Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱՌԱՊԵ՞Ն

Դեկտեմբեր 23,2008 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը սկսվեց նրանով, որ դատավոր Ժորա Վարդանյանը մերժեց նախորդ նիստին պաշտպանական կողմի՝ ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը նոր միջնորդությամբ հանդես եկան՝ պահանջելով որպես վկա դատարան հրավիրել Սմբատ Այվազյանին, Վարդան Կիրակոսյանին եւ Արտակ Սիսակյանին, որոնք բերման են ենթարկվել, երբ արդեն «6»-ում են եղել Գագիկ Ջհանգիրյանն ու նրա եղբայրը: Հետեւաբար, կարող են ապացույցներ տրամադրել դատարանին: Այս միջնորդությունը դատավորը եւս մերժեց, պատճառաբանելով, որ երեք անձանց ցուցմունքները կապ չունեն այս մեղադրանքի հետ: Ի պատասխան՝ պաշտպանական կողմը հրապարակեց Ս. Այվազյանի, Վ. Կիրակոսյանի, Ա. Սիսակյանի՝ Գ. Ջհանգիրյանին վերաբերող ցուցմունքները, որոնք հաստատում էին, թե ինչպես են Գ. Ջհանգիրյանին ու նրա եղբորը դաժանորեն ծեծել: Գ. Ջհանգիրյանը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ. «ՀՀ արդարադատության, Սահմանադրության նորմերի վկայակոչումները որեւէ ազդեցություն չեն գործում նախագահող դատավորի վրա: Դատարանը բազմիցս խախտել է եւ շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածները: Պարոն Վարդանյան, ինձ զրկում եք կոնվենցիայով ինձ երաշխավորված արդար դատավարության իրավունքից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր վկաներին կանչել եւ հարցաքննել: Թյուրիմացաբար ենթադրում եք, թե դրանով ավարտվելու են ձեր հոգեկան ապրումներն ու տվայտանքները: Ձեզ հիասթափեցնեմ. դրանով ոչ թե ավարտվելու, այլ նոր են սկսվելու ձեր իրական տառապանքներն ու չարչարանքները: Դուք ձեր նախկին կոլեգային անհիմն անազատության մեջ պահելու եւ դատապարտելու գնով փորձում եք անձեռնմխելի պահել ձեր բարեկեցիկ ներկան, ձեր ընտանիքի ու երեխաների տրամադրությունը չփչացնելու դիմաց ոտնատակ եք անում դիմացինի տարիների վաստակն ու ձեռքբերումները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել