Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս չբացակայել դասերից

Դեկտեմբեր 24,2008 00:00

\"\"Եվ հաճախել կրկնուսույցների մոտ

Ավարտին է մոտենում ուսումնական առաջին կիսամյակը: Այդ պատճառով հանրակրթական դպրոցներում սկսել են ավելի շատ խոսել աշակերտների՝ «աքիլլեսյան գարշապարը» համարվող բացակայությունների մասին: Այդ հարցն առավել խնդրահարույց է ավարտական դասարաններում, երբ երեխաները ստիպված են կրկնուսույցների մոտ «վարժեցվել» բուհական ընդունելության քննությունները հաջող հանձնելու համար: Բացակայությունների հարատեւող խնդիրը լուծելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը վերջին տարիներին մի կարգ է ընդունել, ըստ որի՝ 240 դասաժամ կամ 40 օր անհարգելի բացակայության դեպքում հիմնական դպրոցում 1-9-րդ դասարաններում սովորող աշակերտը պարտավոր է քննություն հանձնել 5 առարկայից, իսկ ավագ դպրոցում սովորողը՝ մեխանիկորեն դուրս է մնում: «Այս կարգը արհեստականորեն է ներմուծվել կրթական համակարգ: Անընդհատ փնտրտուքների մեջ էինք բացակայությունները կանխարգելելու առումով: Կարգն ընդգրկված չէ «Հանրակրթության մասին» օրենքում, սակայն կան առաջարկություններ՝ այն օրենքում ներառելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Որոշ դպրոցների աշակերտների շրջանում կատարած մեր հարցումը ցույց տվեց, որ իրենք չեն հիշում այնպիսի դեպք, երբ 240 դասաժամի սահմանն անցած իրենց դասընկերները քննություն հանձնեն: Այդ պատճառով Ն. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ գուցե վերահսկե՞ն դպրոցներին: Վարչության պետը պատասխանեց. «Մենք տնօրեններին վստահում ենք, եւ այն աչքով չենք նայում նրանց, թե ընդունակ են տեղում զեղծարարություններ անելու: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ ներմուծված կարգը ինչ-որ չափով զգաստացնում է նրանց: Իսկ կրթօջախի այն ղեկավարը, որը միտված է զեղծարարության, ամեն պարագայում էլ կարող է դա անել»:

Անդրադառնալով անհարգելի բացակայությունների դեմն առնելու կապակցությամբ մշակված կարգին՝ Ն. Հովհաննիսյանը նկատեց. «Ժամանակին, երբ դպրոցի տնօրեն էի, որոշել էի, որ ամեն բացակայության համար աշակերտը պիտի գումար վճարի: Աշակերտներից մեկը մի անգամ եկավ եւ ասաց, որ միանգամից հաշվեմ ու ասեմ, թե որքան գումար կկազմի համապատասխան թվով բացակայությունը: Դրանից հետո հասկացա, որ այդ մեթոդն էլ չի աշխատի: Իհարկե, ներկայիս կարգն էլ ունի բազում թերություններ: Օրինակ՝ եթե աշակերտը 240-ի փոխարեն բացակայում է 238 դասաժամ, ուրեմն կարելի՞ է: Կամ աշակերտներից ոմանք կարող են ընդհանրապես չմասնակցել, օրինակ, մաթեմատիկայի դասերին՝ լրացնելով 240 ժամը: Այս դեպքում, միեւնույն է, նա պիտի քննություն հանձնի մյուս բոլոր պահանջվող առարկաներից: Այս հարցերն անպայման կլուծի ավագ դպրոցների համակարգը: Աշակերտները այլեւս չեն վազի կրկնուսույցների մոտ պարապմունքների՝ դասերի հաշվին, քանի որ կգիտակցեն, որ ավագ դպրոց են եկել հստակ խնդիր լուծելու համար»:

Չնայած 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների հետ «Առավոտի» զրույցի ընթացքում պարզեցինք, որ պարապմունքների պատճառով շատերը ստիպված են դասերից բացակայել կամ տնօրենների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն դպրոցների տնօրենները մեզ վստահեցրին, որ հաճախելիությունն իրենց դպրոցներում բարձր մակարդակի վրա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել