Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽՎԵԼ ԷՐ

Դեկտեմբեր 24,2008 00:00

\"\"«Յոթի» դատավարությունը երեկ անակնկալ ընթացք եւ կտրուկ փոփոխություն արձանագրեց

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում պիտի շարունակվեր «Յոթի» գործով դատավարությունը: Դատարանի շենքն ու հարող տարածքը լիքն էին ոստիկանության տարբեր տրամաչափի աշխատակիցներով ու «կարմիր բերետավորներով»: Վերջիններս ու դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկվա նիստից առաջ իշխանությունների կողմից, ըստ ամենայնի, հատուկ պատրաստություն էին անցել՝ դատը հետաձգելու, ամբաստանվող քաղբանտարկյալների եւ նրանց հարազատների վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու համար: Նախ, ոստիկանությանը հրաման էր տրվել նիստերի դահլիճ թողնել տուժողներին, հետո միայն՝ ամբաստանվողների հարազատներին, որոնց գերակշիռ մասին երեկ այդպես էլ չհաջողվեց դատարանի շենք մտնել: Պատճառաբանությունը մեկն էր՝ դահլիճում նստելու տեղ չկա: Փոխարենը դահլիճի 1/3-ը՝ բոլոր նստարանների վերջին 3 շարքերը, զբաղեցրել էին ՀՀ ոստիկանության Կենտրոնի ու այլ համայնքների բաժինների, Երեւան քաղաքի վարչության տարբեր ռանգի սպաներն ու ջահել՝ իրենց լկտի պահող «օպերները»: Այդ ամենը հարուցեց ամբաստանվողների հարազատների զայրույթը, իսկ ոստիկանները, վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններ անելով, փորձում էին լեզվակռիվ սադրել ու իրավիճակը հունից հանել: Երեկ մի նորամուծություն էլ կար. որոշել էին դատը լուսաբանող լրագրողներին քշել նիստերի դահլիճից՝ նրանց հորդորելով դատական նիստին հետեւել մի սենյակից, որտեղ մոնիտոր էր դրված եւ որտեղից ոչինչ տեսնել, առավել եւս՝ լսել հնարավոր չէր: Իսկ ահա նիստերի դահլիճի՝ ապակիներով առանձնացված երկու կողմերում Հ1-ի օպերատորների համար ստեղծվել էին «ստեղծագործելու» հարմար պայմաններ:

Դատական նիստը շուրջ 40 րոպե չէր սկսվում: Վերջապես նիստերի դահլիճ բերեցին 7 քաղբանտարկյալներին: Ժամանեց նաեւ դատավոր Մարտիրոսյանը: Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ ինքը հայտարարություն է ուզում անել, ինչը դատավորը թույլ չտվեց: Փոխարենը արդարացավ, թե նիստը հետաձգվում էր Գրիգոր Ոսկերչյանին դատարան ուշ բերելու՝ նրա առողջական վիճակի պատճառով: Այստեղ ամբաստանվողներն ընդվզեցին, ու Ալ. Արզումանյանը դատավորից պահանջեց ասել ողջ ճշմարտությունը եւ հայտարարեց, որ պատճառը ոչ թե Ոսկերչյանի առողջական վիճակն է, այլ այն, որ նրան ծեծի են ենթարկել: Դատավորն արագ տեմպերով հավաքեց իրերն ու, 30 րոպե ընդմիջում հայտարարելով, փախավ դահլիճից: Ընդմիջումից հետո, երբ դատավորը դահլիճ մտավ ու տեսավ, որ իր գալուստը քաղբանտարկյալները «չհարգեցին»՝ ոտքի չկանգնեցին, հայտարարեց բոլոր 7 անձանց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նիստերի դահլիճից հեռացնելու իր որոշման մասին եւ հայտարարեց ընդմիջում՝ մինչեւ, իր ձեւակերպմամբ՝ «հոկտեմբերի 27»-ը: Ալ. Արզումանյանը հասցրեց միայն նկատել, որ, փաստորեն, «Հոկտեմբերի 27»-ը շարունակվում է:

Արդեն դատարանի շենքից դուրս պաշտպանական կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրավապահների ուժեղացված ծառայությունը, դատարանի դահլիճում քաղաքացիական համազգեստով մեծ թվով ոստիկանների առկայությունն ու նրանց գռեհիկ պահվածքը, լրագրողներին առաջադրված պայմանները խոսում են իշխանությունների կողմից նախապատրաստված հերթական սադրանքի մասին: Պաշտպանները հայտարարեցին, որ իշխանությունները դատաքննության հրապարակայնությունից վախենում են, որովհետեւ դատաքննությամբ ապացուցվելու է 7 քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների սնանկությունը եւ իրական մեղավորների ինքնությունը: Նրանք տեղի ունեցածը բացատրեցին նաեւ ամբաստանվողներին հոգեբանորեն ճնշելու՝ իշխանության փորձերով: Պաշտպանների համոզմամբ՝ իշխանությունները որոշել են հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անել՝ դատը դռնփակ՝ «դաշտային դատարանի» պայմաններում անցկացնելու համար՝ դատավարության լուսաբանման մենաշնորհը թողնելով միայն Հ1-ին՝ միակողմանի տեղեկատվություն տարածելու եւ հասարակության շրջանում համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար: Հովիկ Արսենյանն ակնհայտ համարեց, որ «դատավորին հանձնարարություն է տրված փորձել վերահսկողության տակ առնել դատավարությունը, որպեսզի այն այսուհետ ընթանա իրենց համար կանխատեսելի սցենարով, ինչը չի ստացվելու»:

Իսկ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը փոխանցեց, որ դատարանը խախտեց օրենքն ու չարձանագրեց կատարված քրեական հանցագործության փաստը: Այն է՝ երեկ առավոտյան, մինչեւ դատարան բերելը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական պատիժների իրականացման վարչության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ստուգել են Գ. Ոսկերչյանի խուցը, խցում եղած մյուս բոլոր կալանավորներին խցից դուրս են հանել՝ թողնելով միայն Ոսկերչյանին, հարցրել են՝ ո՞ր հոդվածով ես մեղադրվում, եւ իմանալով, որ նա «Յոթի» գործով եւ 300-րդ հոդվածով ամբաստանյալներից մեկն է, անմիջապես սկսել են հարվածներ հասցնել նրա դեմքին, նաեւ ականջի հատվածում: Ոսկերչյանը իրեն ծեծողներին դեմքով ճանաչում է:

Ստ. Ոսկանյանն ասաց, թե կատարված հանցագործության մասին ինքը համապատասխան հաղորդագրություն կուղղի ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով կատարվածին իրավական գնահատական տալ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Երեկ, ավելի ուշ, պարզ դարձավ, որ սա քաղկալանավորին ծեծի ենթարկելու միակ դեպքը չէ: Պարզվում է, երեկ «Նուբարաշենում», բացի Ոսկերչյանից, ծեծի են ենթարկվել եւս երկուսը, որոնցից մեկին նույնիսկ տեղափոխել են հիվանդանոց: Վերջինիս անձը ճշտել չհաջողվեց, բայց ծեծի ենթարկվածներից մեկը 5 տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Մանուկյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել