Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ

Դեկտեմբեր 24,2008 00:00

\"\"Վճռի հիմքում վկաների ցուցմունքներն են, որոնք շատ թե քիչ շահագրգռված են գործի ելքով

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի նախկին խորհրդային տնտեսության լուծարային հանձնաժողովը 1991թ. ապրիլի 23-ին ընդունման-հանձնման ակտով տնտեսության լուծարման գործընթացում գտնվող անասնապահական ֆերման (հիմնական եւ շրջանառու միջոցներով հանդերձ), որպես սեփականաշնորհում, վաճառել է ֆերմայի աշխատակիցների կողմից կազմակերպված «Նարինե» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությանը, որի ղեկավարն էր Կարապետ Խաչատրյանը: Սակայն պետության առջեւ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Նարինե» ԳԿՏ-ին պատկանող ամբողջ շարժական եւ անշարժ գույքը (ցուցակով 38 անվանում), միջշրջանային դատախազության հայցով կայացված վճռի հիման վրա, դատական կատարածուի կողմից դրվել էր աճուրդային վաճառքի եւ վաճառվել տարբեր քաղաքացիների: Աճուրդային վաճառքից հետո սեփականաշնորհման ցուցակի 31 համարի տակ գրանցված ճաշարանը, ցուցակից դուրս մնալու արդյունքում, ոչ մեկի անունով չի գրանցվել: Մինչեւ ֆերմայի սեփականաշնորհումը՝ Երջանկության փողոցի 10 հասցեում գտնվող ճաշարանում որպես խոհարար աշխատել է Սիմոն Սուքիասյանը, որը, փաստորեն, հանդիսացել էր ճաշարանի օգտագործողը: Սեփականաշնորհումից հետո էլ նա շարունակել է ճաշարանի տնօրինումը մինչեւ մահը՝ 1992թ. հունվարի 25-ը: Նրանից հետո ճաշարանն անցել է Գեղամ Սարգսյանի տնօրինությանը, որը մինչ օրս բարեխիղճ, բացահայտ ու անընդմեջ տիրապետում եւ օգտագործում է այն որպես սեփական գույք, իրականացնում դրա հասարակական կարիքների համար օգտագործման եւ պահպանման աշխատանքները: Գ. Սարգսյանը միայն այս տարվա հունվարի 29-ին է Աշտարակի ոստիկանությունից տեղեկացել, որ 22.09.2006թ. Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Գ. Խաչատրյանի) վճռով ճանաչել է Կարապետ Խաչատրյանի սեփականությունը ճաշարանի նկատմամբ: Այս տարվա օգոստոսի 7-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը: Դեկտեմբերի 4-ին Հյուսիսային քաղաքացիական դատարանը նորից ճանաչել է Կ. Խաչատրյանի սեփականության իրավունքը: Դատավոր Գոհար Խաչատրյանի վճռում նշված է, որ Կ. Խաչատրյանը վիճարկվող գույքը 2007թ. հուլիսի 8-ին առուվաճառքի պայմանագրով վաճառել է Արսեն Խաչատրյանին եւ Սուսաննա Խասապետյանին: Այս վճռով է միայն ի հայտ եկել, որ Կ. Խաչատրյանը 2 միլիոն դրամով գնել է նաեւ ճաշարանով ծանրաբեռնված հողամասը: Նա դատարանին հայտնել է, որ ինքն է իրականացրել իր գույքի պահպանությունը, ինչպես նաեւ դիմել է Աշտարակի էլցանցի ղեկավարությանը՝ ճաշարանի շենքը հոսանքազրկելու համար:

Դատավորը խիստ կարեւորություն է տվել հոսանքազրկման փաստին եւ դա համարել է «դատաքննությամբ ապացուցված»: Մինչդեռ «Առավոտն» անձամբ է եղել տարածքում եւ ականատես եղել, որ շենքը ամենեւին էլ Կ. Խաչատրյանի միջնորդությամբ հոսանքազրկված չէ: Գ. Սարգսյանը մեզ ասաց, որ շենքը հոսանքազրկվել է մի քանի օրով, քանի որ մալուխներն են փոխվել: Ավելին, տարածքում ոչ ոք չէր ճանաչում, թե ով է Կարապետ Խաչատրյանը, քանի որ ճաշարանի հարեւանությամբ ապրող բնակիչները «Առավոտին» ասացին, որ երբեւիցե նրան այս տարածքում չեն տեսել: Նրանց խոսքերով՝ նոր գնորդն էլ տարածքում չի երեւացել: Այս դեպքում անհասկանալի է, թե դատարանն ինչ հիմքով է ապացուցված համարել, որ Կ. Խաչատրյանը գույքը պահպանել է: Նրա օգտին հանդես են եկել ընդամենը մի քանի վկաներ, որոնք անաչառ լինել չէին կարող, քանի որ նրա հետ ազգակցական կապ են ունեցել: Դատաքննությամբ վկա, Աշտարակի նախկին փոխքաղաքապետ Ռուշան Մկրտչյանը հայտնել է, որ նախկինում ինքը հանդիսացել է սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ եւ փաստել է, որ բազմիցս Կ. Խաչատրյանին տեսել է ճաշարանում եւ գիտե, որ ճաշարանը պատկանել է նրան: Տեղեկացնենք, որ Ռ. Մկրտչյանը գործի ելքով շահագրգռված է՝ Արսեն Խաչատրյանի հորեղբայրն է, եւ նրա վկայությունը անաչառ լինել չի կարող: Մինչդեռ դատարանը մեծամասամբ հիմնվել է այսպիսի վկայությունների վրա: Ինչ վերաբերում է 2 միլիոնով հողը գնելուն, ապա նշենք, որ այդ հողը արդեն 20 տարուց ավելի է, ինչ մի քանի հարեւաններով իրար մեջ են կիսել եւ մշակում են: Նրանց խոսքերով՝ դատարանը իրենց բացարձակ հաշվի չի առել եւ հողի գնված լինելու մասին իմացել են միայն վճռի հրապարակումից հետո: «1982թ. կառուցել ենք մեր տունը, ճաշարանի տարածքը աղբանոց է եղել, մաքրել ենք եւ մինչ օրս այդ հողն օգտագործում ենք: Մեզ քաղաքապետարանից ասում են, որ հողը չեն գնել, բայց վճռում նշված է, որ գնված է: Մեզ ոչ մեկը չի ասել, որ Արսենը հողը գնում է, եթե այդպես է, թող մեզ վաճառեին: Մենք ենք 25 տարուց ավելի այդ հողին տիրություն արել»,- ասաց Շուշիկ Հարությունյանը: Միրզիկյան Ռիման էլ ավելացրեց, որ 1986 թվականից մինչ օրս խանութպան է աշխատում ճաշարանի մի հատվածում բացված խանութում. «Ես այստեղ միայն Գեղամին եմ տեսել եւ ուրիշ ոչ մեկին չեմ ճանաչում: Իմ խանութը օրինական գրանցված է եւ 22 տարի տիրապետում եմ տարածքը, էդ ինչպես հաջողացրին տարածքն իրենցով անել: Այդքան տարի աշխատել եմ եւ ոչ մեկը ինձ չի մոտեցել տարածքն ազատելու համար, անցյալ տարի Արսենն է եկել, թե առել եմ շենքը, դուրս արի»:

Մի քանի աշտարակցի էլ ասացին, որ ընդդեմ քաղաքապետարանի՝ պատրաստվում են դիմել դատարան: Իսկ Գ. Սարգսյանը վճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարան, քանի որ, ըստ նրա, Հյուսիսային քաղաքացիական դատարանի վճիռն անհիմն է, եւ ինքն է 16 տարի շարունակ տիրություն արել ու օգտագործել շենքը, նույնիսկ անվճար է օգտագործման համար տվել աշխատակիցներին: Նա պահանջում է ճանաչել իր սեփականության իրավունքը, քանի որ 10 տարուց ավելի բարեխիղճ տիրապետել եւ օգտագործել է շենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել