Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի արժեզրկումն անխուսափելի է

Դեկտեմբեր 25,2008 00:00

Ըստ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ 2009-ի փետրվար-ապրիլ ամիսներին դրամը կարժեզրկվի:

«Երեկ, ինչ որ ես տեսա «7-ի դատավարության» ժամանակ, պարզապես խայտառակություն էր: Այն ծեծը, որ տվել էին Գրիգոր Ոսկերչյանին՝ սարսափելի էր: Ընտրել են գաղափարապես շատ ուժեղ, բայց ֆիզիկապես ամենաթույլ մարդուն, մի քանի հոգով մտել են բանտախուց, մյուսներին այնտեղից հանել եւ ջարդել են Գրիգորին: Ընդ որում, հատուկ կանխամտածված են ընտրել հենց նրան, որովհետեւ գիտեն, որ նա այն մարդը չէ, որը կարող է դուրս գալուց հետո վրեժխնդիր լինել: Սա է իրենց ձեռագիրն ու դեմքը: Զարմացել էի ոստիկանների ցինիկ ու լկտի պահվածքից: Պատկերացրեք, որ ես հիմա ավելի շատ մտածում եմ ոչ թե Գրիգորի, այլ այդ ոստիկանների մասին: Այդ տեսակի մարդկանց մենք ի՞նչ ենք անելու: Ընդ որում, նրանցից ամեն մեկը 120-150 կիլոգրամ քաշ ունի: Ոստիկանը պիտի մի քիչ էլ մարզական տվյալներ ունենա: Մենք ավել քաշ ունենանք՝ ոչինչ, մեր մասնագիտությունը չի պահանջում վազել ընդդիմության հետեւից: Նրանք որեւէ բանի, առավել եւս ռազմական գործողության պիտանի չեն»,- երեկ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Պարոն Բագրատյանն անդրադարձավ նաեւ մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանն ու դրա հետեւանքներին: Նրա խոսքերով՝ ինքը դեռեւս 2 ամիս առաջ է խոսել ճգնաժամի մասին եւ կանխատեսել այն բացասական հետեւանքները, որոնք այսօր արդեն իրականություն են դարձել. «Ես առաջինն էի, որ հոկտեմբերի սկզբին խոսեցի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության եւ հետեւանքների մասին: Ասել էի, որ կտրուկ կկրճատվեն տրանսֆերտները, ինչը կսկսի խնդիր ստեղծել դրամի կայունության համար, ինչն էլ տեղի ունեցավ, եւ այսօր դրամի կայունությունը պահելու համար պետությունը ծախսում է արտարժույթի պահուստները: Ասել էի նաեւ, որ տեղի կունենա շինարարության ծավալների կրճատում եւ կվտանգվի լեռնամետալուրգիական համակարգը: Տեսնում ենք, որ իրար հետեւից կանգնում են հանքավայրերը: Խոսել էի նաեւ, որ ստրատեգիական բանկերը կհայտնվեն ծանր վիճակում, սա դեռ առջեւում է, եւ մենք դրա հետեւանքները դեռ կտեսնենք»: Ըստ Հ. Բագրատյանի, ճգնաժամի հաջորդ փուլը կսկսվի փետրվար-ապրիլ ամիսներին. «Մեր բյուջեի պարագայում անընդհատ չեն կարող ծախսել պետության պահուստները: Հետեւապես՝ կլինի դրամի արժեզրկում, իսկ ստրատեգիական բանկերում սկսված ճգնաժամը կտարածվի նաեւ մյուս բանկերի վրա: Կպարզվի նաեւ, որ եկամուտների առումով բյուջեն մեծ խնդիր ունի: Բյուջետային հիմնարկներում արդեն հանձնարարություն է տրված վճարելու միայն աշխատավարձը, այլ նյութական ծախսեր չեն անում: Ընդհանուր առմամբ, ես չեմ տեսնում այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը ճգնաժամի ավերիչ ալիքը ցրում է»:

Անդրադառնալով Համահայկական բանկի ստեղծման գաղափարին՝ Հ. Բագրատյանն այն միանգամայն անտեղի համարեց. «Միանշանակ բացասական վերաբերմունք ունեմ: Դեմ եմ ընդհանրապես համահայկական արտահայտությանը եւ գտնում եմ, որ այն անտեղի չարաշահվում է: Այդ բանկի ստեղծումը, իհարկե, կհարվածի մյուս բանկերին»:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ բանկում կուտակված գումարները կօգտագործվեն մեծ ծրագրերի, ասենք՝ Իրան-Հայաստան երկաթուղու, կամ նոր ատոմակայանի շինարարության համար, ըստ պարոն Բագրատյանի. «18 տարի առաջ ստեղծվել է Համահայկական հիմնադրամ, ինչո՞ւ այդ հիմնադրամը չի բավարարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել