Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՁՈՒԿԸ ՄԵԾ Է

Դեկտեմբեր 26,2008 00:00

\"\"Չնայած որ հավերժության միջով հոսող գետը փոքր էր, իսկ իր ստեղծած ձուկը՝ մեծ, քանի որ ձուկն այդ ապրում էր ընդամենը գետի ցանկության ու երազանքի մեջ, թերեւս միակ մխիթարությունն այն էր, որ ձուկը չգիտեր, որ ինքը մեծ է, իսկ գետը չգիտեր, որ ինքը՝ փոքր, ինքը պարզապես հոսում էր, իսկ ձուկը փորձում էր կյանք տալ գետին: Եվ երկու անգիտության սահմանում՝ ինքը շարունակ ապրում էր որպես կենդանի ջուր: Եվ քանի որ ինքը կենդանի ջուր էր եւ տեսել էր մեծ ու փոքր ձկների, միշտ էլ կարողանում էր գտնել ճանապարհը դեպի այնտեղ, ուր հանգրվանում էին օվկիանոսային նավերը: Գետը գիտեր նաեւ, որ Աստված ինչքան սիրող ու գթառատ է, այդքան էլ դաժան է, քանի որ Աստծո որդին իր կողքին երկու խաչվածներից մեկին ներեց, բայց մյուսին՝ ոչ, որովհետեւ այդ մեկը ճանաչեց ու ընդունեց իրեն… Այսինքն թե՝ կարելի է ենթադրել, որ Աստված առաջին հերթին սիրում է ինքն իրեն ու իր խոսքը եւ իրեն լսողներին, ճանաչողներին եւ հետեւողներին:

Այնինչ, երեւի թե ես մոլորվել եմ իմ մտածումների մեջ, քանի որ ընդամենը երեկ Միհր աստծո ծննդյան օրն էր, օր, որ քրիստոնյա աշխարհի մեծագույն մասը նշում է որպես Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր: Թերեւս ես շփոթված եմ եւ պարզապես հայտնվել եմ երկու Աստվածների ծննդյան օրվա խաչմերուկում՝ մոռացված աստծո եւ հավերժական կենաց ջուր՝ Աստծո Որդու շարունակականության ու հավերժության ուղեծրում… Ուրեմն, ո՞վ ես դու, Տե՛ր Աստված, երբ թույլ ես տալիս, որ քո որդիները շարունակ հնանան ու մոռացվեն: Երբ մահկանացուներին հաճախ հիշատակի անմահություն ես պարգեւում, իսկ ազգերին մահկանացու դատապարտում ես գետնաքարշ անմահության հավերժություն:

Շուտով՝ ընդամենը մի քանի օր անց, մենք էլ մեր եկեղեցու սահմանած կանոնով նշելու ենք եւ ուրախանալու մեր Քրիստոս Փրկչի Ծննդյան օրը, ում, Տե՛ր Աստված, Դու ուղարկեցիր երկիր եւ թույլ տվեցիր խաչվել, որպեսզի իր սուրբ արյունով մաքրեր մեր մեղքերը: Ուղարկեցիր, հանձնեցիր մարդկանց ձեռքը՝ կենդանակերպի տասներկու նշաններից ընտրելով ձկան համաստեղությունը՝ որպես Փրկչի խորհրդանիշ, այնինչ, մեր հոգիների միջով հոսող գետը շատ ավելի փոքր էր, քան Քո նշանով ուղարկած ձուկը, ուստի, օգնի՛ր, Տե՛ր, որ վարարեն մեր հոգիները, լցվեն հավատի թափանցիկ ջրերով, ու կարողանանք մեր մեջ տեղավորել Ձուկը սրբազան, եւ մենակ մի թող Քո Որդուն մեր չնչավատության դեմ, ինչպես մենակ թողեցիր Միհրին՝ մեր հին աստծուն՝ մատնելով մոռացության…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել