Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության քննարկման ընթացքում «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի իրականացման վերաբերյալ հայտարարել էր. «2008 թ. բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել Հայաստանի կողմից»: Եվ նշել էր մաքսային ծառայության բարեփոխումը, կոռուպցիայի դեմ պայքարում ավելի հստակ շեշտադրումներ սահմանելը:
Մինչդեռ «Եվրամիություն-Հայաստան» ԵՀՔ գործողությունների ծրագրում 8 առաջնահերթություններից առաջին առաջնային ոլորտը «Ժողովրդավարական կառույցների, օրենքի իշխանության ամրապնդում, ներառյալ դատաիրավական համակարգի բարեփոխումներն» են: Առաջնային երկրորդ ոլորտը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումն է, որով նախատեսված հատուկ գործողություններից է ոչ միայն «ամրապնդել անկախ կարգավորիչ մարմինը հանրային եւ մասնավոր հեռարձակողների համար, որը պատասխանատու կլինի հեռահաղորդակցության արտոնագրերի տրամադրման եւ վերահսկման համար», այլ նաեւ «ապահովել հավաքներ կազմակերպելու ազատությունը»: Զարմանալի է, թե ինչպե՞ս կարելի էր առաջընթացի մասին խոսել հատկապես 2008-ին, երբ այս գլխավոր առաջնային ոլորտներում ահռելի հետընթաց արձանագրվեց՝ ե՛ւ հեռարձակման մրցույթներն արգելելով, ե՛ւ հավաքների ազատությունը շարունակաբար ոտնահարելով, ե՛ւ խայտառակ դատերով:
Ռաուլ դե Լյուցենբերգերի գնահատականը միանշանակ չէր ընդունվել հենց քննարկման ընթացքում, եւ նրան հակադրվել էին ինչպես իրավապաշտպան Արթուր Սաքունցը, այնպես էլ «Ժառանգություն» խմբակցության ներկա պատգամավորները: Լարիսա Ալավերդյանն «Առավոտին» պատմեց. «Ես պրն Լյուցենբերգերին հարց ուղղեցի, թե ինչպե՞ս է տարիներ շարունակ ստացվում այնպես, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության գնահատականները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին կամ բարեփոխումներին՝ գնալով ավելի ու ավելի շատ են տարբերվում միջազգային այն հաստատությունների գնահատականներից, որոնք փորձում են մեզ օժանդակել իրավական պետության կայացման ճանապարհին: Դեսպանն ասաց, թե համաձայն չէ իմ գնահատականին, որ տարբերվում է: Եվ պնդեց, թե ամեն դեպքում՝ կան այնպիսի ոլորտներ, որտեղ առկա է առաջընթաց: Ես արձագանքեցի ռեպլիկով, որ կարծես թե այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանում ե՛ւ քաղաքացիական հասարակությունը, ե՛ւ իշխանությունը ներուժ չունեն, ունակ չեն գնալ դեպի իրավական պետության կայացում այն տեմպերով, որոնք պարտավորվել ենք: Եվ ասացի, թե ցանկանում եմ փարատել այդ տպավորությունը՝ մեր ներուժը բավական է ճիշտ ճանապարհով գնալու համար, բայց ինչ-ինչ պատճառներով, որոնք դուրս են մնում քննարկումներից եւ գնահատականներից՝ դա Հայաստանում չի ստացվում»: