Երեկ «Ժեմչուկ» ռեստորանային համալիրում տարվա վերջին ասուլիսն էր հրավիրել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նախարարն ամփոփեց արդարադատական մարմինների աշխատանքները, մասնավորապես՝ դատական համակարգում կատարված եւ սպասվելիք փոփոխությունները, դատական ակտերի հարկադիր ծառայության, քրեակատարողական հիմնարկների, նոտարական գրասենյակների գործունեությունը: Ապա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին. «Շատ հաճախ նկատել եմ, որ մեր աշխատանքը լուսաբանվել է անաչառորեն, բացառությամբ մի շարք դեպքերի, որոնց վրա ես մեծ ուշադրություն չեմ դարձրել, ուղղակի ցավում եմ դրա համար, որովհետեւ ակնհայտ դեպքեր են խեղաթյուրվել: Շնորհակալ եմ, երբ նախարարության շենքի հրդեհի դեպքից հետո, համենայնդեպս, չար վերաբերմունք որեւէ լրատվամիջոցի կողմից չզգացվեց»: Ավելի աշխույժ անցավ նախարարի հարցուպատասխանը, որն ավարտվեց նրանով, որ նախարարը զայրացավ, արագ շնորհավորելով լրագրողներին, հեռացավ՝ չմասնակցելով նրանց պատվին կազմակերպված ֆուրշեթին: Բայց մինչ այդ, անդրադառնալով փորձագիտական եզրակացություններին, նախարարը տեղեկացրեց. «Կոռուպցիոն ռիսկերի հետ կապված եզրակացությունը պետք է տա արդարադատության նախարարությունը: Այս առնչությամբ տարաձայնություններ չեն եղել, մենք ուսումնասիրել ենք արտերկրի փորձը»:
Նախարարը մասնագիտական դատարանների հետ կապված տեղեկացրեց, որ մինչ օրս դրանք են՝ քաղաքացիական եւ քրեական, Հյուսիսային եւ Հարավային, Կենտրոնական, վարչական դատարանները: Նա հայտնեց, որ վերաքննիչ եւ ընդհանուր իրավասության դատարանները գործելու են. «Մասնագիտացված դատարաններին վերապահված գործերը փոխանցվելու են ընդհանուր իրավասության դատարաններին: Ավելացել է վճռաբեկ դատարանի դատավորների թիվը, կվերականգնվի վճռաբեկ դատարանի պալատների թիվը: Որովհետեւ երկար ժամանակ այս պալատները ձեւականորեն էին գործում, բայց նրանք որպես ինքնուրույն դատական ատյաններ՝ չէին կարող գործել»: Նախարարին ակնհայտորեն դուր չեկավ 2 շաբաթ առաջ կատարված դեպքի մասին հարցադրումը: Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանի վարորդը ծեծի էր ենթարկել ոստիկանության մի մայորի (հետաքննիչի), որը հանդգնել էր իր ծառայողական մեքենան կանգնեցնել դատարանի բակում, չարգելված վայրում: Էրեբունու համայնքի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն է միջամտել վեճին, այն հարթվել է, սակայն ոստիկանների մի այլ խումբ մտել է դատարան՝ «ռազբորկան» շարունակելու: Մայորին աստիճանազրկել էին, դատարանի նախագահը հայտարարություն էր տվել կատարվածի մասին, մինչդեռ նրա վարքագծի մասին քննություն չի տարվել: Ի դեպ, դատարան-ոստիկանություն վեճն այս տարի 3-րդն է. դատական կարգադրիչների ինստիտուտին խանդով վերաբերվող ոստիկանները մի այլ «ռազբորկա» էլ արել էին Արարատի մարզի եւ Կենտրոնի դատարաններում:
«Հայկական ժամանակի» հարցն առնչվում էր մագիստրատուրայում սովորող նախարարի որդու «գնած» թանկարժեք ավտոմեքենայի պատմության հետ: Նախարարը հերքեց այդ լուրն, ասելով, որ լրագրողը օգտվել է «վատ հայերենով խոսող» իր մամուլի քարտուղարի պարզաբանումներից, խեղաթյուրել է նրա խոսքը: Ինչ վերաբերում էր «7-ի գործով» կալանավորված Գրիգոր Ոսկերչյանին ծեծված դատարան բերելու եւ «Նուբարաշենի» կալանավայրի նրա ընկերների կողմից այդ փաստը հաստատելու մասին հարցին՝ նախարարը ասաց, որ այդ լուրն արդեն իսկ հերքվել է, ապա լրագրողին կոչ արեց, որ եթե այլ կալանավորներից ստացվել է նման տեղեկություն, որպես վկա հանդես գա: