Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՉԴԱՐՁՆԵՔ

Դեկտեմբեր 24,2008 00:00

\"\"Հորդորում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը

– ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձեւի նախագիծը Հայաստանի վերաբերյալ կարո՞ղ է առիթ դառնալ, որ վերանայեք ԵԽԽՎ լիագումար նիստերին չմասնակցելու Ձեր որոշումը:

– Տակավին ոչ: Ես հայտարարել էի, թե անհրաժեշտ է, որ իշխանություններն իրենց քայլերով Հայաստանին բերեն ժողովրդավարական ու իրավական մակարդակի, որ մեր երկիրը համապատասխանի սեփական եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Միաժամանակ՝ ԵԽ-ն ինքը պետք է իր բոլոր արժեքներն ու համընդհանուր չափանիշները (մարդու իրավունքներ, մշակութային ժառանգության պահպանում, ժողովրդավարություն, օրենքի իշխանություն) հավասար կիրառի անդամ բոլոր պետությունների նկատմամբ: Այն ժամանակ ասացի, որ Հայաստանն ու Եվրոպայի խորհուրդը պետք է արժանի լինեն միմյանց: Բայց դիտարկելով թե՛ ԵԽԽՎ պարբերական շեղումները սեփական սկզբունքներից, թե՛ ՀՀ իշխանությունների կամայականություններն ու արհամարհանքը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ՝ կարելի է ասել, որ ինչ-որ աստիճանում այս երկուսն իրապես արժանի են իրար. ե՛ս եմ սխալվել:

Բայց արդեն մի առանձին պատվիրակի խնդիր չէ, այլ ամբողջ երկրի վարկի ու ժողովրդավարական հեռանկարի ու միջազգային հեղինակության: Եթե մինչեւ հունվարյան նստաշրջանը քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, եթե «7»-ի գործը չկարճվի կամ համաներում չկիրառվի՝ Հայաստանն իր պատվիրակության միջոցով ենթարկվելու է պատժամիջոցների: Եվ ես պարզապես մեծ ցավ ու ամոթ եմ զգում, որ Հայաստանի նախագահական իշխանությունը մեր պետականությունը, ազգային շահը, մեր արտաքին քաղաքական խնդիրներն իրացնելու կարողականությունը ու նաեւ մեր պատվիրակության գործունեությունը դնում է հարվածի տակ: Այս պատվիրակությունը միգուցե ամենափոքրիկ զոհն է այս ամենի, քանի որ այստեղ կան ավելի մեծ կորուստներ երկրի եւ մեր քաղաքացիների համար:

– Սակայն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամներն էլ են փորձեր անում արդարացնել իշխանության գործողությունները՝ առաջարկվող պատժամիջոցը բացատրելով երկակի չափանիշներով: Հայտնի է, որ մեր պատվիրակները Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում էլ էին բողոքել, թե ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ նման խիստ պատժամիջոցներ չի կիրառել՝ այն դեպքում, երբ ընդունում է, որ այնտեղ կան քաղբանտարկյալներ: Ձեզ համար այս փաստարկը որքանո՞վ է հիմնավոր, թե ԵԽ-ն այս դեպքում կիրառել է երկակի չափանիշներ:

– Երկակի չափանիշների ամբաստանությունը քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների տեւական ուղեկիցն է: Եվ միայն Հայաստանը կամ հայկական պատվիրակները չեն, որ դրա մասին բարձրաձայնում են՝ յուրաքանչյուր, հատկապես՝ փոքր երկիր հղում կատարում է երկակի չափանիշներին:

Քաղաքական զարգացումները ես ավելի հակված եմ վերլուծել համընդհանուր չափանիշների համահավասար կիրառման բանաձեւով: Համարում եմ, որ Հայաստանը պետք է չափվի ժողովրդավարական բարձրագույն չափանիշների համապատասխան, եւ որեւէ պատրվակ, հատուկ արտոնություն պետք չէ: Թե Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը կամ մնացածներն ի՞նչ են անում իրենց տան ներսում՝ իհարկե, հետաքրքրում է, բայց ինձ հուզում է Հայաստանի իրավականությունը: Երկակի չափանիշները՝ իրենց տեղին, բայց սա պատրվակ չէ, որ Հայաստանը չկատարի իր հանձնառությունները եւ չհամապատասխանի ժողովրդավարական չափանիշներին:

Իմ գործընկերները, որոնք ներկա էին Մոնիտորինգի հանձնաժողովում՝ շատ ակտիվ գործունեություն են ծավալում ԵԽԽՎ-ում, շատ լավ պատվիրակներ են: Եվ պատահում է, որ անգամ պետք եղածից ավելի շատ են ստիպված պաշտպանել պաշտոնական գիծը: Երբ որ իրենք ներկայացնում են այն՝ արդեն ակնհայտ է, որ այս մարդիկ, որոնք մեծ մասամբ բարեխիղճ պատգամավորներ են՝ դա անում են ուղղակի ստիպված: Ու հիմա եթե որեւէ մեկի մոտ կա այդ մտահղացումը, որ իրենց քավության նոխազի վերածեն, պատվիրակության վրա ջարդեն պատասխանատվությունը՝ սա հերթական ինքնապատրանքը կլինի: Ուղղակի իշխանությունն այս բավական լավ գործող պատվիրակությանը դրել է այն վիճակի մեջ, որ փոխանակ իրենց ողջ էներգիան, կազմակերպչական ունակություններն օգտագործեն Հայաստանի ազգային շահին վերաբերող արտաքին հարցերը դիմագրավելու՝ իրենք ստիպված են պաշտպանել այնպիսի գիծ, որն արդեն անպաշտպանելի է, անընդունելի՝ թե՛ Հայաստանի համար, թե՛ Եվրոպայի խորհրդի:

– Ինչպե՞ս եք գնահատում իշխանության արձագանքը Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագծին: Առայժմ կարծես հակվածություն չկա կատարելու այդ փաստաթղթի հիմնական պահանջը եւ հայտարարելու համաներում:

– Ամեն ինչ բավական հստակ է հիմա: Անձամբ ես իմ համեստ կոչերով, «Ժառանգությունն» իր տեւական խնդրանքներով ու երկխոսության ծրագրերով հուշել ենք այս իշխանությանը, որ անհրաժեշտ է արտահերթ քայլերի իրացում: Բայց անհաղորդ են մնացել այդ խնդրանքներին: Հիմա արդեն ահազանգը գալիս է Ստրասբուրգից, եւ միջազգային կառույցներն են արդեն պահանջում: Ու Հայաստանի իշխանությունը պետք է որոշի՝ ինչպե՞ս է դասավորելու իր հարաբերությունն այդ կառույցի հետ:

Ամենացավալին այն է, որ այս կարճատե՛ս, գավառայի՛ն, ինքնագո՛հ քաղաքականության զոհը դառնում են Հայաստանի քաղաքացին, մեր երկրի ժողովրդավարական վարկը ու նաեւ Արցախի ազատությունը եւ ինքնիշխանությունը: Այս քայլերն ուղղակիորեն վնասում ու հարվածում են թե՛ Հայաստանի ինտեգրմանը, թե՛ Արցախի հեռանկարներին: Ու թող ոչ մեկը մեղավոր չփնտրի ո՛չ արտաքին աշխարհում, ո՛չ դավային տեսություններում, ո՛չ էլ ընդդիմության դասում կամ քաղբանտարկյալների մոտ: Մեղքը եւ պատասխանատվությունն այսօր Հայաստանի նախագահական նստավայրում են: Եվ անհրաժեշտ է, որ մինչեւ հունվարի նստաշրջան քայլ կատարվի՝ նվազագույնն ազատ արձակելով բոլոր քաղբանտարկյալներին եւ հավաստելով, որ մարտի 1-ի փաստահավաք խումբը կշարունակի ճշմարտության որոնումը՝ իր ծիրի մեջ ընդունելով նաեւ բոլոր վկաներին, այդ թվում՝ Հայաստանի երեք նախագահներին, երկրորդ նախագահից սկսյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել