրդին անարժան կառավարություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիմա մեզ մի փոքր համբերություն է պետք վերջնական հաղթանակի հասնելու համար: Մենք պատրաստ ենք նստել բանտերում որքան հարկավոր լինի եւ հորդորում ենք Շարժման լիդերներին, ժողովրդին՝ հանուն մեր ազատության ռեժիմի հետ որեւէ փոխզիջման չգնալ: Միայն այդ դեպքում հաղթանակը մերը կլինի»: