Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թե ինչպես դարձա դերասանուհի»

Դեկտեմբեր 24,2008 00:00

«Տղամարդիկը» ճակատագրական եղավ Լաուրա Գեւորգյանի համար

«Որպես դերասանուհի՝ ամուսինս առաջին անգամ ինձնով հետաքրքրվեց «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ,- «Առավոտին» պատմեց դերասանուհի Լաուրա Գեորգյանը ու շարունակեց,- մի գիշեր 38 աստիճան ջերմությամբ պառկած էի, երբ խմբով եկան եւ ինձ անկողնուց հանեցին: Պարզվեց՝ դերասանուհին, որը պետք է կատարեր ատամնաբույժի կնոջ դերը, չէր ներկայացել, իսկ Արմեն Ջիգարխանյանը միայն մեկ գիշեր էր Էդմոնդին տվել նկարահանումները վերջացնելու համար, քանի որ հաջորդ առավոտ պետք է քաղաքից մեկներ: Այդպես սկսվեց ամեն ինչ: Այդ ֆիլմից հետո «Հեքիաթների մոռացված կիրճում» գլխավոր դեր վստահվեց ինձ…»:

Այսօր դերասանուհին կինոյի հետ կապ չունի. «Ամուսնուս՝ Էդմոնդ Քյոսայանի մահից հետո ես ամեն ինչ թողեցի Մոսկվայում եւ վերադարձա մեր ամառանոց, որը մենք երկուսով էինք կառուցել: Այնտեղից հիմա գրեթե դուրս չեմ գալիս, զբաղվում եմ հողագործությամբ, այգի ունեմ, սիրում եմ գյուղական կյանքը»: Իսկ թե վերջին անգամ երբ է նկարահանվել՝ դժվարանում է հիշել. «Օ՜, դա շատ վաղուց էր, եթե չեմ սխալվում՝ 1987-ին; Սովետական Միությունը փլուզվեց, սիստեմի հետ էլ՝ հայկական կինոն»: Ավելի ուշ դերասանուհին անկեղծացավ, որ կինոյից «բաժանվել» է ամուսնության պատճառով. «Երբ ամուսնացա՝ ուսանող էի: Էդմոնդն ինձ համոզեց, որ Մոսկվա մեկնենք, խոստանալով, որ հետագայում կշարունակեմ կարիերաս: Առաջին 7-8 տարիները դժվար էին: Երբ գալիս էի Երեւան, տարբեր ներկայացումների մեջ խաղացող կուրսընկերներիս հանդիպում էի թատրոնում, լացս գալիս էր, գժվում էի բեմի հոտի համար: Հիմա հիշում եմ ղեկավարիս ասածը եւ հասկանում, թե ինչպես խաչ քաշեցի թատրոնի վրա»:

Ժամանակակից հայկական կինոարվեստը Լ. Գեւորգյանը դժվարանում է գնահատել. «Որակ չկա, մակարդակ՝ նույնպես: Ինձ շատ են հրավիրում ֆիլմերում խաղալու, չեմ համաձայնում, ցանկություն չունեմ: Ինձ լավ եմ զգում իմ այգում, սարերի եւ լռության մեջ»: Ապագա դերասաններին էլ տիկին Լաուրան խորհուրդ է տալիս շատ կարդալ. «Պետք է կրթված ապագա գործիչներ, արհեստավարժ մարդիկ աճեցնենք: Ինստիտուտում սովորող երիտասարդներն անգամ տարրական հարցերի չեն կարողանում պատասխանել, չեն ճանաչում մեր մեծերին, չգիտեն մեր պատմությունը, պոեզիան»: Դերասանուհին դժգոհում է նաեւ հայկական TV-ներից. «Ոչ միայն չեմ հետաքրքրվում նոր նկարահանվող ֆիլմերով, այլեւ ընդհանրապես հեռուստացույց չեմ դիտում, նայելու ոչինչ չկա»: Ինչ վերաբերում է երիտասարդության՝ բարձրակարգ կինոյի հանդեպ վերաբերմունքին՝ «Անտարբեր են… Ավելի շատ նախընտրում են ակումբներ, դիսկոտեկներ հաճախել, քան կինոթատրոններ, էլ չեմ խոսում թատրոնի մասին: Ետ են վարժվել, սովոր չեն մեծ էկրանին: Սա մեծ խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել