«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը երգիչ Ռազմիկ Ամյանն էր: Նա ներկայացրեց իր «Երկար եմ սպասել» ձայնասկավառակը, որտեղ զետեղված է 16 երգ: Երգիչը համագործակցել է Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի, Վահրամ Պետրոսյանի, Ռոմանոս Ռոստոմյանի, Հայկոյի եւ Արման Ղազարյանի հետ: Նրա խոսքերով՝ 2008-ն իր համար բուռն ստեղծագործական տարի էր: Նա համերգներով հանդես է եկել եվրոպական քաղաքներում, մասնակցել ԵԽ մշակույթի հանձնաժողովի կազմակերպած համերգներին՝ նվիրված հայերի ու հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռազմիկը դասական ստեղծագործությունների կատարումով հանդես է եկել Փարիզի Մոն Սեն Միշել եկեղեցում, օգոստոսին Սոչիում մասնակցել է «Հինգ աստղ» միջազգային երաժշտական մրցույթին, արժանացել առաջին մրցանակի: Նա տարվա ընթացքում նկարահանել է 6 տեսահոլովակ, որոնցից վերջինը՝ Մանե Հակոբյանի «Ո՞ւր են» երգի հիման վրա նկարահանածն է, որն էլ շուտով կհայտնվի հեռուստաէկրաններին: Ռիչարդ Մադլենյանը, բնութագրելով Ռ. Ամյանին, ասաց, որ նա հայկական շոու-բիզնեսում մրցակից չունի. «Իհարկե, մենք շատ լավ երգիչներ ունենք, բայց ես ինքս, Ռազմիկի հետ սովորելով կոնսերվատորիայում, գիտեմ, թե նա դասական ինչ «շկոլա» է անցել եւ ինչպիսի վոկալ հնարավորություններ ունի: Ցանկացած երգ, որը Ռազն է կատարում՝ հաջողված է եւ ունի ճիշտ մեկնաբանություն»:
«Առավոտը» Ռ. Ամյանին հարցրեց, թե ինչո՞ւ չի մասնակցելու «Եվրատեսիլի» նախընտրական փուլին, իր ուժերի վրա վստա՞հ չէ, թե՞ կան խանգարող հանգամանքներ: «Ես իմ ուժերի վրա վստահ եմ, պարզապես հարցն այն է, որ եթե մասնակցեմ՝ պիտի ունենամ նոր երգ, որը պիտի համապատասխանի չափանիշներին: Մի քիչ էլ մտավախություն կա մրցույթից հետո ամեն ինչ կորցնելու… Չեմպիոնի կարգավիճակում հեռանալը շատ ավելի լավ է, եւ հետո ինձ մի քիչ հանգստանալ է պետք»,- ասաց երգիչը: Իսկ թե ում է «Եվրատեսիլին» արժանի մասնակից համարում, Ռ. Ամյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ Մհերը կարող է Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնել կամ էլ Ինգա եւ Անուշ Արշակյանները»:
Երգիչը նաեւ տեղեկացրեց, որ շուտով հանրության դատին կհանձնվի մի դուետ, դասական ոճում՝ իր եւ կնոջ՝ Լիլյա Գրիգորյանի կատարմամբ. «Կարծում եմ՝ շատ դուր կգա, ու ոչ թե նրա համար, որ կինս է երգում, չնայած նա իսկապես լուրջ երգչուհի է: Ժամանակին միասին համերգներ ենք ունեցել Ղարաբաղում»:
Երգիչը նաեւ հավելեց, որ ապրիլին եկեղեցիներում համերգներ են տեղի ունենալու՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. «Ոչ միայն Երեւանում, այլեւ Ղարաբաղի Ղազանչեցոց եկեղեցում համերգ կլինի: Հայաստանից կմասնակցենք ես ու քամանչահար վարպետ Գագիկը, մնացած երաժիշտները դրսից են հրավիրվելու: Նույն ծրագրով Բարսելոնում եւ Երուսաղեմում էլ եմ համերգներ ունեցել, որտեղ ներկայացել եմ նաեւ Ջիվանու «Անին քանդողի տունը քանդվի» երգով»: