Հայտարարեցին «7»-ի պաշտպանները
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Յոթի» գործով պաշտպաններ Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Լիպարիտ Սիմոնյանն ու Ստեփան Ոսկանյանը եւս մեկ անգամ պնդեցին իրենց այն տեսակետը, թե՝ դեկտեմբերի 23-ի դատական նիստի ժամանակ տեղի ունեցած դեպքերը՝ լրագրողներին դատարանի դահլիճում աշխատելու հնարավորությունից զրկելու եւ նիստերի դահլիճը՝ սադրանքներ հրահրելու հույսով, ոստիկաններով լցնելու փորձերը, նպատակ ունեն «Յոթի» դատավարությունը հանգեցնել «դռնփակ դատավարության»: Պաշտպանները չբացառեցին, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը այդպիսի որոշում կայացնի արդեն հաջորդ՝ դեկտեմբերի 27-ին կայանալիք նիստում:
Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ «եթե սույն գործով դատարանի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որպեսզի դռնփակ դատական նիստ տեղի ունենա, ապա պաշտպաններին այլ բան չի մնա, քան՝ մեր պաշտպանյալներին դահլիճից հեռացնել: Թո՛ղ այդ դեպքում մեղադրողներով ու դատավորներով կամ առանձին-առանձին կես ժամվա ընթացքում դատ անեն ու դատավճիռ կայացնեն»: Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանն էլ ահազանգեց Հայաստանում արդար դատաքննության իրավունքի վտանգված լինելու մասին: Նրա դիտարկմամբ՝ «Մարտի 1»-ի գործով նախաքննության 10 ամիսների ընթացքում պետական ողջ մեքենան, հատուկ քննչական ծառայությունը իրենց գործողություններով փորձել են ոչ թե իրականությունը ի հայտ բերել, այլ ամրապնդել դեռ մարտի 4-ին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի այն հայտարարությունը, թե՝ առկա են հիմնավոր ապացույցներ ԱԺ պատգամավորների նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու համար: «Սակայն 10 ամիսների ընթացքում դա իրենց չի հաջողվել, եւ հիմա նրանք ստիպված են արդեն դատավարության հրապարակայնության սահմանափակման ճանապարհով գնալ»,- հայտարարեց պաշտպանը: Նա նաեւ նշեց, որ դատական նիստը 4 օրով հետաձգելու որոշման արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են մնալ անազատության մեջ, բայց դա չի հաշվվելու կալանքի ժամկետի մեջ: «Դա հակասահմանադրական նորմ է, որը մենք բողոքարկելու ենք, ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, որովհետեւ դրանով անազատության մեջ պահելը մենք համարում ենք ապօրինի: Մինչեւ հաջորդ դատական նիստը դատավորի այդ որոշումը վիճարկելու ենք Վերաքննիչում»: