Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե պատերս ճերմակեն»

Դեկտեմբեր 26,2008 00:00

Աղասյանների տան պատերը սեւացել են, քանի որ փայտ չունենալու պատճառով հին կոշիկ, հագուստ ու կենցաղային այլ

իրեր են վառում, որ տաքանան: «Իմ բախտից ա, որ ձյուն չի գալիս ու եղանակը դեռ տաք ա: Էս տարի էլ պետք է հին կոշիկ ու ջարդոն վառեմ, որից մեր տան պատերի գույնն ավելի կսեւանա: Հավաքածս ու հարեւանների տված փայտը չի բավականացնի մինչեւ գարուն»,- «Առավոտի» հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Հասմիկ Աղասյանը:

Նա իր 2 անչափահաս դստրերի՝ Անուշի ու Մարիամի հետ ապրում է Մասիսի Գետաշեն գյուղում՝ ՄԱԿ-ի կողմից փախստականների համար կառուցված բնակարաններում: Հասմիկի պատմելով, քանի որ վառելիքը չի բավականացնի մինչեւ գարուն, ընտանիքը ստիպված է լինելու 21-րդ դարում հին կոշիկ, հագուստ ու գոմաղբ վառել՝ ցրտից չսառչելու համար: Ընտանիքի անդամները ոչ մի հույս չունեն, որ գալիք տարում նրանց սոցիալական ծանր պայմաններում ինչ-որ բան կփոխվի: Նրանց 3 փոքր սենյակներից բաղկացած բնակարանն անմխիթար է ու անշուք. տան կահույքն ընդամենը մի սեղան է, հնամաշ մի թախտ ու երկու մահճակալ: Նրանց միակ արժեքավոր իրը փոքրիկ գունավոր հեռուստացույցն է: Հ. Աղասյանի խոսքերով, տան հին կահույքի մի մասն էլ վառել է, երբ ամուսինը ծանր հիվանդ է եղել: Հասմիկը կարոտով է հիշում ամուսնուն. «Էն ժամանակ համարյա ոչ մի բանի կարիք չունեի. ե՛ւ փայտ ունեի, ե՛ւ նորմալ տնային պայմաններ, բայց 5 տարի է՝ ամեն ինչի կարիք ունեմ»: Ծանր է նաեւ Հասմիկի առողջական վիճակը: Նա ի ծնե հաշմանդամ է: Նրա պատմելով, վերջին տարիներին էլ ձեռքի ցավը ավելացել է. «Տան տղամարդու եւ կնոջ հոգսերն իմ վրա են, բայց առողջությունս չի հերիքում: Մի ծանր բան վերցնելուց հետո հոգնում եմ, ոչինչ չեմ կարողանում անել: Գիշերը ցավից տանջվում եմ, առավոտն էլի իմ գործին եմ»: Հասմիկի պատմելով, բարեկամներն ու հարազատներն իր մասին բոլորովին չեն հիշում. «Երեւի իմ վատ տեսքի համար ա, որ բարեկամներս ինձ չեն օգնում, երեւի ամաչում են, որ ինձ նման հարազատ ունեն»:

Հ. Աղասյանը գոնե գոհ է, որ երեխաների դասագրքերը դպրոցում անվճար են տալիս ու համագյուղացիներն էլ իրենց հնացած հագուստներն են նվիրում: «Դարդերս շատ են, ուժերս՝ քիչ,- ասում է Հասմիկն ու ավելացնում,- տխուր ա կյանքս, սիրտս ու օրերս սեւ՝ ինչպես տանս պատերի գույնը»: Երկու տարի առաջ քաղաքից ինչ-որ պաշտոնյաներ են եկել ու տեսել են Աղասյանների բնակարանային ծանր պայմանները, սակայն մինչ օրս որեւէ օգնություն չեն ստացել: «Ամեն անգամ երբ մեքենա է գյուղ մտնում՝ մտածում եմ, որ երեւի խոստացած օգնությունն են բերել»,- ասում է Հասմիկը:

Հասմիկ Աղասյանի ընտանիքի բյուջեն նպաստից է գոյանում՝ ամսական 35 հազար դրամ, այն էլ՝ «ամբողջ ամիս խանութից պարտքով ուտելիք եմ բերում, իսկ երբ նպաստը ստանում եմ, պարտքերս փակում եմ»: Հասմիկն ասում է, որ ինքն արդեն համակերպվել է իր դառը ճակատագրին, բայց տխրում է, որ իր աղջիկներն են նման թշվառ պայմաններում մեծանում: 10-ամյա Մարիամն այս տարի Ձմեռ պապից նոր կոշիկ ու վերարկու է խնդրում, իսկ Հասմիկն էլ ուզում է, որ Աստծո հրաշքով իր տան պատերի սեւ գույնը գոնե նոր տարում ճերմակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել