Նկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ Նկարիչների միության ու արվեստագետի կերպարի խաթարման մասին
Դեկտեմբերի 15-16-ին կայացած Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) 17-րդ համագումարում, չնայած բազմաթիվ դժգոհություններին, երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը: Նրա մրցակիցը ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանն էր՝ Հաղթոն: Վերջինս համագումարին ներկայացել էր «Վերականգնենք արժանապատիվ ստեղծագործելու իրավունքը» խորագրով նախընտրական բուկլետով, որը Նկարիչների միության զարգացման իրատեսական ծրագիր էր, ու պատահական չէ, որ 102 ձայն վաստակեց: «Վերարտադրվելուց» 3 օր անց Կ. Աղամյանն ասուլիսում հայտարարեց, որ իր համար նշանակություն չունի, թե նկարիչների մի ստվար խումբ դժգոհ է իր գործունեությունից եւ իրեն չի ընտրել: Նույն ասուլիսում նա նաեւ նշել էր. «Ընտրությունները նորմալ անցան, չհաշված կրքերը, որ բորբոքվել էին մի քանի անդամների, ավելի կոնկրետ՝ Հաղթանակ Շահումյանի համախոհների հրահրմամբ…»: «Առավոտը» փորձեց պարզել նաեւ Հաղթանակ Շահումյանի հետհամագումարյան տրամադրությունը: «Իմ կյանքի նպատակը չի եղել միության նախագահ լինելը, ուղղակի շատ ցավում եմ, որ իմ ներկայացրած ծրագիրը չանցավ: Չնայած վստահ եմ, որ ինչ-ինչ բաներ Աղամյանը կարտագրի-կօգտագործի»: Մեր զրուցակիցը փաստում է, որ միությունը «փակ» կառույց է. «Այն, ինչ կատարվում է միությունում, ոչ միայն սովորական մահկանացուները, այլեւ նույնիսկ միության անդամները տեղյակ չեն լինում: Իմ ծրագիրը միությունը վերակենդանացնելու, վերականգնելու, նրան նոր կյանք հաղորդելու հնարավորություն կտար… Ազնվորեն ուզում էի օգտակար լինել, քանի որ վերջին 10-15 տարիներին ոչինչ չի արվել նկարիչների համար: Գիշերները մեկ-մեկ մտածում էի՝ արժե՞ այդքան ժամանակ ծախսեմ, հետո էլ ասում էի՝ ոչինչ, գոնե մի քանի տասնյակ կամ 100 ստեղծագործող մարդ կշահի: Այժմ վստահ եմ, որ որեւէ առաջընթաց չի լինելու, չհաշված մանր-մունր բաները, ինչպես, օրինակ, դահլիճը վերանորոգելը ի վնաս միության՝ 1200 քմ օտարվել է ուրիշին: Այսօր Նկարիչների միությանն ավելի շատ օրինականություն է պետք, օրենքը չի գործում: Մեծամասնությունը տեղյակ չէ նոր կանոնադրությունից, որը կոպիտ խախտումով է անցել՝ առանց համագումարի, մինչդեռ Աղամյանն ասում է՝ այդպիսի բան չի եղել: Ցավալին այն է, որ անպատժելիություն կա մեր իրականության մեջ. ով ինչ ուզում՝ անում է, միությունն էլ ասես անձնական օգտագործման լինի: Ես չէի ուզենա այս թեմայով խոսել, որովհետեւ, ինչպես ասում են՝ մարտից հետո բռունցքներ չեն թափահարում…»:
Հաղթոն համոզված է, որ, այնուամենայնիվ, այս համագումարը որոշակի զգոնություն բերեց, մարդկանց արթնացրեց անտարբերության թմբիրից, չնայած, նրա խոսքով՝ միության լիարժեք անդամների մասնակցությունը լիարժեք չէր. «Մարդիկ կային, որոնց չէինք ճանաչում, վերջերս էլ մի 100 հոգի դարձել է միության անդամ: Ո՛չ մի սկզբունք չկա՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, պարզ չէ… Այդպես ամեն մի ինքնուս, որ, օրինակ, Ֆրանսիայի մի ակումբում ցուցահանդես է արել, վաղը կարող է իրեն լուրջ նկարիչ հռչակել, արժեզրկվել է պրոֆեսիոնալ նկարիչ հասկացությունը: Վերջին տարիներին 300-400 հոգի դարձել է միության անդամ: Ի՞նչն էր ստիպում համագումարի նախաշեմին նրանց ընդունել, ինչպե՞ս դրա տակ ենթատեքստ չտեսնես… Ախր միությունը հեղինակություն է, արժեքավոր մշակութային օղակ, որն իր պատմությունն ունի: Մի տեսնեիք՝ նախկին համագումարներն ինչպե՜ս էին անցնում, որովհետեւ ներկա էին անուններ՝ Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Գյուրջյան, Քոչար, Խանջյան, Իսաբեկյան…»:
Հետաքրքրվեցինք՝ Հ. Շահումյանը տեղյա՞կ է այսօր կայանալիք ՀՆՄ հերթական հանրապետական ցուցահանդեսից եւ արդյո՞ք մասնակցելու է: «Ինձ որեւէ մեկը չի տեղեկացրել: Ես նստած ստեղծագործում եմ, ի՞նչ է, ամեն օր պիտի միություն գնա՞մ, որ իմանամ: 30 աշխատակից ունեն, թող սեկցիաների ղեկավարներին տեղեկացնեն, նրանք էլ՝ իրենց անդամներին: Առաջ գոնե բացիկ էին ուղարկում, հիմա էլ թող էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ ուրիշ կերպ զգուշացնեն: Անգամ համագումարի ժամը մինչեւ վերջին օրը հստակ չգիտեինք… Կամ այդ ի՞նչ պահվածք էր, արվեստագետին ոչ վայել՝ ինքը (Կ. Աղամյանը- Գ. Հ.) համագումարի օրը Արա Շիրազի ձեռքից միկրոֆոնն էր խլում, չէր ուզում բեմից իջնել… եթե այդ փոքր աթոռի համար էր այդպես պայքարում, բա մեծի համա՞ր ինչպես կպայքարի: Ի դեպ, համագումարին անգամ վերստուգիչ հանձնաժողով չկար, որը պիտի մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացներ, ինչը չեղավ եւ էդպես բազում բաներ: Աղամյանն ամեն ասուլիսում հիշում է իր նախորդների արած սխալները, երբ նախորդներին հանել եւ իրեն ենք դրել ժամանակին, դեռ ես էլ իրեն աջակցել եմ: Ի՞նչ իմանայինք, որ նախորդների արածն անընդհատ օգտագործելու է եւ դրա տակ թաքցնի սեփականը»,- ասում է նկարիչը: Նա ցավում է ոչ միայն ՀՆՄ հեղինակության, այլեւ ընդհանրապես արվեստագետի կերպարի խաթարման համար. «Միությունն այսօր կարող էր շատ ավելի օգտակար լինել ե՛ւ մշակույթին, ե՛ւ երկրին, սակայն նախագահը դրան տանող ոչ մի քայլ չի ձեռնարկում, բացառությամբ՝ մի-երկու նկարչի դահլիճ տրամադրելուց, ինչը մեր բոլորի իրավունքն է… Աղամյանն անգամ քաղաքականացրեց զուտ ստեղծագործական խնդիրները ու թերթերից մեկում, թե հեռուստատեսությամբ ասաց, որ իբր ինքն իշխանամետ է, դրա համար չեն ուզում իրեն տեսնել նախագահի աթոռին: Դա ի՞նչ կապ ունի: Պատկերացնո՞ւմ եք, նա այդկերպ էլ էր փորձում մուրալ իշխանությունների աջակցությունը»: Մեր զրուցակիցը ՀՆՄ պարբերական «Կերպարվեստ» ամսագրի մասին էլ ասաց, որ այն կասկածելի նպատակներ ունի, որովհետեւ երբեւէ որեւէ ստեղծագործական խնդիր չի բարձրաձայնվում: