Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան, նախագահ Արմեն Մելիքյանի անմիջական ջանքերի շնորհիվ, նոյեմբերին Իսպանիայում կայացած գլխավոր համաժողովում դարձավ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց պարոն Մելիքյանի հետ:
– Խորհրդային տարիներին առագաստանավային սպորտը Հայաստանում ամուր հիմքերի վրա էր դրված: Մարզասերների հիշողությունը կթարմացնե՞ք:
– Մեր մարզաձեւի հիմնադիրը Հայաստանում ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային մրցումների եւ Խորհրդային միության առաջնությունների բազմակի հաղթող եւ մրցանակակիր Գեդեոն Հարությունյանն է: Նրա ջանքերով 1973-ին Սեւանում ստեղծվեց առագաստանավային սպորտի մարզաբազան եւ միությունը, որտեղ կարճ ժամանակում աճեցին օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների բազում հաղթողներ եւ մրցանակակիրներ, մասնակիցներ: Դրան նպաստեցին ոչ միայն նրա մարզչական բարձրակարգ գիտելիքները, այլեւ այն ժամանակ հանրապետությունում հաճախակի կազմակերպվող միջազգային մրցումները, ինչպես, օրինակ, Ծովակալ Իսակովի հուշամրցաշարը, որին մասնակցելու համար Սեւան էին ժամանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ղրիմի, Աջարիայի, Աբխազիայի առագաստանավորդները, ԽՍՀՄ զինված ուժերի եւ ռազմածովային նավատորմի հավաքականները: Մարզաձեւի, դրա հետեւանքով նաեւ ջրային տուրիզմի տարածման ու արագ թափով զարգանալու կարեւորագույն խթաններից էին նաեւ Սեւանա լճի աշխարհագրական բացառիկ դիրքը, Գեղարքունիքի մարզի բնակլիմայական պայմանները, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնելու էին գալիս տարբեր երկրների հավաքական թիմեր:
ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես մյուս բոլոր մարզաձեւերը, մերը նույնպես անկում ապրեց: Բայց ոչ թե նրա համար, որ նվիրյալներ այլեւս չկային, աշխատանք չէր տարվում, այլ համապատասխան ֆինանսների եւ հնացող նյութատեխնիկական բազայի պատճառով:
Հայկական առագաստանավային սպորտի միությունը 2003 թվականին վերանվանվեց առագաստանավային սպորտի ֆեդերացիա եւ դարձավ միջազգայինի ասոցիացիոն անդամ: Իսկ արդեն մեկ ամիս է, ինչ միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ ենք:
– Դա ի՞նչ է տալիս եւ ի՞նչ նպատակներ է դնում ֆեդերացիայի առջեւ:
– Միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ դառնալով՝ մենք պարտավոր ենք հանրապետությունում առագաստանավային սպորտի կազմակերպման գործընթացն ավելի հստակ եւ կազմակերպված իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է Հայաստանում գտնվող մարզաձեւի բոլոր ակումբները, միությունները, մարզաձեւով զբաղվողներին, մասնագետներին ընդգրկել ֆեդերացիայի կազմ, նպաստել նոր կենտրոնի, մարզադպրոցների ստեղծմանը, ունենալ ժամանակակից առագաստանավեր, մոտորանավակներ, առագաստներ, մասնագիտացված բազաներ, մասնագիտական համազգեստ եւ հանդերձանք, անմիջական կապ հաստատենք արտասահմանում հայտնված եւ արդյունավետ աշխատող մեր մարզիչ-մասնագետների, մարզիկների հետ: Շատ կարեւոր է դառնում նաեւ Հայաստանում միջազգային մրցումներ անցկացնելու հեռանկարը: Ի դեպ, մեզ բազմիցս դիմել են Ռուսաստանի եւ այլ երկրների մեր գործընկերները՝ Սեւանում ուսումնամարզական հավաքներ, բարձրակարգ մրցաշարեր կազմակերպելու առաջարկներով: Այս բոլոր հարցերում միջազգային ֆեդերացիան եղած հնարավորությունների սահմաններում մեզ կաջակցի:
– Զրույցի սկզբում ասացիք, որ Հայաստանը օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոններ եւ մրցանակակիրներ է տվել: Մի քանիսին կթվարկե՞ք:
– Վալերի Լեոնտեւ-Ալեքսանդր Մուզիչենկո զույգը «թռչող հոլանդացի» դասում 10 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, հաղթել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում: Այժմ որպես մարզիչ՝ նրանք աշխատում են Ռուսաստանում: Յակով Կլիվեր եւ Սերգեյ Ֆոգելեւ: Այս երկյակը «տորնադո» դասում եղել է աշխարհի ու Եվրոպայի արծաթե մեդալակիր, հաղթել ԽՍՀՄ առաջնություններում, միջազգային մրցումներում: Հիմա նրանք Իտալիայի հավաքականի մարզիչներն են: Եվգենի Կուդրյավցեւը եւ Սերգեյ Կանովը «սոլինգ» դասում Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն են, միջազգային մրցումների հաղթողներ: Սերգեյ Պոպովը «ֆինն» դասում ԽՍՀՄ առաջնության, ժողովուրդների սպարտակիադայի, միջազգային մրցումների հաղթող է: Հայ առագաստանավորդներից թվարկենք Արմեն Մելիքյանին, Սամվել Ռոստոմյանին, Ալեքսանդր Սիմոնյանին, Կարեն Տոնոյանին, Արեգ Նազարյանին, Արթուր Սաֆարյանին, Վարդան Հարությունյանին, Էդմոնդ եւ Ռուբիկ Պետրոսյաններին, Վյաչեսլավ Հարությունյանին, Արսեն Ստեփանյանին, Տիգրան Գրիգորյանին, որոնք տարբեր տարիների հաղթել կամ մրցանակային տեղեր են գրավել ԽՍՀՄ առաջնություններում, սպարտակիադաներում, միջազգային մրցումներում: Այս թվարկումը կարելի է երկար շարունակել:
– Առագաստանավային սպորտը նաեւ մեր երկիրն աշխարհին ճանաչելի դարձնելու առաքելություն ունի: Նկատի ունեմ «Կիլիկիա» նավը:
– Անշուշտ: Մեր մարզաձեւի նվիրյալները, մասնավորապես՝ Կարեն Բալայանը «ԱՅԱՍ» ակումբի նախագահն է եւ «Կիլիկիա» նավի հիմնադիրը: Նա մյուս առագաստանավորդների հետ 10 տարի տրամադրեց դրա կառուցմանը: Եվ 2004 թվականի հուլիսի 14-ին «Կիլիկիան» դուրս եկավ շուրջերկրյա ճանապարհորդության՝ հաղթահարելով 7 ծով, լինելով 12 երկրների նավահանգիստներում եւ դրանով հաստատելով հայերի նավագնաց լինելու պատմական իրողությունը:
– Հայաստանում առագաստանավային սպորտը մասսայականություն վայելո՞ւմ է:
– Որքան էլ անցած տարիները ծանր են եղել, մարզաձեւը, թեկուզ համեմատաբար դանդաղ տեմպերով, զարգացել ու ընդլայնել է ընդգրկման ոլորտներն ու աշխարհագրությունը: Սեւանում, Երեւանում, Արցախում հիմնադրվել են մարզադպրոցներ, բազաներ եւ ակումբներ: Անգամ Ֆրանսիայում բացվել է Հայկական առագաստանավային ֆեդերացիայի ներկայացուցչություն՝ ի դեմս Միշել Զաքարյանի:
Ներկայումս Հայաստանի տարածքում մարզաձեւով զբաղվում է շուրջ 550 հոգի: Բնականաբար, թիվը մեզ չի գոհացնում: Սակայն ուրախացնում է, որ նրանց մեջ աղջիկներ էլ կան: