Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ ԹՈԴԻԿՈՎ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Դեկտեմբեր 26,2008 00:00

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարեց, որ 2008-ին ՕԵԿ-ն անցավ փորձությունների ճանապարհով: Որպես «փորձություն»՝ նշվեց նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով ՕԵԿ-ի մասնակցությունը. «2008-ը մեր քաղաքական թիմի համար ավարտվեց դրական առումով, որ մենք մաս կազմեցինք կոալիցիային, եւ կարող ենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը, որ ընկած էին ՕԵԿ-ի եւ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերում»: ՕԵԿ փոխնախագահը երեկ «Ուրբաթ» ակումբում ցնցող հայտարարություն արեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում եթե անգամ Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, ապա մեծ ողբերգություն չի պատահի: Լրագրողի հարցին՝ պատգամավորին չի՞ անհանգստացնում, որ ԵԽԽՎ-ում շուտով Հայաստանը կպատժվի, ի վերջո, ճիշտ չի՞ լինի ազատ արձակել ազատազրկված ընդդիմադիր գործիչներին, տիկին Բիշարյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում պատիժ, ոչ մի պետության դեռեւս չեն պատժել, ոչ մի պետություն ոչ մի պետության համար դատավոր չէ: Եվ այստեղ պետք չի կոշտ գնահատականներ տալ: Հիմա գործընթաց է գնում, դատական պրոցեսներ են գնում, դատական մարմինները պետք է որոշեն, ի վերջո, ով է պատժելի, հանցագործության ինչ աստիճան է եւ ով ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Ես համաձայն եմ, երեւի դուք նկատի ունեք, որ մոնիտորինգի անդամները փորձել են ասել, որ կզրկեն Հայաստանին ձայնի իրավունքից, բայց ասեմ՝ կան այնպիսի պետություններ, որ ավելի վատ իրավիճակում են իրավունքի ոտնահարման առումով, օրինակ՝ Ադրբեջանը, ինչո՞ւ նրանց չեն զրկում: Այստեղ զրկելու խնդիրը չի, կամ՝ տեր Թոդիկի քաղաքականությունը չի, պետք է սպասել դատական պրոցեսի ավարտին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել