Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր բիզնեսմեններին «կուլ են տալիս»

Դեկտեմբեր 24,2008 00:00

Նրանք այնքան չեն վախենում համաշխարհային տնտեսական ճգնաժամից, որքան իրենց երկրում օր օրի հզորացող օլիգարխներից:

Երեկ Գյումրիի «Արագած» մարզամշակութային ակումբում տեղի ունեցավ «Շիրակ Էքսպո 2008» 5-րդ ցուցահանդեսը, որին մասնակցող մանր ու միջին բիզնեսով զբաղվող մի խումբ գործարարներ, մեզ հետ զրույցում, իրենց դժգոհությունը հայտնեցին կառավարության վարած քաղաքականությունից: Նրանց խոսքերով, գեղեցիկ խոստումներից բացի, ՀՀ կառավարությունը բիզնեսի զարգացման համար գրեթե ոչինչ չի անում, ոչ միայն հավասար պայմաններ չի ստեղծում, այլեւ օլիգարխներին այնպիսի արտոնություններ է շնորհում, որ «նրանցից ոմանք հետամուտ են լինում մանր ու միջին բիզնեսմենի արտադրամասի փակմանը»:

Ամասիայի պանրի գործարանի տնօրեն Նորայր Շաբոյանի ներկայացմամբ՝ կաթնամթերքի գների բարձրացման համար մեղավոր են օլիգարխները. «Նրանց ձեռնարկություններն իրենց ճանկերը խրել են բոլոր մարզերը, կաթը տանում են բոլոր մարզերից: Դրա համար կաթի քանակը քչացել է, կաթն էլ՝ թանկացել: Էսօր Հայաստանում օլիգարխները մանրախեղդ են անում, մանրը չի կարող դիմակայել: Էստեղ պետության հովանին է պետք, որ մանրը կարողանա զարգանալ, նոր հարկային օրենսգիրքը, եթե նախագիծը ոնց որ կա՝ էդպես լինի, մանրի համար շատ մեծ առավելություն կլինի, բայց չգիտեմ հունվարի մեջ ի՞նչ փոփոխություններ են լինելու, այդ ժամանակ կերեւա՝ կլինի՞, թե՝ ոչ: Կառավարությունը շատ լավ քայլի է գնացել ըստ այդ նախագծի, եթե, իհարկե, դա թղթի վրա չմնա, գործեն օրենքները: Իսկ տվյալ պահին, նորից եմ կրկնում, փոքր ու միջին բիզնեսի զարգացման շանսեր բացարձակապես չկան: Ես էսօր կաթի ծավալի խնդիր ունեմ, եթե «Աշտարակ կաթը» եւ մյուս օլիգարխներն են մտել, այ սրա դեմ է, որ պետությունը պետք է պայքար մղի, այլապես 5-6 հոգի իրենց ձեռքը կվերցնեն ամբողջ հանրապետության բիզնեսը, թե չէ՝ ինչքան ուզում ես գործդ լավ կազմակերպի, փոքրը անուժ է, մեկ է՝ օլիգարխը խեղդելու է: Եթե պետությունը նորմալ ծրագրեր մշակի՝ փոքր բիզնեսը շատ արագ կզարգանա, երկիրն առանց փոքրերի չեմ կարծում կկայանա, ամբողջ աշխարհն է գոյատեւում փոքր ու միջին բիզնեսի հաշվին, աշխատատեղերը հենց մեր հաշվին են ստեղծվում: Ես, օրինակ, ունեի 24 աշխատատեղ, հիմա կրճատել-թողել եմ 8-ը, դա հիմնականում կապված է կաթի քանակի անկման հետ»: Իսկ թե համաշխարհային տնտեսական ճգնաժամն ի՞նչ կերպ է անդրադառնում մանր ու միջին բիզնեսի վրա, ըստ մեր զրուցակցի, ճգնաժամն առայժմ չի զգացվում. «Սակայն մյուս տարի անպայման զգալի կդառնա. ժողովրդի գնողունակությունը արտերկրից եկող գումարների նվազման հետեւանքով կցածրանա, իսկ արտադրանքի իրացման ծավալները կնվազեն: Եթե ժողովրդի գնողունակությունն ընկավ, ինքնըստինքյան ապրանքը չի վաճառվի ու մենք կգնանք սնանկացման, ու դա ազդելու է բոլոր հիմնարկների վրա, մանավանդ՝ մեր տիպի, մենք հիմնականում կախված ենք ժողովրդից, իրենց ունեցած գումարներից, բոլորս էլ գիտենք, որ հայ ժողովուրդը դրսից է սնվում մեծամասամբ, սա է ազդելու, ուրիշ ուղղությամբ չի կարող ազդել»:

Աշոցքի պանրի գործարանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը եւս նույնն է փաստում, հավելելով, որ այսօր բիզնեսի զարգացման ռիսկային գործոններն ավելի են մեծանում: «Էսօր թեկուզ էն փոքր էքսպորտային մասը, որ մենք պետք է ապահովեինք, էդ մասը նույնպես որոշակի վտանգի տակ է: Մեզ մոտ պանրի կովկասյան արտադրատեսակ կար, որը համագործակցության արդյունք էր, արտահանում էինք, բայց էսօրվա եվրոպական շուկաներում տիրող իրավիճակը հետ է կանգնեցնում էդ մտքից»,- ասում է Տիգրան Պետրոսյանը: Ցուցահանդեսին մասնակցող բանկերի ներկայացուցիչներն էլ թեեւ իրենք իրենց խաբում էին, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է, տնտեսական ճգնաժամն իրենց վրա ոչնչով չի ազդել եւ չի ազդելու, սակայն նրանցից մեկը՝ «Ինեկոբանկի» վարկային բաժնի ղեկավար Ալեքսանդր Անանիկյանը, այնուամենայնիվ, կարծիք հայտնեց, որ լավագույն դեպքում բանկերը կարող են միաձուլվել, այսինքն՝ փոքր բանկերը կարող են փակվել՝ միանալով մեծերին. «Հնարավոր է՝ 2-3 բանկ մնան ու ավելի հզորանան: Առաջինը պետությունը պետք է մտածի բանկերի մասին, էսօրվա վիճակում ոչ մի բանկ պետական ստատուս չունի, էսօրվա դրությամբ Ռուսաստանի կառավարությունը բոլոր պարտքերը վերցրեց իր վրա եւ ապահովեց կոմերցիոն բոլոր բանկերին, Հայաստանի կառավարությունն էլ ժողովրդին պետք է վստահեցնի, որ պետությունը կանգնած է բանկերի թիկունքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել