Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Դեկտեմբեր 26,2008 00:00

\"\"Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 50 ընտանիք ապրում է Քասախ գյուղի նախկին գաղութի շենքում՝ անմարդկային ու ծայրահեղ աղքատ պայմաններում:

\"\"«20 տարի առաջ Ադրբեջանից փախել ենք ու մինչ օրս էս գաղութի խցերում ենք ապրում, խոնավության եւ կռիսների մեջ: Այստեղ մեր երեխեքն են մեծանում: Էլ ոչ առողջություն ունենք, ոչ ներվ, ոչ էլ սիրտ: Ոչ մի պաշտոնյա մի օր չեկավ՝ տեսնի ոնց ենք ապրում: Ամեն անգամ միայն սուտ խոստումներ են տալիս, իբր մեր տառապանքներին շուտով վերջ կլինի: Մի օր թող գան տեսնեն մեր պայմանները, տեսնենք իրենք կուզեի՞ն իրենց երեխաներն այսպիսի պայմաններում մեծանային»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին Վահագնի թաղամասի մոտ գտնվող Քասախ գյուղում բնակվող մի խումբ փախստականներ: Այս ընտանիքները 1988-ին Հայաստան են գաղթել Բաքվից եւ Սումգայիթից: Նրանց, որպես ժամանակավոր կացարան, տեղավորել են Քասախ գյուղի նախկին գաղութի շենքում: Բնակիչների պատմելով՝ ով հնարավորություն է ունեցել՝ լքել է այդ «բարաքները», ով էլ ոչ՝ ստիպված հարմարվել է այդ պայմաններին: Այժմ այդտեղ բնակվում է մոտ 50 ընտանիք: Մեզ հետ զրույցում որոշ բնակիչներ կեսկատակ-կեսլուրջ ասացին. «Մինչեւ հիմա շենքի հետեւում փշալարեր կան, չգիտենք՝ բռնագաղթվա՞ծ ենք, թե՞ բռնադատված»:

Վլադիմիր Ավանեսյանի ընտանիքը 1 տարում 2 արհավիրք է ապրել. 4 երեխաների եւ կնոջ հետ 20 տարի առաջ Բաքվից մի կերպ փրկվելով՝ տեղափոխվել է Վանաձոր, սակայն 88-ի երկրաշարժի ժամանակ 7 տարեկան որդուն կորցրել է: Հենց այդ տարի էլ ամբողջ ընտանիքին տեղավորել են Քասախի բնակելի շենքերից մեկի նկուղում: Ճիշտ է, մի կերպ սենյակ են պատրաստել, առաջին անհրաժեշտության պարագաներ տեղադրել, սակայն ամառ-ձմեռ արեւի երես չեն տեսնում: Մոտ 2 տարի առաջ, կառավարության որոշմամբ, այս ընտանիքին բնակարան գնելու սետիֆիկատ է տրվել: «$11 հազարով ես ի՞նչ կարող էի գնել: Մի նորմալ աշխատանք էլ չունենք, որ կարողանայինք վարկ վերցնել, ավելացնել ու բնակարան գնել»,- ասաց Վ. Ավանեսյանը: Բնակիչները վստահեցնում էին, որ այդ սերտիֆիկատի գնով հնարավոր է միայն գոմ գնել:

Ռաիսա Առուստամյանն էլ Սումգայիթից տեղափոխվել է Սպիտակ: Նրա տունն էլ երկրաշարժից ամբողջությամբ փլվել է: Մյուս փախստականների նման, նրա ընտանիքին էլ ժամանակին տեղափոխել են գաղութի շենք. «Էլ հնարավոր չէ այսպես ապրել: 9 հոգանոց ընտանիքը 2 պուճուր խցում է ապրում: Թոռս ուզում է ամուսնանա, բայց որ տուն չունենք՝ հարս չենք բերում: Սերտիֆիկատ տվին՝ $7 հազար, դրանով ի՞նչ առնես: Դե որ էդպես են հաշվարկել, թող իրենք էլ էդ տունն առնեն ու մեզ տան: Կամ էլ էդքան բարեգործներ կան՝ «ՎիվաՍելը», Գագիկ Ծառուկյանը, խնդրում ենք իրենց՝ թող էդ սերտիֆիկատների գումարին մի քիչ էլ իրենք ավելացնեն ու մեզ համար տուն առնեն»: Այստեղ բնակվող բոլոր փախստական ընտանիքները ԲԳՎ-ներից հրաժարվել են: Ռոզա Ադամյանի պատմելով՝ խոստացել էին գյուղապետարանի հարեւանությամբ գտնվող ազատ շենքը վերանորոգել եւ իրենց այնտեղ բնակեցնել. «Էդ խոստումն էլ մնաց օդում: Մեր մասին ոչ ոք չի մտածում: Ամոթ էլ է, մեզ բոլորը մատնանշում են, ասենք՝ գաղութի Ռոզա: Նույն ձեւով էլ մեր երեխաներին: Եթե պաշտոնյաները մտքներին դնեն՝ ազատ շենքեր կան մեզ մոտ, գոնե մեզ հատկացվելիք գումարով կնորոգեն ու կտան»: Հայկանուշ Ղազարյանն էլ դժգոհում էր, որ խոնավությունից հոդացավ ունի: Առհասարակ, մեզ հետ զրուցած բոլոր բնակիչներն էլ վատառողջ էին: Նրանց խոսքերով՝ «բոլորս «ռադիկուլիտ» ունենք»:

Այս առնչությամբ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը «Առավոտին» պարզաբանեց. «Քասախի դեպքը եզակի չէ: Այսօր 350 ընտանիք կա, որ չի կարողացել իրացնել ԲԳՎ-ն: Այդ 350 ընտանիքները մնում են ԲԳՎ-ծրագրի շահառուներ: Կառավարությունն ամեն տարի որոշում է, թե ում է ընդգրկելու այդ տարվա ծրագրում: Ես չեմ կարող ասել, թե Քասախն ու մյուս ընտանքիները երբ կընդգրկվեն: Ծրագրի ընդհանուր արժեքը 14 միլիարդ դրամ է: Այս տարի բյուջեով տրամադրվել է 815 միլիոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել