Լրահոս
Օրվա լրահոսը

Սոդայի համար չդատապարտվեց

Դեկտեմբեր 26,2008 00:00

Իշխանությունը ստվերի դեմ պայքարելու ճանապարհին ուժեղացրել է հսկողությունը կայարաններում եւ «նստել» մանր-մունր առեւտրականների «պոչին»՝ փորձելով բյուջեն լցնել հնարավոր բոլոր մեթոդներով:

Մաքսային պետական ծառայությունը եռամսյակը մեկ տեղեկություններ է տրամադրում հարկային ծառայությանը, թե ովքեր, երբ եւ ինչ ապրանքներ են ներկրել ՀՀ: Հարկայինն այդ ցուցակը համեմատում է իր ցուցակի հետ, եւ եթե կան անծանոթ անուններ, նստում է նրանց պոչին՝ ՀՀ քրօրի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) կասկածանքով: Այդպես է անձեռոցիկ, տակդիր ու սոդա ներկրած Նինա Առաքելյանը հայտնվել հարկայինի տեսադաշտում: Սակայն ըստ Նինայի՝ իրեն հետապնդելու պատճառը 18 տուփ սոդան է եղել, որը բերել է, չլսելով չարբախցի ոմն Նորիկի հորդորները: Նա զգուշացրել էր, որ սոդա բերողները՝ իր «գործին խփողները», խնդիրներ կունենան հարկայինի հետ, որովհետեւ իր բարեկամն այնտեղ է աշխատում: Նինան լուրջ չի ընդունել զգուշացումը եւ հայտնվել է ՀՊԾ օպերատիվ հետախուզության վարչությունում, որտեղ նրան չեն բացատրել իր իրավունքներն ու պարտականությունները: Փոխարենը քննիչ Լուսինե Վարդանյանը համոզել է Նինային՝ անկեղծորեն պատմել, թե ինչ նպատակով է բերել ապրանքը, որտեղ եւ ինչպես է իրացրել: Խոստացել են, որ անկեղծանալու դեպքում նա կընկնի «Սարդարապատի հերոսամարտի հոբելյանին նվիրված» համաներման տակ եւ վրան դատվածություն չի լինի: Նինան հավատացել ու պատմել է, որ ապրանքի մի մասն իրացրել է կայարանամերձ հրապարակում, մյուս մասն էլ բերել է անձնական օգտագործման համար, բայց չի նշել՝ քանի տոկոսն է ծախել ու շահույթ ստացել: ՀՊԾ-ին ու դատախազությանը դա չի հետաքրքրել, որովհետեւ ձեռնտու չի եղել: Քննիչները պարզապես աչքի են անցկացրել Նինայի անունով ձեւակերպված մաքսային հայտարարագրերը եւ պարզել, որ Նինան 2005-07թթ. ընթացքում 14 անգամ հատել է սահմանը, ապրանքներ մաքսազերծել եւ 3 տարվա ընթացքում մոտ 3 մլնի շրջանառություն ունեցել: Այսինքն, ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվել, հարկեր չի մուծել, ինչի համար էլ մեղադրանք է առաջադրվել:

Մեղադրանքի հիմքում Նինայի ինքնախոստովանական ցուցմունքներն են եւ դատահաշվապահական փորձագետի եզրակացությունը, որը կազմվել է մաքսազերծման վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա: Եվ ստացվել է, որ Ն. Առաքելյանը պետբյուջե չի վճարել 645 հազար դրամ եւ չի կատարել հարկային այլ պարտավորություններ, որոնց արդյունքում բռնագանձվելիք գումարի չափը կլորացել է եւ դարձել 1 700 000 դրամ: Մինչդեռ, Նինայի համոզմամբ՝ իր կողմից պետությանը հասցված վնասը մոտ 400 000 է, քանի որ նախաքննության մարմինը շրջանառության ծավալից չի հանել ապրանք բերելիս իր կատարած ծախսերը՝ տոմսերի գինը, տարբեր ծառայությունների համար վճարները, նաեւ ներկրած ապրանքի՝ անձնական օգտագործման համար նախատեսված խմբաքանակը: Եթե նվազում է վնասի չափը՝ մեղմանում է անձի պատասխանատվությունը: Ո՞րն է նրբությունը. մինչեւ 500 հազար դրամի շահույթ թաքցնելու դեպքում անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, իսկ ավելիի դեպքում պատժվում է Քրօրի 188 հոդվածով, որը նախատեսում է 1-3 ամիս կալանք կամ տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ն. Առաքելյանից, հօգուտ պետբյուջեի, պետք է բռնագանձվեր 645 000 դրամ եւ 250 հազար դրամ տուգանք՝ կալանքի փոխարեն:

Առաքելյանը բողոքարկել էր դատավճիռը, եւ քրեական վերաքննիչ դատարանն օրերս վերահաշվարկի ուղարկեց ներկայացված (այդ թվում՝ Նինայի) բոլոր փաստաթղթերը, եւ փորձագետը հաստատեց, որ բյուջեին հասցված վնասը 406 000 դրամ է: Նինան կվճարի միայն այդքանը եւ քրեական պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել