Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարի ավարտին մնում է երկու տուր:
Երեկ ութերորդ տուրում միմյանց հետ հանդիպեցին երկու հայ գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սլովակիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Սերգեյ Մովսիսյանը: Չնայած, ինչպես եւ առաջին շրջանում, շախմատիստները 49-րդ քայլում պայքարն ավարտեցին խաղաղության ձեռքսեղմումով, այդուհանդերձ, խաղատախտակի վրա հենց առաջին քայլերից դիրքային անհաշտ պայքար ծավալվեց: Արոնյանին հաղթանակն անհրաժեշտ էր մինչ այդ օրը առաջին երկու հորիզոնականները միմյանց միջեւ բաժանող Վեսելին Տոպալովից եւ Բու Քսյանչժիից ունեցած կես միավորի տարբերությունը վերացնելու, եւ, ինչո՞ւ չէ, հանգամանքների հաջող զարգացման դեպքում նաեւ նրանց շրջանցելու, իսկ Մովսիսյանին միավորը պետք էր մրցաշարային աղյուսակի ետնապահի դերից ձերբազատվելու համար: Եվ երկուսին էլ իրենց առջեւ դրված խնդիրը կատարել հաջողվեց մասամբ, քանի որ Տոպալովը նույն օրը պարտության մատնելով Իվանչուկին, 5,5 միավորով սկսեց մրցաշարային աղյուսակը գլխավորել միանձնյա, իսկ Իվանչուկը 2,5 միավորով միայնակ հայտնվեց հակառակ ծայրում: Երեկ հաղթանակ տարավ նաեւ Սվիդլերը, որի մրցակիցը Բու Քսյանչժին էր:
Երեկվա տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորվեցին միավորների հետեւյալ հաջորդականությամբ:
1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 5,5
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 4,5
3. Բու Քսյանչժի (Չինաստան) 4,5
4. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 4,0
5. Սերգեյ Մովսիսյան (Սլովակիա) 3,0
6. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 2,5
Այսօր նախավերջին տուրում զույգեր կազմել են Տոպալովն ու Մովսիսյանը, Իվանչուկն ու Քսյանչժին, Արոնյանն ու Սվիդլերը:
Էլիստայում 14 գրոսմայստերներ, որոնց մեջ է նաեւ Վլադիմիր Հակոբյանը, պայքարում են ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» համար: Երեկ հայտարարված հանգստյան օրվանից հետո վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով խաղալու է Եվգենի Ալեքսեեւի (Ռուսաստան) հետ:
ՀՖՖ-ն պարգեւատրվել է ՈՒԵՖԱ-ի չորս դիպլոմով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող «Grassroots Football» ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին, որի նպատակը ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրներում ֆուտբոլի մասսայականացումն է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ որպես այդ ծրագրի շրջանակներում լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա, 2007 թվականին արդեն պարգեւատրվել է համապատասխան դիպլոմով:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիան անցնող տարվա արդյունքներով օրերս արժանացել է ՈՒԵՖԱ-ի միանգամից չորս դիպլոմների՝ որպես «Grassroots Football» ծրագրի շրջանակներում չորս տարբեր անվանակարգերում («Թերզարգացածների լավագույն միջոցառում», «Խուլ եւ համրերի ֆուտզալի առաջնություն», «Վետերանների առաջնություն» եւ «Բաց եւ զվարճալի ֆուտբոլային դպրոցներ») լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա: Օրերս վերոնշյալ դիպլոմները հանձնվել են Հայաստանում «Grassroots Football»-ի բաժնի պետ, «Բաց եւ զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանին:
«Արթուր արքան»՝ կրկին տարվա լավագույն բռնցքամարտիկ
Իր ընթերցողների շրջանում «BoxSport» հանդեսի անցկացրած ավանդական հարցման եւ հրավիրված հատուկ ժյուրիի որոշմամբ, միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ «Արթուր արքան», երկրորդ անգամ ճանաչվել է 2008 թվականի Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Աբրահամը մրցաշրջան 2008-ում անցկացրել է երեք մենամարտ: Մարտ ամսին նա 12 ռաունդում առավելության հասավ ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ, այնուհետեւ՝ հունիսին տեխնիկական նոկաուտի ենթարկեց Էդիսոն Միրանդային, հաջող նշելով ոչ միայն նորամուտն ամերիկյան ռինգ, այլեւ, ըստ ամենայնի, ընդմիշտ լռեցնելով մինչ այդ իր հասցեին ամպագոռգոռ հայտարարություններ անող կոլումբիացուն, ապա բոլորովին վերջերս ժամանակից շուտ հաղթանակ տարավ մեքսիկացի Ռաուլ Մարկեսի նկատմամբ՝ վերջինիս մարզիչներին ստիպելով կեսճանապարհին հրաժարվել մարտը շարունակելուց:
Տարվա լավագույն մարզիկ ճանաչվելու կապակցությամբ Աբրահամը շնորհակալություն է հայտնել գերմանացի մարզասերներին եւ հայտարարել, որ առանց իր մարզչի փորձի եւ թիմային լավ աշխատանքի՝ ինքը հաջողության չէր հասնի: Ասենք նաեւ, որ Արթուրի 66-ամյա մարզիչ Ուլի Վեգները Գերմանիայում, 2003 թվականից սկսած, ճանաչվում է տարվա մարզիչ: