Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՅԻՆ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 1998-Ը

Դեկտեմբեր 26,2008 00:00

\"\"Հիշեցնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդման, թե մինչ այժմ չէին եղել քաղբանտարկյալներ:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս «Կոմերսանտի» թղթակցի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության վիճակն ընտրություններից մեկ տարուց մի փոքր պակաս ժամանակ անց՝ պատասխանել էր. «Ավելի վատ, քան ընտրություններից առաջ: Հայաստանում երբեք քաղբանտարկյալներ եւ քաղաքական դատավարություններ չեն եղել»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն իհարկե ընդունում է, որ մեր երկրում այժմ կան քաղբանտարկյալներ, սակայն հիշեցնում է, որ քաղաքական դատավարություններ ու քաղբանտարկյալներ եղել են նաեւ մինչեւ 1998 թվականը եւ 1998-ից հետո. «Ես ցավում եմ, բայց ներկա ընդդիմությունը, որ նախկին իշխանությունն է՝ փաստորեն չի ընդունում մինչեւ 1998-ն իրականացված քաղաքական սխալները: Ամեն դեպքում, ցանկանում եմ հիշեցնել, որ տարբեր գնահատականներով՝ Հայաստանի առաջին քաղբանտարկյալը եղել է նախագահի աշխատակազմի աշխատակից Վահան Ավագյանը: Հետագայում ունեցանք նաեւ առաջին վտարանդին՝ Հայաստանից արտաքսված Հրայր Մարուխյանը: Դրան հաջորդեցին ՀՅԴ գործունեության կասեցումը եւ հալածանքները դաշնակցականների հանդեպ, որոնք գագաթնակետին հասան 1995-ի դատավարություններով: Հաջորդը 1996-ի քաղբանտարկյալներն էին: Եվ որպես փաստ՝ հիշեցնեմ, որ այս բոլոր քաղբանտարկյալներից եւ հարյուրավոր հետապնդվողներից չկա եւ ոչ մեկը, որն այն ժամանակ ենթարկված չլինի ծեծի եւ դաժան խոշտանգումների: Այսքանը՝ մինչեւ 1998 թվականը: Ինձ համար զարմանալի է, որ մոռացվել են նաեւ 1998-ից հետո առկա քաղբանտարկյալները: Հիշեցնեմ՝ Աշոտ Բլեյանն էր ճանաչվել քաղբանտարկյալ, հետո՝ 2002 թվականին Պետրոս Մակեյանը: Իսկ 2003-2004 թվականների ժողովրդավարական ալիքի հետ կապված բազմաթիվ բռնություններ իրականացվեցին, վարչական կալանքներ ու քրեական հետապնդումներ, որոնցից շատերի վերաբերյալ այսօր կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: Այսինքն՝ փաստվել է, որ նրանք էլ էին քաղբանտարկյալներ: Կարելի՞ է արդյոք ասել, որ Պարգեւ Օհանյանը 2004-ին ճիշտ վճիռ էր կայացրել Էդգար Առաքելյանի նկատմամբ: Սա նշանակո՞ւմ է, որ քաղբանտարկյալներ չէին Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը, «կեղտոտ փողեր» լվալու համար մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանը եւ Արման Բաբաջանյանը: Ու երբ Տիգրան Հակոբյանը գրում էր, թե Ժիրայր Սեֆիլյանը քրեական հանցագործ է՝ այս պնդմամբ հաստատվո՞ւմ է այդ կարծիքը: Մինչ այժմ եղած քաղաքական դատավարությունները ժխտելու վերաբերյալ այդ պնդումից արդյոք նաեւ բխո՞ւմ է, թե Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չէ, որ իրականացվում էր»:

Դառնանք այժմ իրականացվող խոշտանգումներին: Ավետիք Իշխանյանը, որպես արդարադատության նախարարության հասարակական վերահսկողության խմբի անդամ, դեկտեմբերի 24-ին այցելել է Գրիգոր Ոսկերչյանին՝ նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ. «Մենք խոսել ենք նրա հետ: Երբ մտել են խուզարկության նրա խուց, ըստ Ոսկերչյանի պատմածի, եւ ես հիմք չունեմ նրան չհավատալու՝ խուզարկությունից հետո հարցրել են, թե ո՞ր հոդվածով է, նա պատասխանել է՝ 300-ով, մարտի 1-ի դեպքերով: Եվ նրան հարցրել են՝ մեր տղաներին դո՞ւ ես խփել, ու ապտակել են: Դրանից հետո, ըստ Ոսկերչյանի պատմածի՝ ինքը ձեռքը բարձրացրել է պաշտպանվելու նպատակով, եւ այդ ժամանակ մի հատ էլ հարված ստացել է ոտքին»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը նաեւ ասաց. «Հատուկ ջոկատը, որն ուղղակիորեն ենթարկվում է քրեակատարողական վարչությանը՝ ժամանակ առ ժամանակ իրականացնում է հատուկ միջոցառում՝ խուզարկություն քրեակատարողական հիմնարկներում: Եվ հաճախ նման «ռեյդերն» ուղեկցվում են բռնություններով, ու երբեմն մեզ դրանց մասին հայտնի է դառնում: Սա նման հերթական ռեյդերից էր, որի ժամանակ խցերից մեկում բավականին լուրջ դեպքեր են կատարվել, եւ դրանց մասին մենք նշել ենք զեկույցում»: Հրաժարվեց առավել մանրամասն խոսել այդ մասին, քանի որ վերահսկող խումբը նախ պետք է զեկույցն ուղարկի նախարարություն եւ դրանից միայն 3 օր անց իրավունք ունի հրապարակել այն. «Մեր զեկույցն ուղարկել ենք դեկտեմբերի 25-ին»: Մեր հարցին՝ այդ «լուրջ դեպքերը» կատարվել են Գրիգոր Ոսկերչյանի՞ խցում, պրն Իշխանյանը պատասխանեց բացասաբար:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նաեւ պատասխանատուն է հավաքների ազատության վերաբերյալ մոնիտորինգի, որն անցկացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ՝: «Այդ մոնիտորինգը սկսել ենք սեպտեմբերի վերջից,- ասաց Ավետիք Իշխանյանը:- Ըստ պայմանավորվածության՝ դրա արդյունքներն առայժմ խորհրդապահական են: Զեկույցը ներկայացվելու է ապրիլին, եւ այնտեղ մանրամասն կներկայացվի, թե քանի արտոնված կամ չարտոնված հավաք է անցկացվել, որքանով է արդարացված եղել հավաքները չարտոնելը, ինչպիսին է եղել բողոքարկման կարգը: Ու նաեւ, թե ինչպիսին է եղել իշխանությունների պահվածքը՝ ուժ կիրառելու համաչափությունը եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել