Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ տասնհինգերորդ

ՍԳԱՎՈՐ ՁՅՈՒՆԸ

Եվ ես Արիսին ասացի՝ «Սարյանի էդ նկարը շատ լավ եմ հիշում», եւ Գագոն ինձ ասաց՝ «նկարը հիշում ես, բայց վերնագիրը չէիր հիշում», եւ ես ասացի՝ «կարեւորը նկարն ա», եւ Գագոն Արիսին ասաց՝ «Արմենը Թերլեմեզյանն էլ ա ավարտել», եւ ես ասացի՝ «Կոջոյանն եմ ավարտել. Թերլեմեզյանը կիսատ թողեցի», եւ Գագոն ասաց՝ «զգացվում ա, որ կիսատ ես թողել», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա զգացվում», եւ Գագոն ասաց՝ «որ ավարտած ըլնեիր՝ Սարյանի էդ նկարի վերնագիրը կհիշեիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փոխանակ նկարիչ դառնայիր՝ բանաստեղծ դառար», եւ Արիսը Գագոյին հարցրեց՝ «բանաստեղծ դառել ա՞ որ», եւ Գագոն ասաց՝ «բանաստեղծը պոզովպոչով ա՞ ըլնում. արդեն գիրք էլ ունի», եւ Արիսը նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «գոնե էդ գրքիդ վերնագիրը հիշո՞ւմ ես, արա», եւ ես ժպտալով ասացի՝ «վերնագիրը հեչ կապ չունի», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «Արմենը շատ սխալ մասնագիտություն ա ընտրել» եւ ժպտալով ավելացրեց՝ «ինքը ուրիշ բանի մասնագետ պիտի դառնար», եւ Գագոն հարցրեց՝ «ինչի՞ մասնագետ», եւ Արիսը փռթկացրեց ու ասաց՝ «ծիածանի», եւ ես Գագոյին ասացի՝ «հենց հասնենք Երեւան՝ քշում ես ուղիղ Հրանտենց», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «ուր ուզում եք՝ քշեք», եւ ես Արիսին հարցրի՝ «հիմի չես թողելո՞ւ մի հատ կենաց ասեմ», եւ Արիսն ասաց՝ «ես ո՞վ եմ, որ թողեմ կամ չթողեմ», եւ Գագոն Արիսին ասաց՝ «թամադա ես. կարաս չթողես», եւ Արիսը նեղսրտած ասաց՝ «շառ ե՞ք, արա», եւ ես Արիսին ասացի՝ «հիմի ասե՞մ, թե՞ չասեմ», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ ասես», եւ ես ասացի՝ «կենաց», եւ Արիսը տհաճությամբ ինձ նայելով ասաց՝ «որ էդքան շատ ես ուզում՝ ասա», եւ Գագոն ինձ ասաց՝ «ասա», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «էս բաժակով ուզում եմ էդ ձիավորի կենացը խմենք», եւ Գագոն ասաց՝ «շատ լավ կենաց ա» եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ կենացը մեծ հաճույքով կխմեի, ափսոս՝ ռույլի վրա եմ», եւ Արիսն արհամարհական ինձ նայելով հարցրեց՝ «էդ կենացը հոտնկայս ե՞նք խմելու», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «քանի որ նստելու վարիանտ չունենք, ստիպված հոտնկայս պիտի խմենք», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «բայց դու ռույլի վրա ես», եւ ես ասացի՝ «ինքը կչխկացնի», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «հաճույքով», եւ ես բաժակս նորից բարձրացնելով ասացի՝ «ձիավորի կենացը», եւ Արիսն ինձ ասաց՝ «խմի՛. էդ ձիավորի կենացը շատ ես ջանջալացնում», եւ ես խմեցի, եւ Գագոն ասաց՝ «անուշ», եւ Արիսն էլ խմեց, եւ Գագոն ասաց՝ «անուշ խմեցիք», եւ մենք ասացինք՝ «մերսի», եւ Գագոն ժպտալով Արիսին ասաց՝ «ես էլ եմ մի հատ կենաց ուզում ասեմ, բիձի», եւ Արիսն ասաց՝ «ինչքան ուզում եք՝ ասեք», եւ Գագոն բաժակը բարձրացնելով ասաց՝ «էս բաժակով ուզում եմ Հրանտի կենացը խմենք» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրանտի կենացը» եւ խմեց, եւ Արիսը հարցրեց՝ «էդ խմեցի՞ր», եւ Գագոն ասաց՝ «հա», եւ Արիսը հարցրեց՝ «բա ռույլի վրա չե՞ս», եւ Գագոն հացն ու երշիկը ծամելով ասաց՝ «ռույլի հերն էլ անիծած», եւ Արիսն ասաց՝ «էդ քեզնից չի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչը», եւ Արիսն ասաց՝ «դու ռույլի վրա վաբշե մի կաթիլ չես խմում», եւ ես ասացի՝ «Հրանտի կենացը չէր կարա չխմեր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ա», եւ Արիսը բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «Հրանտի համար», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «Հրանտի կենացը», եւ խմեցինք, եւ Գագոն ասաց՝ «անուշ», եւ մենք ասացինք՝ «մերսի», եւ Գագոն ասաց՝ «ճիշտ արինք, որ կանգնեցինք», եւ Արիսն ասաց՝ «հա», եւ ես ասացի՝ «իմ շնորհիվ», եւ Գագոն ասաց՝ «շատ ճիշտ արինք», եւ ես Գագոյին ասացի՝ «շատ ճիշտ արեցիր, որ Հրանտի կենացը խմեցիր», եւ Գագոն ասաց՝ «չէի կարա չխմեի», եւ Արիսն ասաց՝ «թույլ կտա՞ք մի կենաց էլ ես առաջարկեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ըստեղ թույլ տվողը դու ես, բիձի», եւ Արիսն ասաց՝ «ես շատ լուրջ կենաց եմ ուզում ասեմ», եւ ես հարցրի՝ «մեր կենացները լուրջ չէի՞ն», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «մանավանդ՝ էդ ձիավորի կենացն էր շատ լուրջ», եւ Գագոն ասաց՝ «որ մի քիչ խորանանք, էդ ձիավորի կենացն էլ էր Հրանտի կենացը», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա», եւ ես ասացի՝ «լավ ա՝ գլխի ընկաք», եւ Արիսը բաժակը բարձրացնելով ասաց՝ «ես ուզում եմ իսկական գրականության համար խմենք», եւ Գագոն ժպտալով Արիսին ասաց՝ «փաստորեն, դու էլ ես Հրանտի կենացն առաջարկում», եւ Արիսն ասաց՝ «Հրանտի ու մյուսների համար», եւ առաջինը Գագոն առանց որեւէ բան ասելու խմեց, եւ ես ասացի՝ «Հրանտի կենացը» ու խմեցի, եւ Արիսն ասաց՝ «Հրանտոյի ու բոլորի համար» ու ժպտալով ավելացրեց՝ «էն ձիավորի համար էլ» եւ նայեց վերեւ՝ ծիածանին, հետո նայեց ինձ, ժպտաց ու խմեց, եւ Գագոն ինձ ասաց՝ «շատ ճիշտ խորհուրդ տվիր», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «մեկ-մեկ ճիշտ բաներ էլ ա ասում», եւ Գագոն ասաց՝ «թրջված մուկ էինք դառել», եւ Արիսը կոստյումը շոշափելով ասաց՝ «լրիվ չորացանք», եւ Գագոն ասաց՝ «շատ ուժեղ արեւ ա», եւ Արիսն ասաց՝ «լավ էր՝ անձրեւը շուտ կտրվեց», եւ Գագոն ասաց՝ «երակ էր», եւ Արիսն ասաց՝ «չգիտեմ ինչ էր, բայց մի քանի վայրկյանում լրիվ ջուր դառանք», եւ ես ասացի՝ «Հրանտին կպատմենք», եւ Արիսն ինձ խեթ նայելով հարցրեց՝ «ի՞նչ պիտի պատմենք», եւ ես ասացի՝ «կպատմենք՝ ոնց Ահնիձորում ջուր դառանք», եւ Արիսն ասաց՝ «էս ամեն ինչը մարդու համար ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա մարդու համար», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «անձրեւն ու ամեն ինչը», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ծիածանն էլ», եւ ես վերեւ նայելով ասացի՝ «ասում են՝ ծիածանը յոթ գույն ունի, բայց սրա գույները ոնց որ քիչ են», եւ Արիսն ասաց՝ «էս քո իմացած ծիածաններից չի», եւ ես կրկնեցի՝ «սրա գույները ոնց որ քիչ են», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ գույնի զգացողությունից էլ ես թույլ», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «Թերլեմեզյանն ա ավարտել», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «Կոջոյանն ա ավարտել» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «որ Թերլեմեզյանն ավարտած ըլներ՝ գույնի զգացողություն կունենար», եւ ես ասացի՝ «գույնի զգացողությունը բնածին երեւույթ ա» եւ միանգամայն լուրջ ավելացրի՝ «գույնի զգացողություն որ ունենայի՝ նկարելը չէի թարգի», եւ Արիսն ասաց՝ «մեռնեմ համեստ ջանիդ», եւ ես ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «հավատում եմ» եւ ծիծաղելով հարցրեց՝ «որ գույնի զգացողություն չունես՝ ո՞նց ես Սարյանից խոսում», եւ ես միանգամայն լուրջ ասացի՝ «ուրիշների նկարների գույները շատ լավ եմ զգում, բայց իմ նկարների գույները չէի զգում», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ լավ ա», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա լավ», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «էդ նշանակում ա, որ դալտոնիկ չես», եւ հիմա, երբ իմ ու Արիսի էս խոսակցությունը հիշեցի, հիշեցի նաեւ, որ հայրս էլ էր գույնի զգացողությունից թույլ, եւ ինձ պես ու ինձնից ավելի հայրս էր իր էդ պակասությունից նեղսրտում, եւ ինձ պես հայրս էլ ոչ թե ընդհանրապես էր գույնի զգացողությունից թույլ, այլ միայն ու հիմնականում՝ իր իսկ նկարչության շրջանակներում, եւ եթե ես իմ էդ պակասության պատճառով Թերլեմեզյանը ճիշտ ժամանակին թողեցի, հայրս նկարչության փոխարեն գեղագրությունն ընտրեց, եւ չնայած մայրաքաղաքում առաջին Կենդանագրական արվեստանոցն ինքը հիմնադրեց, եւ չնայած հետագա կենդանագիրների մեծ մասը հորս աշակերտներն էին, հայրս գույնի զգացողությամբ նույնիսկ իր աշակերտներին էր զիջում, բայց, ի տարբերություն գույնի զգացողությունից զուրկ հազար ու մի նկարիչների, հայրս իր էդ թերությունը ոչ միայն գիտակցում էր, այլեւ էդ գիտակցումից ահավոր էր նեղվում ու նեղսրտում, եւ երբ Թերլեմեզյանը լքեցի, հայրս երջանիկ էր, որովհետեւ հասկանում էր, որ հակառակ դեպքում որդին էլ էր ողջ գիտակցական կյանքում ներկերից ու գույներից հալածվելու, ու մեր էս պատմության մեջ տարօրինակն էն էր, որ երկուսով էլ գույնից խեղճանալով՝ հենց նկարչությա՛ն գիրկն էինք նետվել, բայց մեր պատմությունն առավել տարօրինակ ու անհասկանալի շարունակություն ունեցավ, եւ փոքր աղջիկս էլ նկարչության հետ անհասկանալիորեն կապվեց, եւ էսօրվա օրով իմ ու հորս պատմությունը կրկնվում է՝ որոշ ու որոշակի տարբերությամբ, այն է՝ փոքր աղջիկս նկարչական զանազան խմբակներ ավարտելով՝ ընդունվեց Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին ու էդ բաժնում առ էսօր գերազանց սովորելով՝ իմ ու հորս վրեժն է լուծում ամեն տեսակ գույներից, եւ հատկապես էս վերջին մի տարում է հաջողությամբ վրեժ լուծում. բանն այն է, որ փոքր աղջիկս վերջերս սկսել է միայն սեւերով ու սպիտակներով նկարել, ընդ որում՝ յուղաներկով ու կտավի վրա, եւ արդեն մի քանի ցուցահանդեսների է հաջողությամբ մասնակցել. այսինքն, իր էս սեւ ու սպիտակ գեղանկարները լիքը հավանողներ կան, եւ իր էդ սեւ ու սպիտակ գեղանկարներին նայելիս՝ մտքովդ չի անցնում, թե՝ դրանք գունավոր չեն, առավել եւս՝ մտքովդ չի անցնում, թե դրանց հեղինակը գույնի զգացողությունից թույլ է, եւ իրականում էլ, ի տարբերություն ինձ ու հորս, փոքր աղջիկս ահագին գույնի զգացողություն ունի, բայց, չգիտես ինչու, որոշել է սեւ ու սիտակ նկարել ու մի տարի է՝ միայն սեւ ու սպիտակ է նկարում ու երեւի էդպես էլ կշարունակի, մանավանդ որ՝ դիտորդներս իրեն էդ ուղղությամբ ոգեւորում ու քաջալերում ենք, ու, համոզված եմ, եթե հայրս ողջ լիներ, ինքն էլ էր թոռանը ոգեւորելու ու քաջալերելու, որովհետեւ լուսահոգին իր ու գույների էդ հավերժական հակամարտությունից մշտապես խեղճացած ու նեղսրտած էր, եւ երբ էդ օրը Օձուն տանող ճանապարհի էդ արեւոտ բացատում Գագոյին ու Արիսին խոստովանում էի, որ գույնի զգացողությունից թույլ եմ, զուտ ճշմարտություն էի ասում, եւ երբ էդ ասացի, Արիսը հարցրեց՝ «քեզ թվում ա՝ բանաստեղծը գույնի զգացողություն չպիտի՞ ունենա», եւ ես ասացի՝ «ես ըտենց բան չեմ ասել», եւ Արիսը հարցրեց՝ «առանց գույնի զգացողության ո՞նց ես բանաստեղծություն գրում», եւ Գագոն ասաց՝ «լավ էլ ստացվում ա», եւ Արիսն ասաց՝ «հնարավոր չի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էլ չեմ գրի, բիձի», եւ Գագոն ինձ ասաց՝ «բայց բանաստեղծության մեջ լավ էլ գույնի զգացողություն ունես», եւ Արիսը ծիծաղելով ինձ հարցրեց՝ «կարա՞ս էս ծիածանի մասին բանաստեղծություն գրես», եւ Գագոն ասաց՝ «Արմենն ամեն ինչի մասին էլ գրում ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Աթանի մասին էլ կարա գրի», եւ Արիսը հարցրեց՝ «Աթանի մասին ի՞նչ պիտի գրի», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «ոչ կավելացնեմ, ոչ էլ կպակասացնեմ», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «էս պատմությունը մենակ արձակով ա հնարավոր գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «որ պետք ըլնի՝ արձակով էլ կգրեմ», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «բայց գույնի զգացողությունը պարտադիր ա», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «էս պատմությունը ոնց էլ գրի՝ հետաքրքիր կստացվի», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «մի գլուխ շիրա ես տալի, բայց էս պատմության հիմնական մեղավորը դու ես», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ե՞ս խի եմ մեղավոր», եւ Արիսն ասաց՝ «որ քո փոխարեն ռույլի վրա ուրիշն ըլներ, Ահնիձորը հեշտ ու հանգիստ գտնելու էինք» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «որ գրես՝ էդ էլ կգրես», եւ ես ասացի՝ «ոնց որ էղել ա՝ ըտենց էլ կգրեմ», եւ Արիսը ժպտալով ինձ ասաց՝ «բայց, ամեն դեպքում, գույնի զգացողությունը պարտադիր ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ծիածանի մասին էլ կգրեմ», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «ծիածանն ամենակարեւորն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ես գիտեմ՝ ամենակարեւորը որն ա, բիձի», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «սկզբում կպատմի՝ հետո նոր կգրի», եւ Արիսը Գագոյին ասաց՝ «դու շիրա տուր, շիրա տուր», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «Արմենին նոր ե՞մ ճանաչելու», եւ Արիսը հարցրեց՝ «իրար հետ իտալական պոեզիա եք թարգմանում, չէ՞», եւ Գագոն ասաց՝ «հա. արդեն ահագին թարգմանել ենք», եւ Արիսն ինձ հարցրեց՝ «իտալերե՞ն երբ ես սովորել», եւ ես ասացի՝ «Գագոն ա իտալերենից տողացի թարգմանում», եւ Արիսն ասաց՝ «փոխանակ ավտո քշել սովորի, տողացիներ ա անում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ես անում», եւ ես ասացի՝ «էդ տողացիները մի քիչ սիրունացնում եմ», եւ Գագոն ասաց՝ «էդ տողացիները բանաստեղծություն ա դարձնում», եւ Արիսը ծիծաղելով հարցրեց՝ «որ գույնի զգացողություն չունի՝ ո՞նց կարա բանաստեղծություն դարձնի», եւ Գագոն ասաց՝ «լավ էլ դարձնում ա», եւ Արիսը հարցրեց՝ «բա ե՞րբ եք տպելու», եւ Գագոն ասաց՝ «տպելու հաշվով չենք վռազում», եւ ես ասացի՝ «հազիվ քսան հատ թարգմանած ըլնենք», եւ Արիսն ինձ ժպտալով անսպասելի հարցրեց՝ «մանկուց ե՞ս երազել բանաստեղծ դառնալ», եւ ես ժպտալով ասացի՝ «պատահական ա ստացվել», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «փաստորեն, Շիլաչին էլ բանաստեղծ տվեց», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «Արմենի պես պոետը մենակ Շիլաչիում կարար ծնվեր», եւ օղու շշի մեջ դեռ ահագին օղի կար, եւ Արիսը բաժակները լցնելով ասաց՝ «չնայած միասին եք թարգմանում, բայց ձեր կենացն առանձին-առանձին կխմենք», եւ ես Արիսին ասացի՝ «սկզբում քո՛ կենացը խմենք», եւ Արիսը հարցրեց՝ «իմ կենացը որպես ի՞նչ խմենք», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «որպես էս ուխտագնացության ղեկավար», եւ, հիշում եմ, նախ Արիսի՛ կենացը խմեցինք, հետո՝ իմ ու Գագոյի, հետո ճանապարհ ընկանք Օձուն, էնտեղից էլ՝ Երեւան, եւ, հիմա չեմ հիշում, Երեւան հասնելուն պե՞ս Հրանտին էդ պատմությունը պատմեցի, թե՝ որոշ ժամանակ անց, բայց պատմելս լավ եմ հիշում, եւ Հրանտի սրտանց ու քահ-քահ ծիծաղելն եմ հիշում, ու նաեւ հիշում եմ, որ շատ հավեսով էի պատմում, եւ երբ պատմեցի պրծա, Հրանտը ծիծաղելով հարցրեց՝ «էդպես ա՞ էղել, թե՞ գունազարդում ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «գույնի զգացողություն չունեմ», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «գույնի զգացողությունն ի՞նչ կապ ունի», եւ ես ասացի՝ «էդ էլ լրիվ ուրիշ պատմություն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետաքրքիր ես պատմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ գրես՝ երեւի հետաքրքիր ստացվի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գրեմ», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «արձակ» եւ հարցրեց՝ «հեչ չես փորձե՞լ», եւ ես ասացի՝ «մի քանի հատ պատմվածք գրել եմ», եւ Հրանտը հարցրեց՝ «բա ինչի՞ չես տպագրում», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքներից մեկը «Գրական թերթում», տպել եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում», եւ ես զարմացած ասացի՝ «ո՞նց չես հիշում. էդ պատմվածքս գովել ես», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «գովելս հիշում եմ. պատմվա՛ծքդ չեմ հիշում» եւ ծիծաղելով հարցրեց՝ «ինչի՞ մասին էր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեր թաղայինի մասին էր», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ձեր էդ թաղայինը տարօրինակ անուն ուներ, չէ՞», եւ ես ասացի՝ «անունը Խունկիանոս էր», եւ, եթե հիշում եք, իմ ու Հրանտի էս երկխոսությունն էլի եմ գրել, բայց էս երկրորդ անգամ գրելով՝ ոչ թե կրկնվում եմ, այլ «Գրական թերթում» տպագրված էդ պատմվածքիս առիթով Հրանտն ինքն էր ժամանակ առ ժամանակ կրկնվում՝ «գովելս հիշում եմ, բայց պատմվածքդ չեմ հիշում», եւ չնայած Հրանտի էդ մշտական կատակն ինձ հեչ ձեռնտու չէր, բայց իր էդ մշտական կատակը շատ էի սիրում, որովհետեւ ինձ էդ բանն ասելիս՝ կամ սրտանց ժպտում էր, կամ՝ սրտանց ծիծաղում, եւ Հրանտի ժպիտն ու մանավանդ ծիծաղը որքան հազվադեպ՝ նույնքան հաճելի էին, եւ իր էդ մշտական կատակից հետո Հրանտը միշտ հարցնում էր՝ «էլ խի՞ չես փորձում», եւ ես հարցնում էի՝ «ի՞նչ չեմ փորձում», եւ Հրանտը ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «արձակ», եւ մի անգամ իրեն պատասխանելով ասացի՝ «Հրանտ Մաթեւոսյանի ներկայությամբ ո՞վ ռիսկ կանի արձակ գրի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «բացակայությա՞նս ես սպասում», եւ ես ասացի՝ «Աստված չանի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Արիսենց էդ պատմությունը որ գրես՝ կարող ա հետաքրքիր ստացվի», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ պատմությունն իսկական գրելու բան ա», եւ Հրանտն ասաց՝ «իզուր էլ ուշացնում ես», եւ ես ասացի՝ «մի օր երեւի գրեմ», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «իմ բացակայությա՞մբ», եւ ես ասացի՝ «Աստված քեզ շատ երկար կյանք թող տա», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «որ տա՝ դեմ չեմ լինի», եւ տարիներ անց, երբ Նիկոլի թերթում «Poker» պոեմս տպեցի, Հրանտն արդեն անբուժելի հիվանդ էր, եւ չնայած ինքն էդ մասին գիտեր, էդ օրերին ավելի շատ էր ժպտում ու ծիծաղում եւ ավելի բարի էր մահկանացուներիս հանդեպ, եւ հատկապես էդ վերջին օրերի իր բարի ժպիտը մահկանացուներիս ապրելու իրավունք էր շնորհում, ու էդ տխուր օրերից մի օր էլ, երբ իրենց շենքի մոտով անցնում էի, Վերժինեն պատշգամբից ձայն տվեց ու ասաց՝ «էս ո՞ւր ես, այ տղա, էս էրկու օր ա՝ Հրանտը քեզ ա հարցնում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա էղել», եւ Վերժինեն ասաց՝ «թերթի մեջ պոեմդ կարդացել՝ շատ ա հավանել. հատկապես արանքների էն արձակ կտորներն ա հավանել», եւ ես հարցրի՝ «ինքը ո՞նց ա», եւ Վերժինեն ասաց՝ «ո՞նց պիտի ըլնի», եւ ես հարցրի՝ «հիմի գա՞մ», եւ Վերժինեն ասաց՝ «մի րոպե սպասի՝ իրան հարցնեմ», եւ Վերժինեն ներս գնաց ու մի քանի րոպե անց պատշգամբից ինձ ասաց՝ «քնել ա» եւ ավելացրեց՝ «ըսենց ժամը մեկ զարթնում ու քնում ա», եւ ես ասացի՝ «վաղը կգամ», եւ Վերժինեն ասաց՝ «զանգի՝ արի», եւ ես ասացի՝ «կբարեւես», եւ Վերժինեն ասաց՝ «հատկապես էն արձակ կտորներն ա հավանել», եւ էդ իրիկուն տուն հասնելով՝ Նիկոլի թերթում տպագրված էդ պոեմս մի քանի անգամ վերընթերցեցի ու հատկապես արանքների արձակ կտորներն էի կարդում՝ փորձելով կռահել, թե հատկապես ինչն է Հրանտը հավանել, ու էդպես մի քանի անգամ հատկապես էդ արձակ հատվածները վերընթերցելով՝ ինձ-ինձ ենթադրություններ էի անում եւ, հիշում եմ, էդ օրը շատ ուշ քնեցի. էդ արձակ հատվածներն էնքան կարդացի՝ որ քունս փախավ, եւ դա միանգամայն երջանիկ անքնություն էր, որովհետեւ էդ ամբողջ ժամանակ մտածում էի, որ Հրանտն էդ արձակ կտորներս հավանել է, եւ ամբողջ գիշեր էդ առիթով իմ ու Հրանտի զրույցն էի պատկերացնում, առանց ենթադրելու ամենաահավորը, այն է՝ ես այլեւս Հրանտին չէի տեսնելու ու Հրանտի հետ չէի զրուցելու, որովհետեւ հաջորդ իրիկուն Հրանտը հեռացավ ինձանից ու բոլորից, եւ երբ էդ բոթը Վասակից իմացա, սարսռացի, եւ եղանակն էլ մեկից ցրտեց, եւ երբ Վասակն էդ բանն ինձ ասաց, դեկտեմբերյան սովորական ցուրտ էր, բայց շատ չանցած՝ ահավոր ձյուն ու բուք սկսվեց, եւ ընդամենը մի ժամում էնպիսի ձյուն դրեց, որ Վասակի ավտոմեքենան չէր կարողանում Հրանտենց տանը մոտենալ, եւ ձյունը երկու օր շարունակվեց, ու թաղման ցերեկվա էդ ամբողջ սպիտակն առ էսօր աչքիս առաջ է, ու հիմա, երբ էս ամենը հիշելով գրում եմ, Հրանտի ներողամիտ ժպիտն է աչքիս առաջ, եւ մտքիս մեջ շարունակաբար էն է, որ ամեն չնչին բանից մշտապես նեղվող ու նեղսրտող Հրանտին իր վերջին ամիսներին ոչ մի անգամ նեղված ու սրտնեղած չտեսա, եւ հետաքրքիրն էն է, որ ինձ այլեւս չի տանջում էն միտքը, թե՝ ինչ էր ասելու Հրանտն էդ պոեմիս արձակ հատվածների մասին, եւ, ընդհակառակը, ինձ շարունակաբար հետաքրքրում է, թե էս անվերջանալի շատախոսությանս մասին ինչ կասեր Հրանտը, եթե էսօր մեր կողքին լիներ, եւ շարունակաբար էս հարցն ինքս ինձ տալով՝ մտածում եմ, որ Հրանտը դժվար թե իմ էս անվերջանալին հանդուրժեր, որովհետեւ ինքը գրականության մեջ առաջին հերթին շատախոսությունն ու շատագրությունը չէր հանդուրժում. այսինքն, ինքն էս գրածս հաստատ չէր հանդուրժի, բայց էս ուղղությամբ ավելի ու ավելի մտածելով ու խորանալով՝ նաեւ հետեւյալ եզրակացությանն եմ հանգում. եթե Հրանտը հետներս լիներ, եւ եթե էսօրվա օրով իր պես վկա ունենայի, հաստատ էսքան շատ ու էսքան երկար չէի գրի՝ անկախ Արամի ընձեռած էս բացառիկ հնարավորությունից ու հոնորարներից, բայց էս եզրակացությունս էլ վերջնական չի՝ էն առումով, որ մենք շատ վատ ենք ճանաչում ոչ միայն ուրիշներին, այլեւ՝ ինքներս մեզ, եւ որ ասում եմ՝ Հրանտի ներկայության պայմաններում էսքան երկար ու էսքան շատ չէի գրի, էս ասածիս էլ եմ կասկածով վերաբերվում, որովհետեւ մարդ արարածը ո՛չ թե պարզապես ինքը իրեն չի ճանաչում, այլ, առաջին հերթին, իր թերություններն ու արատները չի տեսնում ու չի ճանաչում, որովհետեւ մարդ արարածն ընդհանրապես եւ գրողներս առանձնապես ինքնասիրահարված էակներ ենք եւ առաջին հերթին ինքներս մեզ ենք սիրում, հետո նոր՝ ուրիշներին, եւ եթե երբեմն-երբեմն ուրիշներին էլ ենք սիրում, էդ ուրիշներին սիրելն էլ է անմիջականորեն մեզ առնչվում, որովհետեւ ուրիշներին սիրում ենք բացառապես էն դեպքերում, երբ էդ ուրիշները մեզ որեւէ լավություն են անում, եւ եթե լավություն էլ չեն անում, մեր հասցեին առնվազն մի քանի քաղցր ու հաճելի խոսք են ասած լինում, եւ եթե ժամանակին ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի միջնորդությամբ «Ապագա բժիշկ» ընդունված չլինեի, իրեն ու իր էդ պատմվածքը դժվար թե էդքան երկար ու էդքան մանրամասն հիշեի, մինչդեռ ինքներդ եք վկա, որ արդեն քանի հատոր է՝ իրեն եմ վերադառնում ու անդրադառնում, բայց շարունակաբար իրեն վերադառնալով ու անդրադառնալով՝ վերստին ինձ եմ վերադառնում ու անդրադառնում, որովհետեւ ամենասովորական մարդ ու գրող եմ, եւ ինքներդ եք վկա, որ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի պատմվածքի էդ շատ ուժեղ երրորդ էջից սկսելով՝ անմիջապես իմ արձակին անդրադարձա՝ չմոռանալով նշել, որ պատմվածքներիցս մեկն ու պոեմիս արձակ հատվածները Հրանտը ժամանակին նկատել է, եւ ամենակարեւորն էն է, որ Աշոտի պատմվածքի էդ երրորդ էջից իմ արձակին անցնելս միանգամայն ինքնաբերաբար ստացվեց, այլ ոչ թե՝ կանխամտածված. ուզում եմ ասել, որ մեզ ուրիշներից գերադասելը շատ դեպքերում բնազդաբար, ինքնաբերաբար եւ նույնիսկ բնականաբար է տեղի ունենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել