Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՍՏՂԵՐԸ՝ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ

Դեկտեմբեր 25,2008 00:00

\"\"Դեկտեմբերի 27-28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ հանդիսատեսն ականատես է լինելու օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, լեգենդար Եվգենի Պլյուշչենկոյի եւ հանրահայտ ջութակահար Էդվին Մարտոնի մասնակցությամբ «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» սառցե շոուին, որին մասնակցելու են նաեւ գեղասահքի նման բարդ մարզաձեւի համաշխարհային մեծության գերաստղեր:

Այս եզակի իրադարձությունը, որի մասին ե րազում են շատ երկրներ, այն էլ՝ Ամանորի նախաշեմին, կազմակերպել են ԲԱՄՕ ընկերությունը եւ նրա ներդրումների շնորհիվ հիմնանորոգված եւ արդեն համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող մարզահամերգային համալիրը:

20-րդ դարի մեծագույն գեղասահորդ Պլյուշչենկոյի անունն արդեն ամեն ինչ ասում է: Սակայն իսկապես աննախադեպ շոուի կազմակերպիչները մեզ տրամադրել են նաեւ մյուս մասնակիցների մասին լրացուցիչ տեղեկություններ, որոնցից մի քանիսը, կարծում ենք, անպայման կհետաքրքրեն գեղասահքի հայ սիրահարներին:

Էդվին Մարտոն. Ջութակահար, ջութակահարների համաշխարհային մրցույթի հաղթող, մարզաշխարհի լավագույն երաժշտության համար հեղինակավոր Էմմի-ի մրցանակակիր: Մարտոնը նվագում է մեծագույն վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին պատրաստած ջութակով: Շոուի ընթացքում հնչելու են դասական կոմպոզիտորների՝ Մարտոնի մշակմամբ, ինչպես նաեւ նրա հեղինակային ստեղծագործություններ:

Վիկտոր Պետրենկո. Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Մասնակցում է միայն աշխարհի տարբեր ծագերում անցկացվող շքեղ սառցաշոուներին եւ ամեն անգամ ձգտում ներկայացնել նոր կատարում:

Սերգեյ Յակիմենկո. Բարձրակարգ ակրոբատ է: Բայց իսկական ճանաչման արժանացել է չմուշկներով մրցելույթների շնորհիվ: Նա ոչ միայն սառցի վրա ակրոբատիկ անսովոր հնարքներ է կատարում, այլեւ սահադաշտի օգտագործման նոր հնարավորություններ է բացահայտում եւ ստիպում նորովի նայել գեղասահք մարզաձեւին:

Սուրիա Բոնալի. Ֆրանսիան ներկայացնող այս սեւամորթ արտասովոր գեղեցկուհին հանդիսականի սերը նվաճել է ոչ միայն իր անձնական հմայքով, այլեւ գեղասահքի բարդագույն եւ համարձակ տարրերի կատարմամբ: Նա միակն է աշխարհում, որ անթաքույց թեթեւությամբ չմուշկներով սալտոներ է կատարում սառույցի վրա:

Սիլվիա Ֆոնտանա. Փայլուն, յուրօրինակ ու գայթակղիչ գեղասահորդուհի: Իտալիայի եռակի չեմպիոնուհու սահքն Իտալիայում մարզական տաղանդի, հաղթանակի կամքի եւ գեղեցկության մարմնացումն է:

Նաոմի Լանգ-Պյոտր Չեռնիշով. Չնայած Նաոմին բնիկ հնդիկ է, իսկ Պյոտրը՝ ռուս, նրանք հիանալիորեն լրացնում են միմյանց: Նրանց համատեղ սահքը անասելի գեղեցիկ է եւ ներդաշնակ:

Յուլյա Օբերտաս-Սերգեյ Սլավնով. Աշխարհում առաջատար գեղասահքի ռուսական դպրոցի վառ աստղերից են: Յուլյայի փխրունությունը եւ Սերգեյի առնականությունը սառցի վրա լիովին ներդաշնակվում են: Նրանց ելույթում անզուսպ կրակ ու կիրք կա: Այս զույգը Եվրոպայի 2005 թվականի առաջնության արծաթե մեդալակիրն է:

Եկատերինա եւ Ալեքսանդր Չեսնա. Այս երկյակը «Extrim Ise 2006» էքստրեմալ առաջնության աշխարհի մրցանակակիրն է, եւ կատարում է անգամ կյանքի համար վտանգ ներկայացնող բարդագույն տարրեր, նրանց «Թռիչք» համարը շոուի լիրիկական կիզակետն է:

Իրինա Կազակովա. Գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի առաջնության մրցանակակիրը, բնականաբար, հմայիչ է: Նրա պատրաստվածության աստիճանը, գեղեցիկ մարմնի ճկունությունը եւ նրբագեղությունը անտարբեր չեն թողնում ոչ ոքի:

Լյայսան Ուտյաշեւա. Երիտասարդ գեղարվեստական մարմնամարզուհի է, բայց արդեն հասել է այն ամենին, ինչի մասին երազում են շատերը: Ավելի քան 20 միջազգային մրցումների ոսկե մեդալակիր է: Անձնական մեծ ներդրում ունի գեղարվեստական մարմնամարզության զարգացման գործում, որտեղ չորս տարրեր կոչվել են նրա անունով: Հաջողությամբ վարում է հեռուստածրագրեր:

Ելենա Բերեժնայա-Ջոն Ցիմմերման. Աշխարհում ամենից ավելի սիրված զույգերից է: Լենան իր նախկին զուգընկեր Անտոն Սիխարուլիձեի հետ միասին գեղասահքում դժվար ճանապարհ է անցել: Նա ծանր վնասվածքից հետո համառ մարզումների շնորհիվ Անտոնի հետ միասին Սոլթ Լեյք Սիթիում նվաճեց օլիմպիական «ոսկին»: Մարզական բարձրագույն պարգեւից հետո նրանք ավարտեցին իրենց կարիերան սիրողական սպորտում: Այժմ Լենան իր նոր զուգընկերոջ հետ, որը ԱՄՆ-ի եռակի չեմպիոն է, հանդես է գալիս շոու ծրագրերում:

Նորա Հոֆֆման-Մաքսիմ Զավոզին. Այս զույգը բոլորովին վերջերս է ձեւավորվել: Նորան Հունգարիայի հնգակի չեմպիոնուհի է, Մաքսիմը՝ աշխարհի պատանիների չեմպիոն: Սա այս շոուի միակ զույգն է, որ պատրաստվում է մասնակցել 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական խաղերին եւ մեդալ նվաճել;

Հակոբ Մանուկյան-Արմեն Սահակյան. Սա գեղասահքի ակրոբատների յուրօրինակ զույգ է: Հակոբ Մանուկյանը գեղասահքի պատմության մեջ մտավ՝ առաջին անգամ զույգ կազմելով տղամարդու հետ: Այդ մուտքից հետո գեղասահքի պատմության մեջ նոր էջ գրվեց, որ ներառում է վառ, երգիծական եւ ակրոբատիկ հնարքներ՝ երկու ուժեղ տղամարդկանց կատարմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել