Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂՎԵՍԸ ՊՈՉԻՆ ՎԿԱ Է ԿԱՆՉՈՒՄ»

Դեկտեմբեր 23,2008 00:00

\"\"Ասում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:

– Պարոն Բաբայան, լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ազատազրկված դատապարտյալները իշխանության ներկայացուցիչների կողմից կիրառվող հոգեբանական ճնշումների ազդեցության տակ դիմում են հանրապետության նախագահին՝ ներում շնորհելու միջնորդությամբ: Նույնիսկ կալանքից ազատվածներից մեկը հայտնեց, որ իրեն տարել են հիմնարկի պետի առանձնասենյակ, եւ ինչ-որ թուղթ են տվել ստորագրելու, իսկ ինքը կարծել է, թե դա համաներման միջնորդություն է: Ինչպե՞ս կբացատրեք այս պնդումները:

– Լրատվության առանձին միջոցներով իսկապես նման անհեթեթ տեղեկություններ են հրապարակվում, սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ այդ հրապարակումների իրական նպատակը: Նախկինում բազմիցս նշել եմ, որ քաղաքական որոշ ուժեր դիմում են հատուկ հնարքների՝ քրեակատարողական համակարգը քաղաքական ինտրիգների մեջ ներքաշելու նպատակով, եւ նշված հնարքների իրագործման փուլում մեծ աջակցություն են ստանում այդ ուժերին սատարող լրատվամիջոցները, որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ: Լրատվության միջոցներն իրենց ստացած «հավաստի» տեղեկությունների իսկությունը ստուգելու համար հիմնականում ճշտում են պաշտոնական աղբյուրից, սակայն այս կեղծ տեղեկատվության վերաբերյալ որեւէ անգամ որեւէ լրագրող չի դիմել մեզ՝ պարզաբանում ստանալու նպատակով: Նրանք խուսափում են անգամ ստանալ պաշտոնական տեղեկատվությունը եւ յուրովի մեկնաբանել, սա եւս իրենց զինանոցին ծանոթ հնարք է: Օրինակ, երբ հրապարակվեց այն տեղեկությունը, թե իբր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ա. Աֆրիկյանն իր մոտ է կանչել դատապարտյալին եւ ստիպել կամ համոզել ներում շնորհելու միջնորդություն ստորագրել, որեւէ լրատվության ներկայացուցիչ մեզ չդիմեց պարզելու համար, թե դա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: Համոզված եմ, որ էականը ոչ թե օբյեկտիվ եւ անաչառ տեղեկության հրապարակումն էր, այլ այն, որ հրապարակվեին քաղաքական որոշ ուժերի նկատառումներին համահունչ լուրեր: Այլ կերպ ասած՝ աղբյուրը մեկն է, որը միաժամանակ եւ՛ տեսակետի, եւ՛ ապացույցի դերակատարում ունի: Նման դեպքերում ասում են. «Աղվեսը պոչին վկա է կանչում»:

– Մեր աղբյուրների պնդմամբ, կալանավայրում կիրառվել են բռնություններ՝ այդ անձանց կողմից ներման դիմումները կորզելու նպատակով:

– Արդեն նշեցի, որ այդ կարգի տեղեկությունները որեւէ աղերս չունեն իրականության հետ, ինչի ապացույցը հենց ներում շնորհված քաղաքացիների ելութներն են: «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում նրանցից մեկը հերքում էր իր նկատմամբ կիրառված որեւէ խոշտանգում կամ բռնություն, այդ թվում՝ իր դիմումի կապակցությամբ: Բազմիցս այդ կարգի տեղեկատվությունը պարզելու առումով այցեր են կազմակերպել նաեւ միջազգային կառույցների եւ լրատվության ներկայացուցիչները, սակայն վերջիններիս կողմից գեթ մեկ դեպք չի արձանագրվել: Պատահական չէ, որ այդպիսի բռնությունների մասին որեւէ ակնարկ անգամ չկա միջազգային զեկույցներում: Իրականում շփումները տեղի են ունենում հետեւյալ կարգով. ցանկացած կալանավորված կամ դատապարտված անձ, երբ դիմում է ՔԿՀ պետին՝ ընդունելության խնդրանքով, ապա նրա դիմումն անվերապահորեն բավարարվում է: Ընդունելության ընթացքում հիմնարկի պետը հանգամանորեն պարզաբանում է դատապարտյալին հուզող հարցերը, լսում վերջինիս բողոքները: Այդ հարցերի շրջանակը, բնականաբար, կարող է ընդգրկել նաեւ դատապարտյալի ներման իրավունքը: Տվյալ դեպքում տրված պարզաբանումը միայն վառ երեւակայության դեպքում կարող է դիտվել՝ որպես կոնկրետ միջամտություն վերջինիս կամահայտնությանը: Բնականաբար, քաղաքական որոշակի կողմնորոշում ունենալու դեպքում դատապարտյալը եւս վերափոխված է ներկայացնում հիշյալ իրավիճակը:

Ինչ վերաբերում է դատապարտյալի կողմից իր արարքի համար զղջալուն եւ ներման դիմումով հանրապետության նախագահին դիմելուն, ապա դա ընդունված պրակտիկա է: Հաճախ փորձ է արվում հիշյալ ներման դիմումները ներկայացնելու իբրեւ նորույթ, որոնք նախատեսված են բացառապես հիշյալ դատապարտյալների համար: Մինչդեռ, այդպիսիք եղել են մշտապես, իսկ հանրապետության նախագահի կողմից մինչ այդ էլ ընդունվել են բազմաթիվ այդպիսի հրամանագրեր, այդ թվում՝ դրանցից ընդամենը օրեր առաջ: Շահարկվում է նաեւ առողջական վիճակի վատթար լինելը, անչափահաս երեխաներ ունենալը, ընտանեկան վատ դրությունը եւ այլն: Այս հանգամանքներն իսկապես կարող են պատճառ հանդիսանալ, որ դատապարտյալը ներման դիմում ներկայացնի, սակայն որեւէ տրամաբանությունից դուրս է, որ այդ հանգամանքներն ինքնին հիմք հանդիսանան ներում շնորհելու համար: Դատապարտյալներն ուսումնասիրվում են բազմակողմանի, վերլուծվում են անձին բնութագրող բոլոր տվյալները, որի արդյունքում է միայն հնարավոր լինում հստակ պատասխան տալ զղջման եւ ուղղման հարցին:

– Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ մարտի 1-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը հանդիպումներ է ունեցել քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական բաժինների պետերի հետ, «նրանց փոխանցել է փաթեթներ եւ պահանջել հնարավորինս շուտ ներման դիմումներ կորզել մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում ազատազրկվածներից», մանավանդ՝ նրանցից, ովքեր սոցիալապես անպաշտպան են եւ ունեն առողջական խնդիրներ:

– Նման հանդիպում տեղի չի ունեցել որեւէ ՔԿՀ աշխատակցի հետ, նրանց որեւէ նմանատիպ պահանջ կամ փաստաթուղթ չի ներկայացվել: Մենք դա արդեն պաշտոնապես հերքել ենք: Հավանաբար, այդկերպ հետապնդվում է հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանի քաղաքական վարկը նվազեցնելու եւ նրան խոցելի դարձնելու նպատակ, սակայն սա լավագույն ձեւը չէ: Նույն ձեռագրով, դեռեւս ամռանը, ստիպում էին կալանավորված կամ դատապարտված անձանց հայտարարել հացադուլներ եւ մի շարք այլ անհնազանդ քայլեր: Գրանցվել է նույնիսկ դեպք, երբ նախնական կալանքում գտնվող անձը, որոշ լրատվամիջոցների համաձայն, հացադուլում է եղել, սակայն ինքն այդ մասին իմացել է միայն հրապարակմանը ծանոթանալուց հետո, որից հետո միայն հիմնարկի պետի մոտ դիմում է գրել հացադուլ հայտարարելու վերաբերյալ: Ի դեպ, հենց այդ հացադուլների հետեւանքով է շատերի առողջական վիճակը վատացել, որը եւս հաշվարկված է եղել, քանզի հիմա արդեն շրջանառության մեջ է դրվել բռնությունների արդյունքում առողջական վիճակի վատթարացման վարկածը: Ակնհայտ է, որ այլոց առողջական վիճակը այդ անձանց համար սոսկ քաղաքական շահարկումների միջոց է: Չմոռանանք, որ հացադուլների հետեւանքով այդ մարդկանց առողջությանը երբեմն պատճառվում է անդառնալի վնաս:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ քրեակատարողական հիմնարկների գործունեության վերաբերյալ բողոքում են հատկապես նրանք, ովքեր այժմ գտնվում են ազատության մեջ:

– Միանշանակ նշել, թե ալիք է բարձրացել քրեակատարողական համակարգի վերաբերյալ՝ տեղին չէ: Դա դատարկ աղմուկ է: Այդ բողոքներում, անշուշտ, կան նաեւ իրականությանը համապատասխանող դեպքեր: Մասնավորապես, դատապարտյալների արդարացի դժգոհությունները՝ շենքային պայմաններից: Սակայն անտեսվում է, որ պետական բյուջեի այս սուղ պայմաններում անգամ շարունակվում են կալանավայրերի լայնածավալ վերանորոգումները: Որոշ կալանավայրեր վերակառուցվել են հիմնովին, կառուցվում են միանգամայն նորերը: Բողոքների մեջ մեծ թիվ են կազմում քաղաքական ենթատեքստ ունեցողները: «Վարդաշեն» ՔԿՀ-ում, մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվածներից մեկը զանգահարել էր ձեր՝ «Առավոտ» օրաթերթին եւ իր գոհունակությունը հայտնել կալանավայրի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել