Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐՋ ՑԱՏԿ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ»

Դեկտեմբեր 26,2008 00:00

\"\"Հայաստանը, երկրորդ անգամ մասնակցելով հեղինակավոր TIMSS (Trends in International Mathematics and Science Study) միջազգային ստուգատեսին, TIMSS-2007-ում լուրջ առաջխաղացում գրանցեց TIMSS-2003-ի համեմատ:

TIMSS-ը մաթեմատիկայից եւ բնագիտական առարկաներից թերեւս ամենահեղինակավոր միջազգային ստուգատեսն է, որն անց է կացվում սկսած 1995-ից, չորս տարին մեկ անգամ՝ 4-րդ եւ 8-րդ դասարանցիների շրջանում: TIMSS-2003-ը, որը Հայաստանի համար առաջինն էր, հպարտանալու տեղիք չտվեց, քանի որ մեր դպրոցականները լավ արդյունքներ չէին ունեցել: ԿԳՆ-ի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն, TIMSS-ի ազգային համակարգող Արսեն Բաղդասարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով TIMSS-2007-ի գոհացուցիչ արդյունքները՝ նախորդ ստուգատեսում հայաստանցի դպրոցականների ոչ բավարար ցուցանիշները բացատրեց նրանով, որ այդ տարիներին՝ մինչեւ 2003 թվականը, թեստային համակարգն անծանոթ էր ոչ միայն դպրոցականներին, այլեւ նույնիսկ ուսուցիչներին: Իսկ արդեն 2007-ին, երբ թեստերը դարձել էին քիչ թե շատ սովորական երեւույթ, եւ նրանցում առկա ձեւակերպումները չէին խրտնեցնում աշակերտներին այնպես, որ նախորդ անգամվա պես դատարկ կամ ծաղիկներով ու խզբզոցներով զարդարված տետրեր հանձնեին, բավականին լավ ցուցանիշներ ենք ունեցել: Մասնավորապես, 4-րդ դասարանի մաթեմատիկայի արդյունքներով առաջ ենք անցել Շոտլանդիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից եւ շատ այլ եվրոպական ու ասիական երկրներից, իսկ 8-րդ դասարանի մաթեմատիկայի արդյունքներով՝ Շվեդիայից, Ավստրալիայից, Մալթայից, Սերբիայից, Իտալիայից, Իսրայելից, եւս մի քանի տասնյակ երկրներից: (TIMSS-2007-ին մասնակցել է ավելի քան 50 երկիր): Բնագիտության (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն եւ աշխարհագրություն) մեջ էլ մեր ցույց տված ցուցանիշները բավականին լավն են: Թեեւ պարոն Բաղդասարյանը վստահ է, որ այդ ցուցանիշները, որոնց համար մենք արտերկրից շնորհավորանքներ եւ խրախուսանքներ ենք ստացել, դեռ չեն ներկայացնում իրական պատկերը, մասնավորապես՝ մաթեմատիկայից: Ըստ նրա՝ մաթեմատիկայից մենք ավանդաբար ուժեղ ենք եւ շատ ավելի լավ ցուցանիշներ կարող ենք ունենալ, եթե ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերվի այս ստուգատեսին: 2008-ին, օրինակ, կայացել է եւս մի ստուգատես՝ ավելի փոքր ծավալներով՝ «խորացված մաթեմատիկա եւ ֆիզիկա», ՀՀ-ն մասնակցել է նաեւ դրան, եւ Ա. Բաղդասարյանը կարծում է, որ դա մեզ ցուցադրելու հրաշալի հնարավորություն էր: Այդ ստուգատեսի արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարվա ընթացքում, եւ կտեսնենք՝ արդյոք ԳԹԿ փոխտնօրենի հույսերն արդարացվա՞ծ էին:

TIMSS-2007-ում լավագույն արդյունքները ցուցադրել էին ասիական որոշ երկրներ՝ Սինգապուր, Հոնգ Կոնգ, Չինական Թայպեյ, Կորեա… Ըստ պարոն Բաղդասարյանի, սա ոչ միայն TIMSS-2007-ի պատկերն է. այս երկրներն ավանդաբար լավագույն դիրքերում են լինում: Եվ հարցը ոչ միայն այդ երկրներում կրթության որակն է, մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների հանդեպ հատուկ ուշադրությունը, այլեւ՝ այս եւ նման այլ ստուգատեսների նկատմամբ վերաբերմունքը: Ինչպես ներկայացրեց Ա. Բաղդասարյանը, երբ այս երկրներում որեւէ դպրոց ընտրվում է տվյալ ստուգատեսին մասնակցելու համար, այդ դպրոցում մեծ տոն է, իսկ չընտրված կրթօջախների աշակերտները հիասթափությունից նույնիսկ լացում են… Այնինչ, մեզ մոտ շատ-շատերը նույնիսկ տեղյակ չէին TIMSS-ի մասին, իսկ այն դպրոցներում, որտեղ անցկացվել է ստուգատեսը, հատկապես 2003-ին, վերաբերմունքն այնքան անլուրջ է եղել, որ դատարկ տետրեր են ներկայացրել ոչ միայն աշակերտները, այլեւ՝ ուսուցիչները: Չմոռանանք նշել, որ ստուգատեսի մասնակից դպրոցները ընտրվում են ոչ թե Հայաստանում, այլ Կանադայում: Յուրաքանչյուր երկիր տրամադրում է իր դպրոցների ցանկը(օրինակ, Հայաստանում՝ 1400-ը), եւ նրանցից ընտրվում են որոշները (Հայաստանից՝ 150-ը)՝ այնպես, որ լինեն ե՛ւ հեռավոր գյուղերի, ե՛ւ շատ փոքր, ե՛ւ շատ մեծ դպրոցներ՝ ամբողջ պատկերը պարզ լինելու նպատակով:

Հայաստանը մեծ ցանկություն ունի մասնակցելու նաեւ TIMSS-2011-ին, սակայն կարող են ծագել որոշ ֆինանսական խնդիրներ: Բանն այն է, որ յուրաքանչյուր դասարանի (ասենք՝ 4-րդցիների կամ 8-րդցիների) մասնակցության համար երկիրը որպես անդամավճար պետք է մուծի 20 հազար դոլար՝ գումարած 20 հազար եվրոյի չափ գումար: Մեր երկրից նախորդ երեք դեպքերում՝ TIMSS-2003, TIMSS-2007 եւ խորացված մաթեմատիկայի ու ֆիզիկայի գծով TIMSS-2008-ի համար, գումար չեն վերցրել՝ զեղչել են, սակայն դժվար թե այդպիսի առանձնահատուկ վերաբերմունք լինի նաեւ չորրորդ անգամ: Այնպես որ, եթե մինչեւ 2011-ը չգտնենք համապատասխան ֆինանսավորում, հնարավոր է զրկվենք այս կարեւոր միջոցառմանը մասնակցելուց, իսկ դա նշանակում է պարփակվել մի երկրի ներսում, չհամեմատել եւ չհամադրել մեր կրթական համակարգը այլ երկրների հետ, չունենալ համապատասխան հետազոտություններ եւ վերլուծություններ, որոնք, ի վերջո, կբերեն որակական փոփոխությունների այնքա՜ն կարեւոր կրթական բնագավառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել