Մանկապատանեկան մրցույթը կայացավ
«ՀՀ-ի մարզերում, համայնքներում, Երեւանում ստեղծագործող շնորհալի եւ տաղանդավոր երեխաներին պետք է ասպարեզ դուրս բերել»,- ասում է «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի խմբագիր Թադեւոս Տոնոյանը:
Օրերս ՀՀ մշակույթի նախարարության եւ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի նախաձեռնությամբ Հայաստանում եւ ԼՂՀ-ում անցկացվեց մանկապատանեկան ստեղծագործությունների առաջին հանրապետական մրցույթը: Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Ըստ Թ. Տոնոյանի, ծրագրի մշակման հիմք է հանդիսացել «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը. «Նպատակը մեկն է՝ հայտնաբերել տաղանդավորներին, նրանց լավագույն ստեղծագործությունների համար տալ խրախուսական մրցանակներ, նրանց մեջ սերմանել հայրենասիրություն, քաղաքացիության եւ պետականության գիտակցում, օգնել նրանց գիտակցել բարին եւ գեղեցիկը եւ, ամենակարեւորը, գրականության ու կերպարվեստի ոլորտում ապահովել սերնդափոխություն: Հուսով եմ՝ մրցույթը ավանդական բնույթ կկրի: Համոզված եմ, որ այն կօգնի երեխաների գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական կարողությունների դրսեւորման համար նպաստավոր պայմաններ ստեղծել»: Մանկապատանեկան ստեղծագործությունների առաջին հանրապետական մրցույթին մասնակցել են ՀՀ 9 մարզերից, Երեւանից եւ ԼՂՀ-ից՝ 1000-ից ավելի մինչեւ 18 տարեկան ստեղծագործող պատանիներ: Ներկայացվել են 2000-ից ավելի աշխատանքներ՝ նկարչություն, բանաստեղծություն, արձակ: Ինչպես տեղեկացրեց Թ. Տոնոյանը, անցկացվել է մրցութային հանձնաժողովի փակ, գաղտնի քվեարկություն: «Արձակ, բանաստեղծություն եւ նկարչություն ժանրերում առանձնացրել ենք 9 լավագույնների: Արձակի ժանրում հաղթող են ճանաչվել Մարինե Սահակյանը՝ Ղարաբաղից, Երեւանից՝ Շանթ Հակոբյանը եւ Ամալյա Սուքիասյանը, բանաստեղծություն անվանակարգում՝ Սահականույշ Պետրոսյանը (Երեւան), Հենրիկ Փանգրատյանը (Աշտարակ) եւ Նարեկ Նաջարյանը (ԼՂՀ), նկարչություն անվանակարգում՝ Արման Սիմոնյանը (Գյումրի), Սոնա Պետրոսյանը (Էջմիածին), Սվետլանա Գեւորգյանը (Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղ): Շուրջ 25 խրախուսական մրցանակ հանձնվեց մյուս մասնակիցներին»:
Երեւանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի 9-ամյա սան Գեւորգ Հակոբյանը առաջին անգամ էր մասնակցում մրցույթի. «Ստացել եմ խրախուսական մրցանակ՝ նկարելու համար: Շատ եմ սիրում նկարել, նկարում եմ ամեն ինչ: Ուրախություն զգացի պատվոգիր ստանալիս»: Էջմիածնի թիվ 11 դպրոցի սան՝ 15-ամյա Սոնա Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ. «Երազում եմ դառնալ նկարիչ-ձեւավորող: Մրցույթի կյանքումս առաջին անգամ էի մասնակցում: Նկարչություն անվանակարգում լավագույն 3-ից մեկն եմ: Ստացել եմ դիպլոմ եւ դրամական պարգեւ, որը կծախսեմ նկարչական պարագաներ ձեռք բերելու համար»: Ղարաբաղի Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի սան՝ 10-ամյա Նարեկ Նաջարյանն էլ բանաստեղծություն անվանակարգում է մրցանակի արժանացել: «Առաջին անգամ բանաստեղծություն գրել եմ 5-րդ դասարանում՝ ուսուցչուհուս համար: Նրան շատ դուր եկավ, այդ օրվանից էլ սկսեցի գրել: Բանաստեղծություն գրելն ինձ համար հաճույք է: Այսօրվանից ավելի ոգեւորված կգրեմ, քանի որ հաղթող եմ ճանաչվել»:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Իսկ հաշմանդամնե՞րը
«Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության» հիմնադրամի ու «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ իրականացրած ծրագրի արդյունքում պարզվել է, որ Հայաստանի հյուրանոցները հարմարեցված չեն հաշմանդամների կարիքներին: Օրերս Երեւանում ամփոփվեցին ծրագրի արդյունքները:
Ծրագրի աշխատանքային խումբը եղել է Երեւանի «Մարիոթ», «Գոլդեն թուլիփ», «Գոլդեն փելես», «Կոնգրես», «Անի պլազա» հյուրանոցներում: Բոլորն էլ մուտքի մոտ թեքահարթակներ ունեն, նախասրահները հաշմանդամին մատչելի են, իսկ ահա դրանից այնկողմ՝ մատչելիություն չկա: Ոչ համարները, ոչ հյուրանոցների այլ ծառայությունները՝ մարզասրահ, լողավազան, ռեստորան, հաշմանդամի սայլակին հարմարեցված չեն: Հյուրանոցների աշխատակիցները տեղյակ չեն հաշմանդամի հատուկ կարիքներին: Մինչդեռ եվրոպական երկրներում, օրինակ՝ Նորվեգիայում, հյուրանոցի գովազդներում եւ տեղեկատվական այլ նյութերում անպայման նշվում է, թե քանի համար է հարմարեցված հաշմանդամին եւ ինչ չափի սայլակով կարելի է մտնել վերելակ կամ անցնել դռներով: ՀՀ սպինալ հաշմանդամների «Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Միքայել Մկրտչյանը կարծում է, որ մեր կառավարությունը ոչինչ չի անում հաշմանդամների ինտեգրումը հասարակությանը ապահովելու համար, հաշմանդամներին օգնում են առանձին մարդիկ, բայց դա հարցի լուծում չէ. «Արդյունքում՝ հաշմանդամը հոգեպես ճնշված է, տնից դուրս չի գալիս, ավելի ինքնամփոփ է դառնում, ավելի մեկուսանում»:Ըստ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության բաժնի վարիչ, հյուրանոցների որակավորման հանձնաժողովի անդամ Ռազմիկ Օհանյանի, այսօր չես տեսնի մի նախագիծ, որը հաշվի է առնում հաշմանդամի կարիքը եւ դեռ ավելին: Թեեւ օրենքները պահանջում են ճարտարապետա-հատակագծային նախագծերում առանձին տողով անդրադառնալ հաշմանդամների համար մատչելի միջավայրի հարցին, նախագծողներն այդ տողը, որպես կանոն, դատարկ են թողնում:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ