Շաբաթ օրը ՀՖՖ նիստերի դահլիճում կայացած ՀՖՖ ԻԱՄ-ի վեցերորդ համաժողովի ժամանակ ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Օրակարգային բոլոր հարցերը՝ ընդհանուր ժողովի իրավազորություն, օրակարգ, նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատում, հաշվիչ հանձնաժողովի եւ քարտուղարության ընտրություն, ՀՖՖ նախագահի հաշվետվություն, ֆեդերացիայի՝ 01.11.06-01.11.08 թթ. ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություն եւ հաշվեկշռի հաստատում, աուդիտորական զեկույց, սպառելուց հետո համաժողովը քննարկեց ֆեդերացիայի գործկոմի անդամ, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման (կապված գործկոմի նիստերից վերջինի հաճախակի բացակայության հետ) եւ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը (ՀՖՖ ԻԱՄ) անդամագրվելու դիմումը: Քվեարկությամբ որոշվեց Արամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնել եւ Ֆեդերացիայի գործկոմի անդամ ընտրել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւ բավարարել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի դիմումը:
Համաժողովի ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հրավիրեց տարեվերջյան մամուլի ասուլիսի:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե ՀՖՖ նախագահն ինչպե՞ս է գնահատում երկրի առաջնության ընթացքը՝ նկատի առնելով նաեւ «Փյունիկ»-«Արարատ» թիմերի միջեւ կայացած եզրափակիչ տուրի եւ «ոսկե» խաղի շուրջ բորբոքված աղմուկը:
– Առաջնության ամբողջ ընթացքը գնահատում եմ նորմալ: Հատկապես վերջին խաղը՝ փայլուն: Միանգամից ասեմ, որ մրցավարի աշխատանքը գնահատում եմ գերազանց: Ինչ վերաբերում է «Փյունիկ»-«Արարատ» նախավերջին հանդիպմանը, խայտառակություն էր: Որովհետեւ չկայացած ինչ-որ մեկը 2000 մարդու ներկայությամբ հայհոյանքներ է տալիս: Ցավում եմ, որ վերջին խաղերին եղան մարդիկ, որոնք արհեստական ինտրիգներ սարքեցին: Ցավում եմ նաեւ, որ եղան որոշ լրագրողներ, որոնք ընկան նրանց սադրանքների ազդեցության տակ: Այո, ցավալի է, որ «Արարատի» ղեկավար, չգիտես որտեղից հայտնված ոչնչությունները գալիս են Հայաստան ու խառնում ամեն ինչ: Եվ դա այն դեպքում, երբ ես երկու տարի զգուշացնում եմ, որ նրանց հայկական ֆուտբոլը, իրենց թիմի չեմպիոն կամ փոխչեմպիոն դառնալն ամենեւին չի հետաքրքրում: Նրանց գերնպատակը քանդելը, վարկաբեկելն է: Ավելին ասեմ, երբ այդ Սեմյոնով կոչվածին ես 15 մարդու ներկայությամբ հարցրեցի, թե ինչո՞ւ էիր հայհոյում, պատասխանեց, թե՝ ձեզ չէ, լրագրողներին էի հայհոյում, որովհետեւ այսօր մամուլի ասուլիսում նրանք ասում էին, թե միեւնույն է՝ չենք հաղթելու: Տեսա՞ն, ոնց հաղթեցինք: Դրանից հետո այդ նույն մարդուկը սպասեց մինչեւ իրենց սեփականատերը գա Հայաստան եւ, նրա հետ խորհրդակցելով, որոշեց ասուլիս հրավիրել ու նորմալ, անվնաս տեսքով նստած հայտարարել, իբր ես նրան առեւանգել, հարվածել եմ, եւ ինձ դատի է տալու: Ինչո՞ւ մինչեւ հիմա դատի չեն տալիս:
Ի՞նչ իրավունքով են մրցավարին հայհոյում, որը ֆեդերացիայի, իմ աշխատողը լինելուց առաջ, նախ եւ առաջ՝ հայ տղամարդ է, ունի ընտանիք, հարազատություն եւ իրեն ճանաչող ու հարգող ընկերներ: Իսկ ես, որպես ֆեդերացիայի նախագահ, պարտավոր եմ պաշտպանել իմ ղեկավարած համակարգի իր պաշտոնական պարտականությունները կատարող աշխատողին, որը հիմա անում եմ:
Եթե հաղթում են, դա միայն նրանց մարզչական փայլուն մտքի, ընտրված տակտիկայի արդյո՞ւնք է: Իսկ հենց միավոր են կորցնում, մրցավա՞րն է մեղավոր եւ ֆեդերացիա՞ն: Այս բանը շարունակվում է տարիներ՝ սկսած 90-ականների սկզբից: Լավ, ասենք, ես վատն եմ: Բա իմ նախորդնե՞րը, որոնց հետ էլ մշտապես նույն խնդիրներն են ունեցել: Նման բան չի լինում:
Ես միշտ գործել եմ օրենքի սահմաններում, որպես ՀՖՖ նախագահ՝ ամեն բան արել ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման, ֆեդերացիայի, ակումբների, ֆուտբոլիստների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման ու պահպանման: Բայց երեւում է, որ օրենքը, պարկեշտ մարդկային հարաբերությունները չեն անցնում: Հիմա հայտարարում եմ, որ այսուհետեւ արդեն անձամբ եմ պատժելու բոլոր կարգազանցներին: Ով դա լինի՝ ֆուտբոլիստ, մարզիչ, ակումբի նախագահ կամ սեփականատեր, թեկուզ շշուկով հայհոյի մրցավարին, փորձի արհեստական ինտրիգներ սարքել, կամ իր պարտականությունները կատարող պաշտոնական որեւէ անձի վիրավորելու իրավունք վերապահել, ամենայն խստությամբ կենթարկվի օրենքով վերապահվող պատժի առավելագույնին: Արդեն բավական է:
«Արարատի» արդեն նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը, իր հրավիրած ասուլիսում, որին մի քանի լրագրողներով էինք ներկա, հայտարարեց, որ Դուք իրեն առնվազն երեք անգամ ֆեդերացիայի հետ «Արարատի» ունեցած սարքովի հակասությունները վերացնելու առաջարկ եք արել, բայց ակումբի ղեկավարությունը ընդառաջ ոչ մի քայլ չի արել»,- «Առավոտի» այս հարցին Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց.
– Ես արդեն ասացի, որ ակումբի տերերին ֆուտբոլը, հատկապես հայկական ֆուտբոլն ամենեւին չի հետաքրքրում: Նրանք այլ նպատակներ են հետապնդում: Ասածիս բազմաթիվ ապացույցներ ունեմ, որոնցից բերեմ ընդամենը մեկ-երկուսը: «Միկայի» եւ «Բանանցի» սեփականատերերը, աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրենց թիմի պատասխանատու հանդիպումներին անձամբ ներկա լինելու համար թեկուզ մի քանի ժամով գալիս են, հանդիպում ֆուտբոլիստներին, ոգեւորում նրանց ու միայն հանդիպումը դաշտում անձամբ դիտելուց հետո վերադառնում իրենց գործին: Սա նորմալ է, եւ ճիշտը դա է: Իսկ «Արարատի» տերերը թքած ունեն նման զգացողությունների վրա: Նրանք, որ բնակվում են Շվեյցարիայում, ժամանակ, ավելի ճիշտ՝ ցանկություն էլ չեն ունենում անգամ որպես սովորական հանդիսատես «Արարատի»՝ իրենց իսկ երկրում ընթացող խաղին թեկուզ տրիբունայի հեռավոր անկյունից հետեւելու: Եվ եթե այդ մարդիկ այդ օրերին իրենց Հայաստան չգալը բացատրում են ինքնաթիռում վատ զգալով, Շվեյցարիան այն երկիրն է, որտեղ ամենաերկար ճանապարհը մոտ 200 կիլոմետր է: Հետեւաբար, կարող էին անձնական ավտոմեքենայով գալ մրցավայր: Շատ այլ բաներ էլ են եղել, որոնց մասին գերադասել ենք լռել՝ կրկին հայկական ֆուտբոլի շահերից ելնելով: Բայց, երեւում է, արդեն իրերն իրենց իսկական անուններով անվանելու ժամանակն է: Ես ասեմ, դուք գնահատական տվեք: Բազում դեպքեր են եղել, երբ նույն «Արարատի» ֆուտբոլիստները եկել են ֆեդերացիա, դժգոհել, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, էլ չեմ ասում խոստացված պարգեւավճարների մասին: Անգամ որոշել էին «Միկայի» հետ խաղը բոյկոտել: Անձամբ եմ նրանց համոզել, ի վերջո սաստել, որ նման քայլի դեպքում խստագույնս կպատժվեն: Եթե սխալ եմ վարվել, մեղադրեք: Ստացվում է, որ «Արարատի» տերերը իրենց թիմի համար ճակատագրական նշանակություն ունեցող հանդիպումներին ի վիճակի չեն ներկա լինել՝ ինքնաթիռում իրենց վատ զգալու պատճառով, բայց հենց բանը հասնում է նոր սադրանքներին, իրենցից առողջ մարդ չկա՞: Խոսակցություններ կան, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է եկող տարվա Հայաստանի առաջնությանը ձեւական մասնակցություն ունենալ: Չեմ ուզում հավատալ դրան: Բայց, եթե դա իրոք այդպես լինի, ձեւը կգտնենք ու նրանց «սիրած ու նվիրական» «Արարատ» անունը, առանց որի չեն կարողանում ապրել, կվերցնենք ու կտանք մեկ ուրիշի, նրան, ում համար իսկապես Արարատ անունը թանկ է, նրան, ով մտահոգված է հայկական ֆուտբոլի ապագայով: