Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում գիտությա՞մբ կզբաղվեն

Դեկտեմբեր 23,2008 00:00

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը նման հույս ունի

Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հասարակական լսումներ էր հրավիրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքի իմպլեմենտացիայի վերաբերյալ» օրենքի կիրառման ժամկետի երկարացման կամ չերկարացման հարցի վերաբերյալ: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ դատախազության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նրանց խոսքից պարզ դարձավ, որ միտված են եւս մեկ անգամ երկարացնել օրենքի ժամկետը:

Ըստ 2003-ի դեկտեմբերի 17-ին ընդունված օրենքի՝ պարտադիր զինծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացին կարող է յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով գումար վճարել, որի հետեւանքով անձի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, կտրվի զինգրքույկ եւ կհաշվառվի պահեստազորում: Օրենքը նախատեսում է նաեւ ըստ անձերի դասակարգման տարբեր դրույքաչափեր՝ սահմանելով անգամ 0-ական վճար, եթե, ասենք, անձն ունի 3 զավակ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը ԵԱՀԿ-ի հետ որոշ ուսումնասիրություններ է կատարել օրենքի կիրառման արդյունավետության վերաբերյալ: Երբ նշված օրենքն ընդունվում էր, պայմանավորվածություն կար, որ այն միանգամյա կիրառման է, սակայն դրանից հետո ժամկետը երկարացվեց:

Ըստ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի՝ երկարացման խնդիր այժմ էլ առաջացել է. «Բազում դիմումներ ենք ստանում, 50 նամակ մենք ենք ստացել, մոտ 100՝ գլխավոր դատախազությունն ու պաշտպանության նախարարությունը: Չգիտենք՝ ինչ անել»:

Լրագրողները ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս օրենքի կիրառման ժամկետի երկարացումը չի դառնա սովորություն: «Կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն դեռ չկա, դա վերապահված է ՀՀ կառավարությանը եւ ԱԺ պատգամավորներին: 2004-ի մարտից մինչեւ 2008-ի դեկտեմբերի 12-ը 4045 գործ է քննարկվել, հաստատվել է 4002 որոշում, որոնց համաձայն՝ վճարումներ են կատարվել: Մինչեւ 2008-ի դեկտեմբեր մուծվել է 2 միլիարդ 703 միլիոն 156 հազար դրամ՝ ՊՆ հատուկ հաշվեհամարին: Իհարկե, որոշ մարդիկ նույնիսկ կարող է պլանավորեն գնալ արտասահման, գալ եւ վճարել»,- հնչեց պատասխանը:

ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սարգիս Մնացականյանն իր ելույթում նշեց. «Զինկոմիսարիատներում մեծ թիվ են կազմում կցագրումներից խուսափողները: Դա թույլ չի տալիս պատկերացում ունենալ զորակոչային ռեսուրսների քանակի եւ որակի մասին, մյուս կողմից էլ զրկում են նախազորակոչիկներին՝ ժամանակին բժշկական զննումի ենթարկվելուց եւ հայտնաբերված հիվանդության բուժման համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուց: Չկցագրվածների մեծ մասը բացակայել է Հայաստանից եւ որեւէ պաշտոնատար անձ չի ենթարկվել պատասխանատվության»:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը հարցրեց՝ թե ինչո՞ւ օրենքը չի կիրառվել լրագրող Արման Բաբաջանյանի նկատմամբ: Ա. Աղաբեկյանը պատասխանեց. «Արման Բաբաջանյանի գործը դատական ավարտ է ունեցել եւ անհամաձայնության դեպքում կան դրա բողոքարկման տարբերակները»: Դ. Հակոբյանը նաեւ հետաքրքրվեց՝ եղե՞լ են դեպքեր, երբ կիրառվել է սխալ դրույքաչափ: «Այո, եղել են՝ այն պարզաբանումով, որ տվյալ անձը ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ուստի մինչեւ այդ պետության քաղաքացի դառնալն է հաշվարկվել նրա նկատմամբ դրույքաչափը»:

Վերջերս ուսանողների շրջանում լուրջ մտահոգություն է առաջացրել այն հարցը, թե ԱԺ-ն պիտի օրենք ընդունի, ըստ որի՝ բոլոր 18 տարին լրացած անձինք պիտի զորակոչվեն բանակ: «Առավոտը» Ա. Նազարյանից հետաքրքրվեց՝ այդ գործընթացները ի՞նչ փուլում են գտնվում: «Այս տարվա կտրվածքով նման բան շրջանառության մեջ չի դրված, մյուս տարի գուցե քննարկվի»,- ասաց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք, թե այդպիսի օրենքի ընդունումը որքանո՞վ արդյունավետ կլինի: «Դա ունի դրական կողմեր. օրինակ՝ հավասար պայմաններ կստեղծվեն արական սեռի բոլոր անձանց համար, բուհական համակարգի մասով կլինի հավասարություն: Եթե այժմ տարկետման իրավունքից օգտվում են պետական բուհերի եւ պետական հավատարմագրում ստացած համալսարանների ուսանողները, ապա օրենքի ընդունման դեպքում այդ հարցը դուրս կգա եւ կստեղծվի հավասար մրցակցային դաշտ»,- պատասխանեց փոխնախարարը: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում արդյո՞ք չեն խոչընդոտի պոտենցիալ ունեցող երիտասարդներին ապագայում կրթությունը շարունակելու եւ գիտությամբ զբաղվելու համար, Ա. Նազարյանը պատասխանեց. «Պիտի համապատասխան պայմաններ ստեղծվեն զորամասերում, որ երիտասարդները կարողանան օգտվել համապատասխան գրականությունից, կապի միջոցներից, որպեսզի միշտ մնան կրթական միջավայրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել