Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետինը մտնեք դո՛ւք»

Դեկտեմբեր 26,2008 00:00

\"\"Դասական «կամարների» ներքո անցկացվող հայկական շոուների ժամանակ տգեղ անակնկալները նորություն չեն:

«Չե՞ք ամաչում, գետինը մտնեք…»,- դեկտեմբերի 24-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում պարբերաբար կազմակերպվող «աստղային» հերթական շոուի ժամանակ, իր ելույթն ընդհատելով եւ հնչյունային ռեժիսորին ուղղելով իր խոսքը, այսպես արտահայտվեց Շպռօտը: Ավելին, երգչուհին միկրոֆոնը շպրտեց գետնին, նույնկերպ վարվեց նաեւ իր փարթամ կեղծամի հետ: Նրա խռովելու պատճառն այն էր, որ «Բոնի ԷՄ» խմբի հիթերից մեկի շպռօտյան մեկնաբանման փոխարեն ռեժիսորը սխալմամբ հնչեցրել էր օրիգինալը: Շուրջ 10 հազար դրամ վճարած հանդիսատեսը ստիպված էր րոպեներ շարունակ հետեւել, թե ինչպես են համերգավարներ՝ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ու «Բեռնարդ շոուի» Արտյոմ Մարկոսյանը երգչուհուն համոզում, մխիթարում, որ չշեղվի ու սկսի իր ելույթը: Վերջապես գտնվեց կորած միկրոֆոնը եւ Շպռօտը, շնորհ անելով, ակապելլա ներկայացրեց երգը, դեռ մի քանի անգամ էլ ուշացումով հայցեց հանդիսատեսի ներողամտությունը…

«Առավոտը» քանիցս անդրադարձել է երեւանյան շոուներում հանդիպող նման դեպքերին, արձանագրելով տգեղ փաստեր, հայրենական «աստղերի» քմահաճություններ, որոնք հարիր չեն հատկապես Ազգային օպերային թատրոնի եւ «Ա. Խաչատրյան» դահլիճներին: Օրինակ, ինչու պիտի երգիչ Անդրեն հերթական շոուի ժամանակ իրեն թույլ տար «Ա. Խաչատրյանի» բեմահարթակ դուրս գալ մոտոցիկլով, իսկ Արթուր Գրիգորյանի կազմակերպած «Մեր գյուղը» շոուի ժամանակ օպերայի բեմում «արածեին» ընտանի կենդանիներ եւ այլն:

Այս անգամ չենք նշում՝ ով է մեղավորը՝ ձայնագրությունը տանը մոռացած Շպռօտը, կազմակերպիչը, հնչյունային ռեժիսորը եւ այլն: Մեզ ուրիշ հարց է մտահոգում. նախորդ սերունդների համար «Հայֆիլհարմոնիան» կամ «Արամ Խաչատրյան» համերգասրահը ինքնատիպ տաճար էին: Հենց այստեղ են հանդես եկել ինչպես հայ, այնպես էլ արտերկրյա աշխարհահռչակ երաժիշտներ՝ թավջութակահար Ռոստրոպովիչից, ջութակահար Կոգանից, դիրիժոր Խանջյանից՝ մինչեւ դաշնակահար Պետրովը, օպերային երգիչ Բրուզոնը, երգչուհիներ Լուսինե Զաքարյանն ու Գոհար Գասպարյանը, դիրիժորներ Սպիվակովն ու Բաշմետը, ի վերջո՝ «Կոմիտաս» քառյակն ու դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը… Ի դեպ, մեր օրերում էլ համերգասրահը «ծանրաբեռնված» է լինում հայաստանյան տարբեր փառատոների կազմակերպիչների ջանքերով հրավիրված իրական աստղերի ելույթներով: Գուցե տեղին է հիշեցնել, որ հենց այս դահլիճում է տեղադրված Հայաստանի խոշորագույն երգեհոնը՝ ամենաբարդ ու նրբազգա նվագարանը, որը կարող է վնասվել ամենաթեթեւ ցնցումից անգամ: Ժամանակին անվանի հայ արվեստագետներից շատերը ընդդիմանում էին այս համերգասրահում շոուներ, պարային ու էստրադային խմբերի ելույթներ կազմակերպելուն: Դա քմահաճույք չէր, այլ պրոֆեսիոնալի սրտացավ վերաբերմունք ու մտահոգություն: Հասկանալի են նաեւ այսօրվա միջոցառումների կոմերցիոն եւ ֆինանսական շահերը, բայց ի վնաս ո՞ւմ եւ ինչո՞ւ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել