Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-Ն ԴԵՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբեր 24,2008 00:00

«Բարգավաճ Հայաստանը» երեկ խմբակցության նիստում որոշել է դեմ քվեարկել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված հարկային փաթեթին, որը նախաձեռնել է կառավարությունը:

«Վարչապետն այսօր պիտի մտածի ժողովրդի մասին ու պետք է քայլեր կատարի: Իսկ այդ քայլերն էլ ժողովուրդը պետք է զգա»,- երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Իսկ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, թե գո՞հ է կառավարության ղեկավարի աշխատանքից, նա ի զորո՞ւ է իր թիմով հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետեւանքները՝ ասաց. «Կարճ ժամանակահատվածում դա չի երեւում, բայց համենայնդեպս՝ եթե այդ պաշտոնը ստանձնած է, նա պարտավոր է իր աշխատանքով ապացուցել ու ցույց տալ, որ նախկինից իր աշխատանքով ավելի լավ է»: Հետո հավելեց, թե ներկա ճգնաժամի պայմաններում «մենք պետք է կարողանանք հնարավորություն տալ թեթեւացնել գործարարների հոգսը, որ աշխատատեղերի կրճատում, գործազրկություն չլինի, աշխատավարձերը չպակասեն: Դրա համար պետք է արտոնություններ տրվեն: Եվ մենք այսօր հայտարարությունն արել ենք, որ հարկ է սառեցնել բոլոր այլ հարցերը, քանի որ հիմա ճգնաժամ է եւ պիտի հնարավորություն տանք գործարարներին աշխատատեղեր չփակելու, ռոճիկները չկրճատելու, որ մարդիկ կարողանան պահել իրենց ընտանիքները: Դրա համար այս ճգնաժամի պայմաններում պիտի քայլեր կատարենք, որ ամբողջ աշխարհը՝ Ամերիկայից մինչեւ Ռուսաստան, անում են, արտոնություններ տրամադրում»:

Գագիկ Ծառուկյանը նաեւ ասաց, թե ճգնաժամի պատճառով համաշխարհային խոշոր ընկերություններ են դադարեցրել աշխատանքը. «Եվ նրանց գումարներ են տրամադրում, պայմաններ ապահովում, որ այդ միլիարդանոց գործարանները կարողանան գործել: Մեզ մոտ ճգնաժամի առաջին փուլը մի քիչ թեթեւ անցավ, քանի որ մեր բանկային համակարգը լավ չի աշխատել, գործարարները բանկերից չեն օգտվել՝ ամեն մարդ ավելի շատ իր անձնականով է աշխատել: Իսկ երկրորդ ալիքը զգալի է բոլորի համար՝ ապրանքների գների իջնել-բարձրանալը, որն իրոք լուրջ խնդիր է»: Եվ նկատեց, թե կառավարությունում օրենքներ գրողները «պիտի ժողովրդի հոգեկանի եւ ապրելակերպի հետ ծանոթ լինեն՝ նոր նման որոշումներ կայացնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել