ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելեց «Զատիկ» մանկատուն եւ երեխաներին Նոր տարվա նվերներ մատուցեց:
Քաղցրավենիքից եւ այբբենարաններից բացի, կարեւոր նվերն այն էր, որ Հովիկ Աբրահամյանն իր անձնական միջոցներից մանկատան ողջ բյուջեին՝ (118 միլիոն դրամ) 10%-ի չափով ավելացում խոստացավ: Մանկատան աշխատողները եւ սաները այս տեղեկությունն ընդունեցին ծափերով: Եթե Ազգային ժողովի նախագահն այսպես հուզված այցելի եւս մի քանի մանկատուն եւ ծերանոց, ապա, պետության տված գումարների հետ միասին, այս 10-ական տոկոսները որոշակիորեն կբարելավեն նման կարգի հաստատությունների հույսին ապրողների սոցիալական վիճակը: Մանկատան սաները երգեցին եւ պարեցին ԱԺ նախագահի համար, նա երեխաներին խոստացավ, որ նեղություն չեն ունենալու, իսկ երեխաները նրան ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանին նվիրեցին իրենց ձեռքերով ասեղնագործած «Տերունական աղոթքը»:
ԱԺ նախագահը երեխաներին եւ մանկատան աշխատողներին շնորհավորեց Նոր տարվա առիթով եւ ասաց. «Ես զգում եմ, որ այստեղ երեխաներն իրենց զգում են ինչպես իրենց տանը: Ես ուրախ եմ այս ջերմ մթնոլորտի համար, հաճախակի եմ այցելելու, ուզում եմ երեխաների համար ստեղծել շատ լավ պայմաններ: Ես կուզեի, որ մանկատներում քիչ երեխաներ լինեին, բայց եթե կան, ուրեմն պետք է ապրեն՝ ոնց որ իրենց ընտանիքներում: Իհարկե, պետությունը տարեցտարի ավելացնելու է մանկատների բյուջեն, բայց նաեւ անհատ մարդիկ պետք է իրենց մասնակցությունն ունենան»: ԱԺ նախագահը շոյելով երեխաներից մեկի գլուխը՝ նկատեց. «Տեսեք, ինչ տղա է, ինչ զինվոր է մեծանում»: Տղան զինվորի պես կուրծքը դուրս ցցեց:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում ընտանեկան խնամակալական ծրագրի ներդրման շնորհիվ մանկատներում երեխաների թիվը պակասել է. «Ընդհանուր առմամբ, պետական մանկատներում այսօր խնամվում է շուրջ 800 երեխա, եւ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ վերջին 1-2 տարվա ընթացքում իրականացվող քաղաքականության, նոր մոտեցումների արդյունքում մենք նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մանկատների երեխաների թվաքանակի նվազում ենք արձանագրել, կարծում եմ՝ այս միտումը հետագայում պիտի շարունակվի, խնամակալական ընտանիքի ինստիտուտը իրեն լիովին արդարացրել է եւ պիտի սա շարունակենք»: