ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը փոքր-ինչ բացում է փակագծերը
Երեկ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անդրանիկ ասուլիսն էր, որով նա ամփոփեց տարին:
Պարոն Հովսեփյանը ներկայացրեց 2008 թ. երկրորդ կիսամյակի ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում էին մասնավորապես բնապահպանության, առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Երեւանի քաղաքապետարանին, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումներին եւ այլն:
Օրինակ, բնապահպանության նախարարության «մասով» վերահսկողականի ղեկավարը հայտնեց, որ Երեւանում ու մայրաքաղաքի մերձակայքում օգտագործվող 19 ոչ մետաղական հանքերից 15-ը խնդիր ունեն, ներկայացնում են հաշվետվություններ, որոնք իրենց շահագործածի 30%-ն են հազիվ արտացոլում: Կամ 15 տնտեսվարողների մոտ այնպիսի խախտումներ են հայտնաբերվել, որ 10-ի մոտ վերստուգում է «բացվել»: Նախագահի վերահսկողականը պարզել է, որ հանրապետությունում մասսայական բնույթ է կրում այն երեւույթը, երբ համակարգչային խաղերի անվան տակ շահագործվում են խաղային ապարատներ:
Առայժմ բոլոր ոլորտներում պատժվողները փոքր «տրամաչափի» են՝ կադաստրի ներկայացուցիչներ, քաղաքապետարանի երթուղային տրանսպորտի վարչության պետ, դպրոցների տնօրեններ… «Դեռեւս փոխնախարարի մակարդակի չենք հասել»,- ասում է Հովսեփյանն ու հավելում, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 250%-ով աճել է նախագահին ուղղված դիմումների քանակը, որոնց 25%-ը բաժին է ընկնում քաղաքապետարանին, 17%-ը՝ դատաիրավական համակարգին, 16%-ը՝ սոցիալական ոլորտին: Ընդ որում, դիմումների 37,1%-ը դրական լուծում է ստացել: «Առավոտի» ռեպլիկին՝ խախտում արած ձեր ծանոթների հետ արդյո՞ք ավելի մեղմ չեք վարվում, պարոն Հովսեփյանը ժպտալով պատասխանեց. «Ո՛չ, ծանոթներին մեղմ չենք վերաբերվում, ընդհակառակը՝ շարքային քաղաքացուն ավելի հեշտ ենք օգնում, պարտադիր գնում ենք ցանկացած դիմում-բողոքի հետեւից»: Ըստ նրա՝ մամուլի հրապարակումների «հետքերով» էլ են գնում. «Մի անգամ՝ «Առավոտի» հրապարակման, մի անգամ՝ «Արմենիա» TV-ի, «Շանթի» ռեպորտաժների հետեւից ենք գնացել, շատ է պատահել…»:
Քանի որ «Առավոտի» 2008-07-09 համարում տպագրված «Ոչ պետական բուհերը չափն անցել են» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ վերահսկողականը 69 ոչ պետական բուհերից 30-ում կատարել էր ուսումնասիրություններ ու հանդիպել աղաղակող փաստերի (բժիշկը պատմություն էր դասավանդում, կենսաբանը՝ կրոնի պատմություն, ուսանողները էքստեռն էին փոխադրվել եւ այլն), Հովհ. Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է լուծվելու այդ բուհերի ճակատագիրը:
«Ոչ պետական 69 լիցենզավորված բուհերից ուսումնասիրել էինք 30-ը՝ բոլորում էլ անմխիթար վիճակ էր: Պարզվում է՝ մարդը կարող է ավարտել միջնակարգը ու միանգամից նստել բուհի երկրորդ-երրորդ կուրս: Կամ 500-ի է հասնում այն ուսանողների թիվը, որոնք տարբեր պատճառներով բուհ ոտք չեն դրել, սակայն ավարտել են: Թերությունները շատ-շատ են. ոչ մի բուհ հարկային դաշտում չի աշխատում. իրենց մոտ պրակտիկան ընդհանրապես չի երեւում, կնքված պայմանագրեր չունեն՝ ո՞ւմ հետ են աշխատում, ո՞ւմ են փող փոխանցում: Մի խոսքով՝ ստվերում են գործում: Նախագահը տեղյակ է հարցին, հանձնարարական է իջեցվել ԿԳՆ-ին: Որպեսզի միակողմանի մոտեցում չարձանագրվի, մյուս 39 բուհերում էլ պիտի ուսումնասիրություններ անցկացվեն, որին կհետեւեն համապատասխան քայլեր: Վստահեցնում եմ՝ բազմաթիվ ոչ պետական բուհեր զրկվելու են լիցենզիաներից, շատերին ցույց է տրվելու «դեղին քարտ»,- ասաց պաշտոնյան: «Առավոտը» հարցրեց, թե ինչպիսի՞ փաստեր են արձանագրվել պետական բուհերում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դրանց ղեկավարների անձնական եկամուտները գոյանում են նաեւ ուսանողների տեղափոխություններից: «Պետական բուհերի «մասով» ուսումնասիրել ենք մասնավորապես միջբուհական եւ ներբուհական տեղափոխությունները: Կա կառավարության որոշում, որով կարգ է սահմանված: Վերջինիս համաձայն՝ երբ ուսանողը բուհից բուհ կամ ֆակուլտետից ֆակուլտետ է տեղափոխվում, առարկաների տարբերությունը չպետք է գերազանցի 8-ը: Բազմաթիվ դեպքերում այն գերազանցել է 10-12-ը: «Ռեկորդակիր» են հատկապես ԵՊՀ-ն, Բժշկական համալսարանը, չնայած բոլոր տեղերում էլ պատահել են նման դեպքեր: Կարգով սահմանված է, որ առաջին եւ վերջին կուրսերում իրավունք չունեն տեղափոխություններ կատարել, դա եւս չի պահպանվել: Իսկ ամենաարտառոցն այն է, որ մի ուսանողի մի բուհից հեռացրել էին, մեկ այլ բուհում գնացել-վերականգնվել էր»,- փաստեց նախագահի վերահսկողականի ղեկավարը:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ նորանշանակ պաշտոնյան որեւէ բիզնես ունի՞ Հայաստանում, պարոն Հովսեփյանը պատասխանեց. «Հավատացնում եմ, որ նախագահի շուրջ կան մարդիկ, պաշտոնյաներ, որոնք ՀՀ-ում չունեն բիզնես: Եթե դրա մասին, այնուամենայնիվ, տեղյակ կլինեք, խնդրում եմ մամուլում հրապարակեք»: