Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ԵԿՈՂ ՏԱՐԻ

Դեկտեմբեր 23,2008 00:00

\"\"Կոնգրեսի համաժողովում եղան համապետական հանրահավաքները վերսկսելու կոչեր

Չնայած իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներին եւ ՀՀ կառավարության նիստերի դահլիճը ՀԱԿ-ին տրամադրելու արգելքին, անցած կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, Հայ ազգային կոնգրեսի նախատեսած համաժողովն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Դահլիճը, որտեղ անցկացվեց համաժողովը, կարող էր տեղավորել ընդամենը 200 հոգու, բայց դրանից երկրի քաղաքական եւ տնտեսական ոլորտներին, նաեւ՝ ՀԱԿ-ի որդեգրած մարտավարությանը վերաբերող հարցադրումների ու դրանց շուրջ ծավալված քննարկումների կարեւորությունը չստվերվեց: Մի բան ակնհայտ էր՝ Կոնգրեսը չի պատրաստվում ԼՂ հարցը եւ այն լուծելու հարցում իշխանություններին չխանգարելու իր մտադրությունը դրոշակ դարձրած խորը ընդհատակ անցնել: Առ ժամանակ դադարեցված հանրահավաքային պայքարը շարունակելու անհրաժեշտության մասին խորհրդաժողովում խոսեց ոչ միայն այդ մարտավարությունն ի սկզբանե քննադատած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, այլեւ Կոնգրեսին անդամակցող «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչները, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ այլք:

Համաժողովում ելույթ ունեցան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որոնք սուր քննադատության ենթարկեցին գործող իշխանությունների՝ միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում վարած տնտեսական քաղաքականությունը: «Տնտեսական ճգնաժամի առաջին ախտանշանները եւ իշխանությունների ձեռնարկած անհամարժեք քայլերը ցույց են տալիս, որ մեզ սպասում են դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական լուրջ հետեւանքներով: Դատելով առկա միտումներից՝ ճգնաժամը Հայաստանում ամենայն սրությամբ դրսեւորվելու է՝ սկսած փետրվար-մարտ ամիսներից»,- ամփոփելով իր զինակիցների վերլուծությունները՝ ավելի ուշ ունեցած իր ելույթում նշեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Համաժողովում եզրափակիչ՝ ինչպես երկրում վարվող տնտեսական, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իշխանությունների վարած քաղաքականությանը, նաեւ «Մարտի 1»-ի իրադարձություններին վերաբերող ծավալուն ելույթը՝ շուրջ 1 ժամ տեւողությամբ, վերապահված էր Կոնգրեսի առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանին: Նրա դիտարկմամբ՝ Շարժումը հետմարտիմեկյան ժամանակահատվածում կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրները, «ինչի շնորհիվ ՀԱԿ-ն այսօր ներկայանում է որպես ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող եւ որոշ առումով՝ պետության քաղաքական օրակարգը ձեւավորող ամրակուռ միավորում», որը համալրել է իր շարքերը տասնյակ հազարավոր անկախ քաղաքացիներով եւ մասնաճյուղեր է հիմնադրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Մոսկվայում եւ Լոս Անջելեսում:

Անդրադառնալով «Մարտի 1»-ին՝ Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ նոր բացահայտումներ արեց, բայց մինչ այդ շեշտեց, որ ՀԱԿ-ի գործունեության կարեւոր ուղղությունը եղել եւ մնում է մարտիմեկյան ոճրագործության «ինքնուրույն հետաքննության անցկացումը եւ ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքների քաղաքական բնույթի բացահայտումը»: Այդ ուղղությամբ ձեռք բերված ամենամեծ նվաճումներից մեկը նա համարեց այն, որ ՀԱԿ-ին հաջողվել է ապացուցել «այդ իրադարձությունները ցուցարարների եւ ոստիկանության միջեւ ընդդիմության կողմից հրահրված բախում ներկայացնելու պաշտոնական վարկածի բացարձակ սնանկությունը»: Լ. Տեր-Պետրոսյանը հասարակության համար այլեւս անվիճելի ճշմարտություն որակեց այն, որ այդ «հրեշային սպանդը սառնասրտորեն կազմակերպված է ավազակապետության պարագլուխների կողմից», եւ որ փաստերի ճնշման տակ «դրանում սկսեց համոզվել նաեւ միջազգային հանրությունը»: Նա կարեւորեց այդ իրադարձությունների իրական պատասխանատուների բացահայտումը, որի ուղղությամբ եւս ՀԱԿ-ը լուրջ առաջընթաց է արձանագրել: Լ. Տեր-Պետրոսյանի մատուցմամբ, «մասնավորապես, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1-ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի: Այդ ավազակախմբերը կազմավորել, հանդերձվել եւ նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ չորս հայտնի օլիգարխների կողմից: Պարզել ենք նաեւ ցուցարարների վրա ինքնաձիգներից կրակ արձակած դիմակավոր ոստիկանների ինքնությունը: Բոլոր այդ տվյալները ՀԱԿ կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւ տրամադրել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ ՀՀ-ում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների»: Նա եւս մեկ անգամ արձանագրեց, որ ՀԱԿ-ի կամ Համաժողովրդական շարժման գլխավոր խնդիրը մնում է «երկրում սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնումը, որի լուծումը տեսնում ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեջ: Այդ նպատակին հասնելու միակ գրավականը Շարժման պահպանումը, ամրապնդումը եւ էլ ավելի հզորացումն է: Մեր խնդիրն է՝ Շարժումը վերածել այնպիսի զանգվածային, կազմակերպված եւ մնայուն գործոնի կամ այլընտրանքային քաղաքական ուժի, որը պատրաստ կլինի ցանկացած պահի ստանձնել իշխանությունը եւ երկրի կառավարման պատասխանատվությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել