Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ՝ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ՏՐԱԴԻՑԻԱՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 20,2008 00:00

Ճարտարապետն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը

Ստիպված եմ արձագանքել «Առավոտ» օրաթերթի 13.12.2008թ. համարում տպագրված «Կանգ առեք, բավական է» հոդվածին, որտեղ հերթական անգամ ներկայացված է բացահայտ ապատեղեկատվություն՝ խորհրդային տարիների շինարարության նախարար Կառլեն Հակոբյանի կողմից:

Անդրադառնալով Երեւանում կատարված կառուցապատման մի քանի օրինակների՝ հոդվածագիրը համոզված կերպով նշում է, որ երեւանցիների կողմից սիրված «Սեւան» հյուրանոցի քանդման առնչությամբ՝ «այդ օրերի մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հոգս չհամարեց նույնիսկ պահպանելու այդ հիանալի կառույցի գլխավոր մուտքը»: Սա բացահայտ սուտ է, քանզի ես Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական եմ տվել 2004 թ. հունիսին, իսկ «Սեւան» հյուրանոցի քանդման որոշումն ընդունվել է դրանից ամիսներ անց:

Իմ՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ աշխատելու շրջանում քաղաքապետարանում քննարկվել է «Սեւան» հյուրանոցի վերակառուցման հարցը: Խնդրին վերաբերող գրություններում իմ կողմից խնդիր է դրվել՝ պահպանել հյուրանոցի բազալտե մուտքը, քանի որ այն ես համարում էի Անգլիական այգու անկյունագծային առանցքի քաղաքաշինական կենտրոն: Տվյալ դեպքում հոդվածագիրն ինձ է վերագրում այն, ինչի հետ ես կապ չունեմ, փոխարենը տարօրինակ կերպով չի հիշատակում այն, ինչն իմ եւ նախագծի հեղինակ Ա. Թարխանյանի անմիջական ջանքերի արդյունքն է. իր իսկ կողմից դրվատանքի արժանացած Անգլիական դեսպանատան շենքի՝ գլխավոր մուտքի ֆասադի պահպանումը: Կարող եմ հիշեցնել եւս մեկ օրինակ. նախկինում Թումանյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության շենքը, որը ապամոնտաժվեց եւ տեղափոխվեց Մելիք-Ադամյան փողոց՝ ներդաշնակորեն համալրելով ճարտարապետական ոճով առավել համահունչ միջավայրը:

Այսօր նա «անօրինականության ցայտուն օրինակ» է որակում Խորենացու փողոցում նախկին Քաղխորհրդի գործկոմի վարչական շենքի քանդումը եւ տեղում «Կոնգրես» հյուրանոցի կառուցումը: Քաղաքաշինության ոլորտին ոչ անծանոթ հոդվածագիրը, կարծում եմ, գոնե պետք է իմանար, որ Քաղխորհրդի շենքը ապամոնտաժվեց՝ ոչ թե փոխարենն այլ որեւէ շենք կառուցելու, այլ՝ Ալ. Թամանյանի կողմից մշակված Երեւանի Գլխավոր հատակագծով նախատեսված փողոցը բացելու նպատակով: Այդ փողոցն այսօր կոչվում է Իտալական, եւ ավելորդ է նշել, թե այն ինչպիսի կարեւոր դեր ունեցավ քաղաքի ծանրաբեռնված երթեւեկության բեռնաթափման, Մյասնիկյանի հրապարակի ստեղծման եւ Երեւանի նոր մուտքի ձեւավորման գործում: Կառաջարկեի հոդվածագրին գնալ Իտալական փողոց եւ ուղղակի հարցում անցկացնել մեր համաքաղաքացիների շրջանում, պարզելու, թե նրանցից քանիսն են այդ փողոցի բացումը համարում «անօրինականության ցայտուն օրինակ»:

Իմ անվան հիշատակումից հետո, իբրեւ «Սեւան» հյուրանոցի քանդման շրջանի գլխավոր ճարտարապետ, հոդվածագիրը սահուն անցում է կատարում դեպի քանդված շինությունների այլ օրինակներ՝ Սպայի տուն, Երիտասարդական պալատ, Լեզվի ինստիտուտի շենք: Ներկայացված բոլոր շենքերը քանդվել են 2005 եւ 2006 թվականներին, ուստի ես կարող եմ պնդել, որ այդ բոլոր կառույցների քանդման հետ հոդվածագիրը ճիշտ այնքան առնչություն ունի, որքան ես: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ Լեզվի ինստիտուտի շենքի քանդման կողմնակիցներից եմ, քանի որ դրա արդյունքում քաղաքը ստացել է միջնադարյան հրաշք-հուշարձան:

Ներկայիս Հյուսիսային պողոտայի վերաբերյալ հոդվածագիրն ասում է. «Հյուսիսային պողոտան պահպանվում էր հաջորդ սերունդների համար՝ քաղաքի կենտրոնում բացառիկ ճարտարապետությամբ ազգային, հայկական տրադիցիաներով» շենքեր կառուցելու համար: Հետաքրքիր է, հաջորդ սերունդներ ասելով հոդվածագիրը քանի՞ սերունդ նկատի ունի: Երեւի եւ՞ս 70 տարի պետք էր սպասել, բայց 100 տարի անց կարելի կլիներ էլ ավելի լավ շենքեր կառուցել, իսկ 150 տարի անց՝ դրանից էլ լավ: Ի դեպ, առաջիկայում ես կներկայացնեմ, թե ինչպիսի «թամանյանական», «ազգային տրադիցիաներով» արված նախագիծ էր հաստատվել այն տարիներին, երբ հարգարժան հոդվածագիրը երկրի շինարարության նախարարն էր: Եվ թող հանրությունն ինքը դատի: Վստահ եմ, որ այդ ժամանակ Թամանյանից ու ազգային տրադիցիաներից այսօրվա խոսողներից շատերը պարզապես կգերադասեն լռել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել