Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐՍՆԱՔԱՐ» ՀԱՄԱԼԻՐԸ ԿՓԱԿՎԻ

Դեկտեմբեր 26,2008 00:00

ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկված հարկային փաթեթները: Մասնավորապես, «Արտոնավճարների մասին» օրենքի նախագիծը ներառող փաթեթին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի 78 պատգամավորները, «Ժառանգությունը» ձեռնպահ էր, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ դեմ: Վերջինս միայնակ դեմ քվեարկեց «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններին, որոնց անգամ ընդդիմադիրներն էին կողմ: Այս փոփոխություններով կառավարությունը մասնավորապես առաջարկում է վերանայել հյուրանոցային համարների եւ գազալցակայանների հարկման կարգը (գազալցակայանների հարկման համար հաշվարկելու է ընկերության կողմից ստացված, այլ ոչ թե վաճառված գազի ծավալը), բարձրացնել խաղասեղանների եւ խաղային ավտոմատների հարկման դրույքաչափերը:

ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն իր խմբակցության այլ անդամների պես կողմ էր քվեարկել այս փոփոխությանը, որով որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսություններին հնարավորություն է տրվում այդ հյուրանոցներում առկա հանրային սննդի, վարսավիրական ծառայության, ավտոկանգառների, համակարգչային խաղերի, բաղնիքների եւ ցնցուղարանների, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության մասով ընտրելու հաստատագրված վճարով կամ ընդհանուր կարգով հարկման ռեժիմը: Ընդ որում, յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարը նախատեսվում է սահմանել հյուրանոցային տարածքի մակերեսի 1 քառ. մետրի համար 1500 դրամի չափով: Այս փոփոխությունները նախատեսվում է կիրառել 2009թ. հուլիսի 1-ից: Հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանն էլ ունի հյուրանոցային համալիր՝ հետաքրքրվեցինք, թե այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա դրա գործունեության վրա. «Շատ բացասական: Ես Սեւանում ունեմ հյուրանոցային համալիր՝ հաստատ կփակեմ: Ես նաեւ Հանքավանում եմ կառուցում հյուրանոցային համալիր՝ 10 հեկտարի վրա, հիմա կկանգնեցնեմ շինարարությունը, քանի որ անիմաստ է արդեն: Հայաստանում նման եկամուտներ չկան, որ այսպիսի հարկեր վճարես: Բացի դրանից՝ եկամուտները սեզոնային են. Ծաղկաձորի, Սեւանի, Դիլիջանի, Հանքավանի, Ջերմուկի հյուրանոցներն աշխատում են, լավագույն դեպքում, 2,5 ամիս՝ առավելագույնը: Եվ ոչ մեկն էլ չի կարողանա աշխատել այս պայմաններում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել