Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ-ն կդիմի Եվրոդատարան

Դեկտեմբեր 23,2008 00:00

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Գյումրիի քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության միջեւ հեռուստաաշտարակի համար ծագած վիճաբանության քննությունը:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը՝ իշխանությունների հրահանգով որոշել էր եթերազրկել հեռուստաընկերությունը՝ նրանից խլելով տիրազուրկ հեռուստաաշտարակը: Քաղաքապետը, հապշտապ սեփականաշնորհելով այն, դատի տվեց ԳԱԼԱ-ին ու պահանջեց անհապաղ ազատել հեռուստաշտարակը: Դատավոր Արմեն Խաչատրյանը բավարարեց քաղաքապետարանի հայցը: Այս գործին խառնվեցին միջազգային կառույցները, արդյունքում հոկտեմբերի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ստիպված եղավ բավարարել ԳԱԼԱ-ի բողոքը՝ գործը հետ ուղարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ մեզ ԳԱԼԱ-ի շահերի պաշտպան Կարեն Թումանյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ կողմերն անհավասար պայմաններում են եղել, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հարկադրել է բավարարել հեռուստաընկերության՝ շինարարական-տեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունները. «Իսկ փորձաքննությունը կպարզի՝ արդյոք հեռուստաաշտարակի վրա գտնվող սարքավորումներն այլ վայր տեղափոխվելու դեպքում նույն որակով եւ նույն ծավալով կապահովե՞ն ԳԱԼԱ-ի հաղորդումների ծածկույթը, թե՞ ոչ: Այս անգամ կարողացանք դատական պրոցեսները բերել ժողովրդավարական դաշտ: Անցած դատական նիստերին դատարանը, օգտվելով իր դատավարական լիազորություններից, փորձում էր արագ անջատել ԳԱԼԱ-ի մալուխը, արդարադատություն չկար»:

Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ն, բացի հեռուստաաշտարակի խնդրից, Վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաեւ Հարկային պետական ծառայության դեմ, որը հեռուստաընկերության վրա գործ էր սարքել՝ ստուգումները դեռ չսկսած 26 899 955 դրամի պարտք էր «նկարել», որը հեռուստամարաթոնի միջոցով փակեցին գյումրեցիները: ԳԱԼԱ-ի շահերի պաշտպանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր փուլում է այս գործը: Պարզվեց, որ Վճռաբեկը անհասկանալի հիմքերով հետ է վերադարձրել հեռուստաընկերության բողոքը: «Պատրաստվում ենք Եվրոպական դատարան դիմել 10-րդ եւ 6-րդ հոդվածների խախտման հետ կապված: Առաջին ատյանի դատարանի թույլ տված դատավարական խախտումներն արդեն հիմնավորված են, քանի որ հեռուստաընկերության դեմ ցուցմունքներ կամ բացատրություններ տված անձինք առերես չեն հարցաքննվել, այսինքն՝ մեզ հնարավորություն չտվեցին հարցեր տալ այն անձանց, ովքեր ցուցմունքներ են տվել, որ ԳԱԼԱ-ին գումարներ են վճարել գովազդների համար: Էդ մարդիկ իրականում գոյություն ունեն, թե՝ չէ, չգիտեմ: Դա Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցեր տալու այն անձին, ով իրեն մեղադրող որոշակի տեղեկություններ է հայտնել իրավապահ մարմիններին»,- ասաց Կարեն Թումանյանը:

Այսօրվա դատական նիստին քաղաքապետարանի իրավաբանը չէր ներկայացել, որի պատճառով դատը հետաձգվեց մինչեւ մյուս տարվա հունվարի 14-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել