Կառավարությունը որոշել է հարկային դաշտ բերել դանակ-մկրատ սրողներին
Ազգային ժողովը երեկ հերթականությամբ քննարկում էր կառավարության նախաձեռնած հարկային փաթեթում ներառված օրենքների նախագծերը: Այստեղ շատ տարբեր նորարարություններ կան: Ասենք, սահմանվում է հաստատագրված վճար վարսավիրանոցներում մատնահարդարման ու դիմահարդարման համար: Արտոնություն է սահմանվում ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանության պարգեւավճարների եւ բոնուսների համար: Բայց 2009թ. փետրվարի 1-ից ավելացվում են խաղատների, խաղային ավտոմատների, ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի գործունեության դրույքաչափերը: Ավելացվում են նաեւ ծխախոտի հաստատագրված վճարի դրույքաչափերը: Խաղատները եւ ծխախոտը սոցիալական իմաստով ռիսկային ոլորտներ չեն, եւ այս առնչությամբ հրապարակավ չարտահայտվեցին դժգոհություններ: Ավելի՛ն՝ հնչեց նաեւ առաջարկ սաունաների նկատմամբ էլ նման վերանայում անել՝ հաշվի առնելով, թե իրականում ինչ գործունեությամբ են դրանք զբաղված: «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այդ ակնարկին ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կեսկատակ այսպես արձագանքեց. «Սաունա ու բաղնիք մեկումեջ լողանալու համար էլ են գնում: Ոչ միայն ուրիշ նպատակով»:
Շատ էին դժգոհությունները «Արտոնավճարների մասին» օրենքի նախագծից։ Այն վերաբերում է, ինչպես ձեւակերպել է կառավարությունը՝ «մանր ինքնազբաղված ֆիզիկական անձանց», որոնք մինչ այժմ եկամուտներ են ստացել, բայց օրինական հարկեր չեն վճարել: Նման «մանր ինքնազբաղվածներ» են համարվում ինչպես կոշիկ, հագուստ, երաժշտական գործիքներ կամ կենցաղային տեխնիկա նորոգողները (նախագծում որպես նման գործունեության առանձին տեսակ նշված է. «Կտրող գործիքների, դանակային արտադրատեսակների սրում», այսինքն՝ խոսքը դանակ-մտրակ սրողների մասին է), այնպես էլ անհատ արտիստները, սպորտային խմբակներ կազմակերպողները, պարեր, երգեցողություն կամ կար ու ձեւ դասավանդողները, նաեւ կրկնուսույցները, եւ վերջապես՝ դայակ կամ անձնական վարորդ աշխատողները եւ վերնիսաժներում իրենց ստեղծած արվեստի գործերը վաճառողները: Այս բոլորին առաջարկվում է 2009թ. մարտի 1-ից հնարավորություն ընձեռել, որ ըստ սեփական ցանկության՝ հարկային տեսչությունում հաշվառվելու եւ արտոնավճար վճարելու պարագայում զբաղվեն իրենց գործունեությամբ առանց որեւէ հաշվետվությունների: Երեւանում այդ արտոնավճարները կազմելու են տարեկան 60 հազար դրամ, մարզկենտրոններում՝ 42 հազար դրամ, այլ քաղաքներում եւ Երեւանի վարչական սահմաններից մինչեւ 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում՝ 30 հազար դրամ, գյուղերում՝ 24 հազար դրամ, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում՝ 12 հազար դրամ:
«Բարգավաճ Հայաստանն» արդեն հայտարարել է, որ դեմ է հարկային այս փաթեթին, եւ սա արտահայտվեց նաեւ քննարկումների ընթացքում: Ասենք, ԲՀԿ պատգամավոր Գոհար Ենոքյանը նման «կծու» հարցեր էր ուղղում, թե՝ «Ի՞նչ չափանիշով եք դիմորդների հետ պարապողներին հավասարեցրել կոշիկ եւ շոր վաճառողներին», «Արդյոք իսկապե՞ս ունեւոր խավին, խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու հնարավորությունները լրիվ կորցրել ենք, որ մեր հույսը մնացել են խեղճուկրակ դանակ-մկրատ սրողներն ու թատրոնները լքած՝ հանապազօրյա հացը մի կերպ վաստակող դերասանները կամ բրուտագործները», «Գոնե մի 6-8 ամիս հետո՞ անեիք այս նույնը՝ ժողովուրդը հիմա ճգնաժամի պատճառով պանիկայի մեջ է»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես ժամանակավրեպ համարեց ճգնաժամի պայմաններում նման արտոնավճարներ սահմանելը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ առաջարկեց վերանայել այդ «մանր ինքնազբաղվածների» ցանկը եւ արտոնավճարների չափը: Վարդան Այվազյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո դրանք իրոք փոխվելու են:
Ստացվեց, որ ՀՀԿ-ից բացի՝ կոալիցիայի մնացած ուժերի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվում այս նախաձեռնությանը: Սակայն ինչպես հայտնեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ կոալիցիայի բոլոր նախարարները կառավարության նիստում կողմ էին քվեարկել այս փաթեթին՝ այն ընդունվել էր միաձայն. «Հարց եմ տալիս՝ ԱԺ կոալիցիոն ուժերը դրանից հետո կարո՞ղ են դեմ քվեարկել դրան: Քաղաքական ու քաղաքագիտական տեսանկյունից սա կդառնա նոնսենս»: Նաեւ նկատեց, թե հարկային այս փաթեթը պիտի ներկայացվեր 2009-ի բյուջեի ընդունումից առաջ, քանի որ այն այս կամ այն չափով ապահովելու է հաջորդ տարվա բյուջեի մուտքերը:
Վիկտոր Դալլաքյանն էլ հեգնեց, թե կառավարության հույսը վարսավիրները, դանակ-մկրատ սրողներն ու նման գործունեություն իրականացնողներն են. «Եթե մարդիկ հանկարծ որոշեն, որ իրենց մազերը չեն կտրելու, պեդիկյուր կամ մանիկյուր չեն անելու՝ Հայաստանի տնտեսությունն արդյոք կաթվածահա՞ր է լինելու»: Եվ թվեր մեջբերեց, որոնք բնորոշեց իբրեւ Հայաստանի համար աղետային. տնտեսական աճի կառուցվածքում վերջին տեղը գրավում է արդյունաբերությունը. «Այսինքն՝ Հայաստանում, ցավոք, արդյունաբերություն չկա»: Այսպես բացատրեց, թե ինչու են կառավարության հույսը կազինոները կամ վարսավիրանոցները:
Վիկտոր Դալլաքյանն այս առիթով մի քաղաքական հարցադրում էլ արեց, թե 1995-ից սկսած՝ Հայաստանի ԱԺ են գալիս տնտեսական շահեր ունեցողները. «Եվ երբ կառավարությունը փորձում է այդ տնտեսական շահերը կանոնակարգել՝ անմիջապես առաջանում է հակազդեցություն: Ստվերը, որոշ առումով, նաեւ այս դահլիճում է: Իշխանություններն արդեն 16-17 տարի ընկնում են իրենց պատրաստած թակարդի մեջ. այն է՝ ԱԺ բերել կառավարելի գործարարների: Բայց այդ օլիգարխները, երբ փորձում են դիպչել իրենց շահերին, կարող են ընդվզել»: Ընդգծենք՝ պրն Դալլաքյանը չտվեց որեւէ մեկի անունը: Բայց նաեւ նշենք, որ հարկային այս փաթեթը այն շատ խիստ սակավաթիվ նախաձեռնություններից է, որի առնչությամբ պարզվեց, թե ԲՀԿ-ն ունի ՀՀԿ-ից տարբերվող կարծիք: