Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆ

Դեկտեմբեր 24,2008 00:00

Ավանդույթի համաձայն, դեկտեմբերի վերջին օրերին ամառային մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները եզրափակում են տվյալ մրցաշրջանը եւ լրագրողների հետ հանդիպումներում յուրօրինակ գնահատական տալիս կատարված աշխատանքին:

Կայացավ ֆուտբոլի մրցանակաբաշխությունը

\"\"

Երեկ ՀՖՖ նիստերի դահլիճում անցկացվեց ֆուտբոլի մրցաշրջան 2008-ի մրցանակաբաշխությունը: Առաջին խմբի առաջնության հաղթող Երեւանի «Շենգավիթ» թիմը եւ բարձրագույն խմբում մրցանակակիրների եռյակը կազմած Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», երկրորդ տեղը գրաված «Արարատը» եւ իր պատմության մեջ առաջին անգամ երրորդը ճանաչված Կապանի «Գանձասարը» պարգեւատրվեցին, համապատասխանաբար, ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով, դիպլոմով եւ գավաթով:

Տարբեր կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ սահմանել էին այս կամ այն անվանակարգի իրենց մրցանակները: ՀՖՖ մամուլի քարտուղարության ավանդաբար անցկացվող տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու մրցույթի ամփոփումով Հայաստանի 17-րդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ազգային հավաքականի եւ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը: Նրան շնորհվեց հատուկ մրցանակ: Իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նաեւ չեմպիոնական գավաթը նրան հանձնելուց հետո ներկաներին հիշեցրեց, որ ինքը ժամանակին խոստացել էր մեքենա նվիրել այն ֆուտբոլիստին, ով Անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջինը ազգային հավաքականի կազմում կհատի 100 խաղի սահմանը: Եվ զուգադիպությամբ այդ ֆուտբոլիստը եղավ Սարգիս Հովսեփյանը: ՀՖՖ նախագահը հանդիսավոր պայմաններում նրան հանձնեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներ:

Մյուս անվանակարգերում դափնեկիր դարձած ֆուտբոլիստների մասին կտեղեկացնենք վաղվա համարում: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ դրամական պարգեւների արժանացան նաեւ հիմնականում ֆուտբոլային թեմաներ լուսաբանող մի քանի լրագրողներ, ինչի համար սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին:

2008 թվականն արդյունավետ տարի էր

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը երեկ «Master Class» թենիսի ակումբ էր հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: 2008 թվականը հայկական թենիսի համար աննախադեպ էր թե զարգացման եւ թե ակտիվության առումներով: Այս գնահատականին համաձայն է նաեւ ինքը՝ ֆեդերացիայի նախագահը, որը որպես դրա ապացույց, թվարկեց այստեղ՝ Հայաստանում կատարված իրադարձությունները: Իսկ դրանք, իրոք, քիչ չեն. «Դեւիսի Գավաթի» եվրա-աֆրիկյան տարածաշրջանի 3-րդ եւ 4-րդ ենթախմբերի տղամարդկանց թիմային առաջնություն, «Ֆեդ Քափ» մրցաշարի կանանց առաջնություն, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի առաջին այցի կազմակերպում նախնիների հայրենիք… Սա միայն միջազգային մակարդակի միջոցառումների ոչ ամբողջական թվարկումն է, որին հարկ է ավելացնել նաեւ ներհանրապետական միջոցառումները, այդ թվում՝ մարզաձեւի բուռն զարգացումը՝ հատկապես մանուկների շրջանում:

ՀԹՖ նախագահը նշեց նաեւ, որ արվածը դեռ քիչ է եւ դրանով ոչ մի դեպքում չի կարելի բավարարվել: Նա խոսեց ֆեդերացիայի՝ 2009 թվականի ծրագրերի մասին, որտեղ շեշտը դրվելու է հատկապես 12-14 տարեկան երեխաներին մարզաձեւ ընդգրկելու վրա: «Այլապես, պրոֆեսիոնալ թենիսում հաջողությունների հասնել հնարավոր չէ»,- ընդգծեց Հարություն Փամբուկյանը:

Նա նաեւ ակնարկեց եկող տարվա ապրիլին նախատեսվող մի լուրջ մրցաշար, որը զարմացնելու է թենիսի աշխարհին: Բայց առայժմ չցանկացավ մանրամասնել, քանի որ ծրագիրը դեռ քննարկման փուլում է: Հանդիպման ժամանակ խոսվեց նաեւ հանրապետությունում միակ թենիսի ակադեմիայի աշխատանքներն սկսվելու մասին, որը նպաստելու է մարզաձեւի զարգացմանը, անդրադարձ եղավ նաեւ այնտեղ աշխատող մարզչական կազմին եւ նշվեց, որ նրանցից շատերն արդեն միջազգային որակավորում են ստացել:

Քնարիկ Մուրադյանը՝ Արաբական երկրների չեմպիոն

«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Լիբանանում բնակվող մեր հայրենակից, կանանց միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը օրերս նվաճել է շախմատի արաբական երկրների չեմպիոնուհու տիտղոսը: Նա վեց հնարավորից վաստակել է 4,5 միավոր՝ մեկ միավորով գերազանցելով Եգիպտոսի ներկայացուցիչ, կանանց միջազգային գրոսմայստեր Մոնա Հալեդին:

Հակոբյանի խաղը չի ստացվում

Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարում, որտեղ հանդես են գալիս մասնակցության իրավունք ստացած 14 գրոսմայստերներ, Հայաստանի միակ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանն անհաջող է հանդես գալիս: Ութերորդ տուրում Հակոբյանը կրեց այս մրցաշարում իր երկրորդ պարտությունը, այս անգամ Ուզբեկստանի լավագույն շախմատիստ Ռուստամ Կասիմջանովից եւ 3,0 միավորով նահանջեց վերջին հորիզոնական:

Երեկ կայացավ իններորդ տուրը, որում հայաստանցին խաղաց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որն ութ տուրից հետո վաստակել էր 5,5 միավոր: Ուշ երեկոյան Հակոբյան-Գրիշչուկ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել