Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ

Դեկտեմբեր 26,2008 00:00

\"\"Թե ընդդիմադիրների, թե իշխանամետների համար

Ինչպես եւ սպասվում էր՝ «7-ի» դատավարությունը արագորեն սկսվեց վերածվել ֆարսի: Կտրուկ փոփոխությունները եւ անակնկալ ընթացքը ակնհայտ դարձան դատավարության արդեն իսկ երկրորդ օրը: Այս կարծիքին է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Առաջին նիստին մթնոլորտն ի նպաստ իրենց չէր: Ակնհայտ էր մեր ընկերների վճռական եւ քաջ կեցվածքը. դա ունենում է այն մարդը, ով ի սկզբանե գիտի, որ ինքը մեղք չի գործել: Դա բավականին լուրջ անդրադառնում էր դատավորների վրա, եւ նրանք ջղաձգումների մեջ էին ընկնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ երկրորդ դատական նիստին, մեր զրուցակցի կարծիքով, նախապես նախապատրաստված էր իշխանության կողմից. «Ոսկերչյանի նման մարդու նկատմամբ նման ոտնձգություն, նման բռնություն իրականացնելը միայն ամենավերջին ֆաշիստը կարող էր անել, ես նույնիսկ չգիտեմ, թե դրան ինչ գնահատական տամ: Նախորդ օրն էլ իրենք դահլիճը յուրայիններով լցնելով, կալանավորվածների հարազատներին ներս չթողնելով, սադրանքներ անելով, լարված, բախումային իրավիճակ ստեղծելով՝ փորձել էին ստեղծել մի մթնոլորտ, որտեղ իրենք պետք է լինեին դրության տերը: Այդ մարդիկ, որ կոչվում են իշխանություն, առ այսօր փորձում են բոլորին ապացուցել, որ դրության տերն են: Մինչդեռ իրականում դրության տերը ապացուցելու որեւէ խնդիր երբեք չի ունենում, դա ակնհայտ է լինում»: Այս ամենում Լյուդմիլա Սարգսյանը ցավալին համարում է այն, որ՝ «նրանք մտածելու փոխարեն՝ ինչպե՞ս անել, որպեսզի այդ մարդկանց ազատ արձակեն», էլ ավելի են սրում հարաբերությունները: Մինչդեռ՝ «Արդեն շատ մոտ է հունվարը. ԵԽԽՎ-ն չի ներելու Հայաստանի իշխանություններին այս պահվածքը, նոր բռնությունները եւ շարունակվող ֆարսը»: Իշխանության այս կեցվածքը տիկին Սարգսյանի բնութագրմամբ՝ «Հիստերիկ ջղաձգությունների վերջին շրջանն է, երբ արդեն չեն էլ գիտակցում, թե ինչ ձեւով կարող են պահել իշխանությունը: Դժբախտաբար, այս ամենն անմիջականորեն անդրադառնալու է մեր երկրի եւ ժողովրդի վրա, որովհետեւ պատժամիջոցները անմիջապես մենք ենք կրելու մեզ վրա եւ մեր երկրի վարկն է ընկնելու: Հետեւաբար, դա եւս մեկ հանցագործություն է ժողովրդի ու երկրի նկատմամբ»: Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ իր նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ «ոչ մի խելամիտ քայլ չկատարեց, որպեսզի հասարակության, ընդդիմության եւ իշխանությունների միջեւ կարողանա որոշակի փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել, գոնե մի փոքր հանդարտեցնել քաղաքական դաշտում առկա լարվածությունը»:

Նախորդ օրը դատարանում կազմակերպված ներկայացումը, տիկին Սարգսյանի համոզմամբ, ապացուցում է, որ «այս իշխանությունը բացարձակ զուրկ է իմաստնությունից, վճռական քաղաքական որոշումներ կայացնելուց եւ անգամ երկրի վարկին սպառնացող ակնհայտ վտանգի պարագայում մտածում է միայն սեփական իշխանությունը մի կերպ ձգձգելու մասին: Դա իրենց չի ներվելու»,- վերջում սպառնաց մեր զրուցակիցը:

ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն էլ դժվարանում է պատկերացնել, որ այդ դատավարությունը կարող է առողջ լինել որեւէ պարագայում, քանի որ կրքերը բավականին բորբոքված են: Խնդիրն, ըստ նրա, հետեւյալն է. «Կարելի էր, նույնիսկ պետք էր օգտագործել բոլոր հնարավորությունները եւ անհարթությունները, որոնք կարող են բերել ԵԽԽՎ ոչ հայանպաստ բանաձեւերին, չեզոքացնել: Այս հնարավորությունները ունեինք՝ ես նկատի ունեմ եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից: Բայց եթե ընդդիմության վարքագիծը հասկանալի է, ապա իշխանությունը պիտի ամեն ինչ աներ, որպեսզի նման վտանգներ եւ սպառնալիքներ չձեւավորվեին: Սակայն դեռեւս ուշ չէ: Կարծում եմ, բոլորս ենք հասկանում, որ մարտի 1-ի իրական պատկերը՝ եւ պատասխանատուների, եւ գործընթացների առումով, որքան պարզ ու հասկանալի լինի հանրության համար, այնքան հետագա զարգացումներն ավելի վստահություն կներշնչեն, այնուհանդերձ, այդ ֆոնին նույնպես հարկավոր էր առավելագույնս մեղմել հանրային լարվածությունը: Այսօր խոսում են համաներման մասին. այդ գաղափարը կարելի էր վաղուց օգտագործել: Այն կարող էր դառնալ նաեւ երկխոսության հիմք կամ գոնե քիչ թե շատ կանխատեսելի զարգացումների առարկա եւ օգտակար կլիներ բոլորի համար»: Խոսրով Հարությունյանը համոզված է, որ «Մարտի 1»-ի գործով ընթացող դատավարությունների նույնիսկ անթերի արդյունքները ամեն դեպքում հարցեր են առաջացնելու, քանի որ դրանք ավելի շատ քաղաքական շահարկումների եւ մեկնաբանությունների առարկա են, քան իրավական: Այս իսկ պատճառով՝ «Ինչքան կարողանայինք իրավիճակը եւ հանրությանը զերծ պահել ավելորդ լարվածություններից, այնքան բոլորս շահած դուրս կգայինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել