Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԲՈՒԴԸ ՔԻՉ ԿԼԻՆԻ

Դեկտեմբեր 25,2008 00:00

Որոշ ԱԺ պատգամավորներ նախընտրում են Ամանորը դիմավորել ընտանեկան միջավայրում

Շուտով հրաժեշտ կտանք ոսկեդրամ սիրող Մկանը եւ կդիմավորենք տաքարյուն Ցլին՝ մուտք կգործենք 2009 թվական: «Առավոտը» հարցախույզ կատարեց ԱԺ պատգամավորների շրջանում, պարզելու՝ նրանք ինչպե՞ս են դիմավորելու Նոր տարին: Հասարակության մեջ ձեւավորված է այն կարծիքը, թե պատգամավորները Նոր տարին դիմավորում են «արտասահմաններում» կամ էլ ծաղկաձորյան համապատասխան «օբյեկտներում», մեր հարցախույզը, սակայն, պարզեց, որ նրանց մեծամասնությունը գերադասում է տոնն անցկացնել տանը:

Օրինակ՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց. «Ամանորի հետ կապված ունեմ կարծրացած ավանդական մոտեցումներ: Դա եզակի տոներից է, որ պահպանում է իր ընտանեկան երանգը: Անկախ նորամուծություններից, միշտ գերադասում եմ այն նշել մեծ եւ փոքր ընտանիքներիս հետ, քանի որ ապրում եմ եղբորս, քրոջս եւ ծնողներիս հետ: Միայն 2000-ին եմ Ամանորը դիմավորել միջնադարյան մի ամրոցում, այն էլ նրա համար, որ այդ տարի սովորում էի ֆրանսիական համալսարաններից մեկում»: Հետաքրքրվեցինք՝ ընտանեկան հատուկ ավանդույթներ ունե՞ն: Ա. Աշոտյանը պատասխանեց. «Եղբայրս շեֆ խոհարար է եւ ամեն տարի մի նոր բան է հորինում: Հայրենադարձների սերնդից ենք, ուստի մեր տանը այդպիսի ճաշատեսակների մշակույթն արմատավորված է»: Հարցրինք՝ Ամանորի սեղանին խոզի բուդ լինելո՞ւ է: Պատգամավորը պատասխանեց. «Լինելու է, այն էլ մեկից ավելի: Քանի որ մեր հյուրերը շատ են լինում, մեկ բուդը չի հերիքում, դրա համար էլ միշտ պահեստային կիսաֆաբրիկատ է պահվում»: Ա. Աշոտյանը գալիք տարուց այսպիսի սպասելիքներ ունի. «Ուրախացնելու եմ որդուս, որը դեռ տառերը լավ չի ճանաչում: Ամեն ինչ անելու եմ, որ նրա համար լավ մթնոլորտ ստեղծեմ»: Հետաքրքրվեցինք՝ Ա. Աշոտյանը երբեւէ հայտնվե՞լ է Ձմեռ պապիկի դերում: «Նման առաջարկ չեմ ստացել եւ չեմ էլ ստանալու»,- պատասխանեց զրուցակիցս եւ բարեմաղթեց մեր հայրենակիցներին. «Ընտանեկան անդորր, ամուր առողջություն, անձնական երջանկություն եմ ցանկանում, եւ որ Աստված շատ չհամարի այն՝ ինչ ունենք: Սկսենք գնահատել մեր ունեցածը հենց այս պահից»:

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ Ամանորի հետ այսպիսի հույսեր է կապում. «Նոր տարին դադարի այն պահն է, երբ ես կարողանում եմ ժամանակ գտնել եւ կարդալ բոլոր այն գրքերը, որոնք տարվա ընթացքում կուտակել եմ: Ինձ համար ընթերցանության ժամանակացույց եմ մշակելու: Այս տարի կկարդամ Ռոբերտ Դաֆլի «Ժողովրդավարության սահմանները եւ հնարավորությունները», Էլվին Թոֆլերի «Գիտելիքն ու իշխանությունը տեղեկատվական հասարակության մեջ», կին գործիչների համար շատ կարեւոր՝ «Հմայելու 24 օրենք՝ իշխանության հասնելու համար» գրքերը: Նոր տարին սիրում եմ տանն անցկացնել, իսկ մեզ մոտ սովորաբար շատ աղմուկ չի լինում: Ես այցելում եմ միայն քույրերիս տուն»:

Հետաքրքրվեցինք՝ խոհարարական պատրաստություններ տեսնու՞մ է. «Քանի որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ամուսնացել եմ, ստիպված եմ եղել խորանալ խոհարարության մեջ: Հիմա շատ ժամանակ չեմ ունենում, հիմնականում մայրս է դրանով զբաղվում: Աշխատում եմ պրոտեինից զուրկ սնունդ օգտագործել, քանի որ գիրանալու տեսլականն աչքիս առաջ է: Սիրում եմ անանասով, լիմոնով եւ սեւ ձիթապտղով աղցան, որը հագեցնում է եւ նիհարեցնում: Իսկ խոզի բդի հետ հարաբերություններս լավ չեն: Շատ եմ սիրում ծովային սնունդ, բայց մեզ մոտ դա այնքան թանկ արժե, որ նույնիսկ իր աշխատավարձով ապրող շարքային պատգամավորին հասանելի չէ»: Ն. Զոհրաբյանը 2009-ից այսպիսի խնդրանք ունի. «Մեզ մի քիչ ավելի բարություն, հանդուրժողականություն, համբերություն տա, որ մարտի 1-ի նման ողբերգություններ այլեւս չկրկնվեն»: ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը նախընտրեց կարճ խոսել, ասելով, որ տանն է դիմավորելու Ամանորը եւ հայ ժողովրդին մաղթում է ամենայն բարիք: Իսկ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն այսպես կդիմավորի Ցլի տարին. «Դեկտեմբերի 31-ի երեկոն կանցկացնենք մեր քաղաքական թիմով եւ ընտանիքի անդամներով: Ես միշտ պատրաստում եմ ղափամա, քյուֆթայով եւ սնկով ճաշատեսակ, տարբեր տեսակի տապականեր»:

«Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ միշտ տանն է անցկացնում Նոր տարին, բայց. «Ժամը 22-ից ենք սկսում տոնել Ամանորը: Միշտ աշխատում եմ հետաքրքիր, նոր ճաշատեսակներ պատրաստել: Միս չեմ սիրում, նախընտրում եմ ձկնեղեն: Խուսափում եմ խոզի բդից, ցանկանում եմ հյուրերիս մատուցել հենց նոր պատրաստված ուտեստներ»: Հետադարձ հայացք նետելով 2008-ին՝ Զ. Փոստանջյանն ասաց. «Շատ դժբախտ դեպքեր տեղի ունեցան, հատկապես 10 մարդկանց զոհվելը եւ բանտախցերում որոշ անձանց հանիրավի հայտնվելը: Բայց 2008-ը մեկնարկեց ազատության կոչով, ինչը զգացվում էր Ազատության հրապարակում: Այդ շունչը եւ մեր երկիրը մաքրելու միտումը արդեն շոշափելի է: Ուզում եմ, որ այդ ազատությանը 2009-ին հասնենք հնարավորինս քիչ զոհերի եւ զրկանքների գնով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել