Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես են եկել երկրորդ համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբին: Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ դեռ նոյեմբերի 20-ին իրենք դատապարտել էին «անկախ այդ մարմնի աշխատանքներին ՀՀ նախագահի աշխատակազմի միջամտությունը, մասնավորապես՝ հակառակ Խմբի կայացրած որոշման՝ նրան ԱԺ շենքում աշխատելու պարտադրանքը»՝ մտահոգություն ունենալով, որ «ԱԺ շենքում ապահովված չեն վկաների ինքնության չբացահայտման, վկաներին եւ փորձագետներին տարատեսակ ազդեցություններից զերծ պահելու պայմանները։ Նախապես մեզ դիմած բազմաթիվ վկաներ, անվստահություն ունենալով ոչ թե Փաստահավաք խմբի, այլ նրա աշխատավայրի նկատմամբ, հրաժարվում են տեղեկատվություն եւ վկայություն տրամադրելուց՝ զգուշանալով բացահայտվելու ու հետապնդումների ենթարկվելու հեռանկարից»։ Համարելով, որ իրենց այդ պահանջը այլեւս հիմնավորված է եւ մտահոգություններն էլ արդարացված, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» շարունակում են պնդել մեկ ամիս առաջվա իրենց պահանջը՝ «Փաստահավաք խմբին այլ, չեզոք մի տեղում աշխատավայր տրամադրելու մասին»։ Հայտարարության հեղինակները միաժամանակ պահանջում եւ հրատապ են համարում եւս մեկ՝ «արդեն հասունացած խնդրի լուծումը»։ Հաշվի առնելով, որ Խմբի անդամները գործունեության մեկ ամսվա ընթացքում կուտակել են «մեծաքանակ արժեքավոր տեղեկատվություն, որ էական է մարտիմեկյան ոճրագործության բացահայտման համար, ինչպես նաեւ այն, որ մինչեւ օրս բացահայտված եւ պատասխանատվության կանչված չեն մարտի 1-ին անմիջականորեն սպանություն կատարած ու նրանց հրաման տված անձինք ու պաշտոնյաները», անհրաժեշտություն են համարել «ապահովելու Խմբի անդամների անձնական անվտանգությունը»: Հակառակ դեպքում, համատեղ հայտարարության հեղինակների պնդմամբ՝ «Փաստահավաք խմբի անդամներից յուրաքանչյուրի հետ հնարավոր որեւէ միջադեպի ուղղակի պատասխանատվությունը կկրեն իշխանությունները եւ գործող նախագահն անձամբ»: