Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ

Դեկտեմբեր 20,2008 00:00

Հատված անտիպ գրքից

ԼՂ խաղաղ կարգավորման հարցը մոտ էր լուծմանը դեռեւս 1989թ. հունիսին, երբ Հայաստանի կոմունիստական ղեկավարության եւ ԽՍՀՄ ԳԽ հայ պատգամավորների ակտիվ պահանջով՝ Կրեմլի ղեկավարությունը Արցախ գործուղեց ԽՍՀՄ ԳԽ-ի Արցախի հարցով պատգամավորական հանձնախումբը: Տասնօրյա հանդիպումներից հետո հանձնախումբը ստորագրել էր ԼՂ- ն Ադրբեջանի կազմից հանելու ու միութենական տարածք հռչակելու մասին խիստ նպաստավոր փաստաթուղթը, որն առաջին անգամ կներկայացնենք ընթերցողին: Այս հարցում մեծ է եղել Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկու օժանդակությունը. նա առաջարկում էր այդ փաստաթղթի մեջ ներառել նաեւ Շահումյանի շրջանը՝ տարածքների փոխանակման եղանակով ԼՂ-ին միացնելու հնարավորությունը:

1989թ. հունիսին Հայաստանից որպես լրագրող միայն ես էի աշխատում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի հետ: Մարզի տարբեր շրջաններում նրանց բոլոր հանդիպումները ձայնագրել եմ՝ պատմությանն ի պահ: Այդ թվում Արկադի Վոլսկու մոտ տեղի ունեցած հանձնախմբի նախագահ Սերգեյ Մանյակինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի «Միացում» խմբի՝ Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ, ուր Վոլսկին արդեն հստակ ակնարկեց պատրաստվող փաստաթղթի մասին ու հորդորեց Ռոբերտ Քոչարյանին՝ իրենց ձեռնարկներով չխոչընդոտել կյանքի կոչելու այն: Ժամանակին հարկ չհամարեցինք տպագրել խիստ գաղտնի պայմաններում իմ կողմից ձայնագրված այդ հանդիպման մանրամասները, քանի որ 89-ի համաժողովրդական պայքարի միասնության ֆոնին՝ անկեղծ ու մաքուր չէր ընկալվի մտահոգությունը, թե Արցախում, Հարցից էլ վեր, իշխանության համար պայքար է գնում:

Հարգելի ընթերցող, այս օրերին, երբ վերսկսվել է ակտիվ քննարկումները Հարցի շուրջ, քո դատին եմ ներկայացնում ձայնագրության սղագրությունը: Եզրակացությունը թողնում եմ քո խղճին:

27 հունիսի, 1989թ., Ստեփանակերտ. Հանդիպում «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:

Սերգեյ ՄԱՆՅԱԿԻՆ (անկեղծ մտահոգված).- Ադրբեջանի կազմից եթե Ղարաբաղը հանեն՝ ձեզ կկոտորեն:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ.- Ադրբեջանական ֆակտոր գոյություն չունի: Սումգայիթում այլեւս հայեր չկան:

Արկադի ՎՈԼՍԿԻ (նյարդային).- Իսկ Բաքվո՞ւմ,- եւ հայտարարում է,- Ռոբերտ Քոչարյան, «Ղարմետաքս» կոմբինատի կոմկուսի սկզբնական կազմակեպության քարտուղար:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Բաքվում մնացել են այն հայերը, ովքեր սպասում են տների փոխանակմանը՝ Երեւանի կամ Ստեփանակերտի հետ: Հանձնախմբեր շատ են եկել ու գնացել, ես անձամբ եմ մասնակցել այդ հանդիպումներին: Հանդիպել ենք ԽՍՀՄ Քաղբյուրոյի համապատասխան պաշտոնյաների հետ: Նրանցից ոչ ոք չի ասել, թե խնդիրը արդարացի չէ: Այս դահլիճում նույն բանն ասել է ազգային հարցով քարտուղար Միխայլովը: Խնդիրը՝ հարցը ինչպես լուծելն է: Հիմա նոր հանձնախումբ է եկել, որը հարցը չգիտի ու նրան հարցի նախապատմությունն է պետք դեռ ներկայացնել:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Այո, չգիտենք, մեզ հատուկ են ընտրել, մարդկանց, ովքեր հարցը չգիտեն եւ պիտի իրենց աչքի տեսածը ներկայացնեն վերեւներում: Հետո մեզ լրացուցիչ նյութեր կտան, կուսումնասիրենք ու կգրենք եզրակացություն: Գալուց առաջ ինձ մոտ եկան Վեզիրովն ու Հարությունյանը: Տեղեկանքներ բերեցին: Դրանք պետք է ուսումնասիրել:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Եվ այսպես, մեզ ասում են, թե խնդիրը կասկած չի հարուցում, որ ժամանակին թույլ է տրվել սխալ, որ Ղարաբաղը դարձել էր մանրադրամ՝ համաշխարհային հեղափոխության ճանապարհին, ինչպես Հայաստանն ինքը: Ասում են, թե հարցի լուծումը նախադեպ կհանդիսանա մյուս նույնատիպ խնդիրների համար, որից իրենք վախենում են: Պարզվում է, այսօրինակ խնդիրներ շատ կան ԽՍՀՄ-ում: Ու մեր խնդրի լուծումը, իբր, շղթայական ռեակցիա կստեղծի երկրում: Բոլորը գիտակցում են նաեւ, որ այդպես շարունակվել չի կարող եւ մտածում են մի ընդհանուր լուծում գտնել բոլոր խնդիրների համար. ստեղծել մեկ ընդհանուր մեխանիզմ՝ ահա նրանց առաջին փաստարկը: Երկրորդ փաստարկը Սումգայիթի գործոնն է: Ասում են՝ Բաքվում ապրող 200 հազար հայերի մասին մտածո՞ւմ եք: Չէ՞ որ Սումգայիթը ցույց տվեց, որ այդպիսի բան հնարավոր է: Եվ ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող 19 այդպիսի նմանատիպ ղարաբաղների առկայությունը չի վերացնում դրանցից յուրաքանչյուրը լուծելու պատասխանատվությունը: Եվ վերակառուցումը լճացման շրջանից տարբերվում է այնքանով, որքանով որ կլուծվեն այդ խնդիրները: Առավել եւս, երբ այդ խնդիրները գիտակցվում են կենտրոնի կողմից: Ու քանի որ չեն լուծվում, սկսվել է այդ շղթայական ռեակցիան: Հիմա ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները մեզ են նայում: Ու հասկանում են, որ քաղաքակիրթ, խորհրդարանական ճանապարհը, որով մենք գնում ենք՝ հարց չի լուծում: Մեր հարցը չլուծելը բերեց փակուղու: Ցույց տվեք մի ազգամիջյան խնդիր, որն առ այսօր լուծված լինի: Առավել եւս, որ երբ մեր երկրում փոխվում է քաղաքական ղեկավարությունը, փոխվում է նաեւ քաղաքական կուրսը, դա անվստահություն է հաղորդում մարդկանց: Մենք չենք կարող սպասել, մենք չգիտենք՝ ինչ կլինի 10 տարի անց: Այս անվստահությունն է խթանում հարցը շուտ լուծելու ցանկությանը:

Մյուս փաստարկը՝ Սումգայիթ: Այն ի հայտ է եկել Կենտրոնի դրդմամբ, որը մեզ միշտ հիշեցրել է այդ գործոնի գոյությունը: Այն ժամանակ Կիրովաբադում, Դաշքեսանում ապրում էին հայեր: Այսօր իրականում նման խնդիր չկա, քանի որ այդ վայրերում արդեն հայեր չկան: Մնացել են փոքր խմբեր, ովքեր սպասում են տները փոխելուն: Բաքվում մնացել են նրանք, ովքեր տունը փոխելու հետ ունեն խնդիրներ: Ուրեմն, Ադրբեջանում ապրող հայերի ճակատագիրն այլեւս փաստարկ չէ: Այսինքն՝ երկու փաստարկն էլ գոյություն չունի: Ես անձամբ հանդիպել եմ ԽՄԿԿ քարտուղար Եգոր Լիգաչովի հետ: Նա ինձ հետ այս փաստարկի մասին խոսեց: Հետաքրքիր է, ինչ կասի նա այժմ: Ես համոզված եմ, եթե մեր հարցը լուծվի քաղաքակիրթ ճանապարհով, Միջին Ասիան, Աբխազիան ձեզ հավատ կընծայեն, որ իրենց հարցն էլ այդ ճանապարհով կլուծվի: Միջին Ասիայում, Աբխազիայում կա հարց: Հարավային Օսեթիայում: Հիմա ձեզ ոչ ոք չի հավատում: Մեր հարցը չլուծելը երկիրը բերեց փակուղու: Հիմա եթե դուք մեր հարցը լուծեք՝ նրանք էլ կհավատան ձեզ:

(Տարօրինակ է, Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէ՞, որ Բաքվում ապրող երկու հարյուր հազարից ավելի հայեր դեռ չեն լքել իրենց օջախը: Ավելի ուշ, 1990 թ. հունվարին տեղի ունեցած հայկական ջարդերը Բաքվում՝ կկանխվի միայն խորհրդային զորքերի ջանքերով):

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ես «կլոր սեղան» եմ արել ազգամիջյան խնդիրների հարցով, վերջինում, կեսից շատը հայեր էին: Գալիս են շատ ազգեր, որոնց խնդիրները տարբեր են: Աբխազների մոտ տարբեր է, նրանք 16 տոկոս են կազմում: Ռոբերտ, եթե դու այն միտքն ես առաջ տանում, թե ձեր հարցի լուծումը կլուծի նաեւ մյուս ազգամիջյան հարցերը երկրում, ապա դա սխալ, արատավոր միտք է: Հրեական ինքնավար մարզում հրեաները 5 տոկոս են, Յակուտիայում՝ 13, կամ ղրղզներինն ու տաջիկներինը: Կամ Նոր Ուրգենում: Դուք դեռ կարող եք փախչել Հայաստան, նրա՞նք ուր… Մի կապիր մեկը մյուսին:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Արկադի Իվանիչ, ես հենց դա էլ նշում եմ, որ խնդիրները տարբեր են, բայց չեն լուծվում: Եթե լուծվեր Ղարաբաղի հարցը, աբխազների մոտ հույս կլիներ, որ մեր երկիրը փորձում է մի բան անել: Կարեւորը սկզբունքն է: Մենք սերտ կապ ենք պահում բոլորի հետ, մենք գիտենք, թե այդ կետերում ինչ է տեղի ունենում:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ինչ է, դուք աջակցում եք աբխազների՞ն:

ԽՈՒՄԲԸ.- Չէ, մենք չենք պաշտպանում նրանց:

Ա. ՎՈԼՍԿԻ (ակնհայտ հեգնանքով).– Ինչո՞ւ որեւէ մեկին չեք պաշտպանում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ես նրանց հարցը լավ չգիտեմ: Մերը ամենահեշտն է լուծելը:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Լավ էլ գիտեք, քարտեզ կա:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ամենասուր, միանշանակ ու ամենահեշտ լուծվող հարցը Ղարաբաղի հարցն է. եթե մերն են մտցրել փակուղի, ապա կարելի է կարծել, թե ինչ կլինի երկրի մյուս խնդիրների հետ: Դա հարցի պատասխանատուների տարրական ոչ կոմպետենտության արդյունքն է: Նորից եմ կրկնում, բոլոր ժողովուրդները նայում են, լուծվո՞ւմ է մեր հարցը, թե՞ ոչ: Հիմա նրանք հույսը կորցնում են: Իսկ երբ կորչում է հույսը՝ ժողովուրդն ինքն է սկսում լուծել իր հարցը:

(Արկադի Վոլսկին հուսահատ հառաչում է ու աղմուկով վեր կենում տեղից, մոտենում է Պողոսյանին, որ կպցնի ծխախոտը նրա վառիչով, ես շտապ թաքցնում եմ ձայնագրիչը: Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չի հասկանում Արկադի Վոլսկու ակնարկները՝ Արցախի հարցը հատուկ կարգավիճակով ներկայացնելու, այլ ոչ ԽՍՀՄ տարբեր կոնֆլիկտների շարքում դիտարկելու կարեւորությունը: Մանյակինը երկար պատմում է իր հանդիպումը Միխայիլ Գորբաչովի հետ, խոստովանելով, որ ինքը չի պատկերացնում խնդիրը եւ իրեն անհրաժեշտ են շատ փաստեր):

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ես կարծում եմ՝ շտապ միջոցներ են պետք այս վիճակից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է Միացումին, դա ուրիշ խնդիր է: Մինչեւ օգոստոսի 4-ը պետք է մի բան անել (նկատի ունի ԽՍՀՄ ԳԽ պատգամավորների 1-ին նստաշրջանի ավարտը):

Ա. ՎՈԼՍԿԻ.- Չէ, Ռոբերտ, մինչեւ ամսի 4-ը ոչինչ չի փոխվի: Որովհետեւ Միխայիլ Սերգեյիչը հանդիպման ժամանակ ասաց, որ Արցախում բոլոր մնացած խնդիրներն անհնար է լուծել առանց կարգավիճակի փոփոխության: Ամբողջ իմաստը դրա մեջ է: Այս հանձնախմբի եզրակացությունը պետք է ներկայացնել Գերագույն խորհուրդ: Դրա համար հայերդ շատ լավ պիտի պատրաստվեք:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Եվ առանց էմոցիաների:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Եվ լուրջ հիմնավորել է պետք: Ահավոր աշխատանք է սպասվում, որոշման նախագիծ է պետք կազմել: Կարծում եք՝ հե՞շտ է: Ամեն պատգամավորի հետ պետք է աշխատել:

Լեւոն ՄԻՐԶՈՅԱՆ («Միացում» խմբի անդամ).- Հատուկ կառավարման կոմիտեն պետք է հանել Ադրբեջանի ենթակայությունից:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Դա այդքան հեշտ չի լինում, հիմնավորել է պետք:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Հիմնավորումը հանձնախմբի որոշումը կլինի:

Ա. ՎՈԼՍԿԻ (ակնհայտ նյարդային, մատով ցույց տալով Մանյակինին).- Նրա խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առաջարկություն անելն է, Ռոբերտ: Մնացյալ խնդիրները ԳԽ հրամանագրերով կարելի է լուծել:

Վոլսկին որեւէ կերպ չի կարողանում խմբին հուշել, որ Մանյակինին պետք է կենտրոնացնել մարզի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ առաջարկության վրա: Ու հավանաբար, դադար վերցնելու համար, անսպասելի դիմեց ինձ ու կողքիս նստած Գեորգի Պետրոսյանին: «Ինչ է, դուք դժգո՞հ եք»: «Հակառակը, չէ, չէ…»,- վրա բերինք մենք: Արցախի հարցը երբեք այսքան մոտ չի եղել լուծմանը, ինչպե՞ս կարող էինք դժգոհ լինել:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Հա, ուրեմն կա երկու տարբերակ: Մենք քննարկել ենք Հենրիկ Պողոսյանի, Մանյակինի եւ հանձնախմբի մնացած բոլոր անդամների հետ: Առաջինը դա այն է, որ ԽՍՀՄ ԳԽ-ն չի կարող Սահմանադրությունը փոխել: Քանի որ այն կապված է տարածքային փոփոխության հետ: Դա է միակ խնդիրը: Երկրորդ: Որ ԽՍՀՄ ԳԽ-ն առանց Սահմանադրությունը փոխելու որոշում գտնի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ հետ կապված: Դու էլ գիտես, Ռոբերտ, իմ տեսակետը, ես ոչ մի տեղ չեմ թաքցրել: Այն պետք է լուծվի իրավական, փուլային եղանակով: (Ձայնը բարձրացնելով): Մնացյալը ամեն ինչ փուչիկ է՝ վերականգնել տեղական մարմինները, չվերականգնել՝ դատարկ բան է: Այն պետք է լուծվի երկու փուլով: Եվ դրա վերաբերյալ իմ տեսակետը չեմ թաքցրել ոչ ԽՍՀՄ ԳԽ-ում, ոչ ԼՂ-ում, ոչ ԿԿ-ում, ոչ Գորբաչովի հետ հանդիպման ժամանակ: 1-ին փուլ. առանց ԽՍՀՄ սահմանադրությունը փոխելու, ԽՍՀՄ ԳԽ-ը քննում է նախագահական ուղիղ կառավարման տարբերակը: ԼՂ-ը դուրս բերել Ադրբեջանի ենթակայությունից ու հայտարարել նրա վարչական, տնտեսական ենթակայությունը Կենտրոնին: ԳԽ-ն կարող է դա անել: 2-րդ փուլ. դեկտեմբերին կայանալու է ԽՍՀՄ պատգամավորների 2-րդ համագումարը, որտեղ կարող են որոշում կայացնել ԼՂ-ին միութենական տարածքի կարգավիճակ տալու մասին: Այսինքն՝ ներմուծել միութենական տարածք հասկացությունը: Ախր դա արդեն ինքնին Սահմանադրության փոփոխություն է: Իսկ մնացածը փուչ բաներ են, ասենք՝ հայկական տարածք անունը տալ, թե ուրիշ բան: Էդ արդեն ընթացքում կարելի է անել: Բոլորը պետք է գիտակցեն, որ այդ փուլերը պետք է անցնել: Մինչդեռ տաք գլուխները ամեն ինչ միանգամից են ուզում. դա փուչ կրակոց է:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Իսկ նախագահական կառավարում մտցնելն այժմ իրակա՞ն է:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Այո, իրական է:

Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆ (ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար).- Այժմ պետք է մտցնել նախագահական կոշտ կառավարում: Մնացած բոլոր հարցերը նախապատրաստելու համար կոնկրետ ժամկետ տալ՝ հարցի վերջնական լուծման բանաձեւի նախագիծ կազմելու ու ներկայացնելու համար:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ես այդ տեղեկանքի մեջ կմտցնեի նաեւ խնդիրը համագումարին ներկայացնելու կետ: Թեպետ վախենում եմ խնդիրներ ծագեն, բայց չէի նայի, կանեի:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ («Միացում» խմբի անդան).- Ռաֆիկ Նիշանովիչը (ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների պալատի նախագահ) դեռ չընտրված՝ ասում էր, թե իրենք էլ թուրք մեսխեթների խնդիր ունեն, մի քանի օր հետո ինչ եղա՞վ: (Նկատի ունի ազգամիջյան ընդհարումները Ֆերգանայում): Ինձ մի պատմաբան աղջիկ հարցնում է՝ դու չե՞ս կարծում, որ հարցն ուզում են լուծել այդ ձեւով: Եթե հնարավոր է Ֆերգանայի տարբերակ, էլ ինչո՞ւ ձգձգել, դե, էլ ինչ եք սպասում, դուք ինչո՞ւ եք եկել: Կամ մեզ հետ նույն կերպ վարվեք, կամ մենք սկսենք: Սկզբում հանգիստ էր, իսկ հիմա երեխեքը հարցնում են՝ սպասում եք այնքան, մինչեւ մեզ փրթե՞ն: Չի կարելի այս սուրբ պայքարը հասցնել բարբարոսության աստիճանի: Որոշում է պետք:

(Արկադի Վոլսկին քթի տակ ակնհայտ հայհոյելով՝ հառաչում է. խումբն այդպես էլ չի կենտրոնանում խնդրի կարեւոր կետերի վրա):

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Դրա համար էլ կոմիսիա է եկել, որ հարցը լուծի: Ես չեզոք մարդ եմ, պիտի հարցը ներկայացնեմ այնպես, ինչպես տեսնում եմ:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ինչպես կարելի է չեզոք լինել, դուք կարծիք չունե՞ք:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Իսկ ինչ անել խառը բնակչության դեպքում:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Երեկ միտինգում ասել եք՝ Շուշին չենք տա: Իսկ Շահումյա՞նը:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Շահումյանի մասին կխոսենք, երբ ԼՂ-ն դուրս գա Ադրբեջանի կազմից:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Կկորցնեք Շուշին՝ ձեռք կբերեք Շահումյանը: Դադամյանը ԽՍՀՄ ԳԽ-ին ԼՂ-ի ինքնորոշման հարցով հանրաքվեի առաջարկ էր ներկայացրել: Երբ սկսեցինք քննարկել մեխանիզմը, առաջարկվեց շրջան առ շրջան անցկացնել:

Լ. ՄԻՐԶՈՅԱՆ.- Չէ, շրջան առ շրջան լավ չէ, այդպես կարելի է անել անջատման ժամանակ:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Իսկ Սախարովն առաջարկում է նույնիսկ գյուղ առ գյուղ:

 

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Դա նրա գործն է, դուք ում կարծիքն ասես հարցնում եք, բացի՝ այդ տարածքում ապրողներից:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Կա ԼՂ իբրեւ ինքնավար կազմավորում, իր տարածքով, իր հստակ սահմաններով: Եվ միայն այդ սահմանների շրջանակներում, որպես ամբողջական միավոր, կարելի է անցկացնել հանրաքվե, այլապես այն իր իմաստը կորցնում է:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Եվ կա մի շատ կարեւոր խնդիր, որ միշտ մոռանում եք: Որը պետք է բոլորդ միշտ հիշեք: Դա Շահումյանի խնդիրն է: Կատակել միշտ կարելի է, բայց Շահումյանը չպետք է մոռանալ, նրանց չի կարելի լքել: Մեր առաջին միտքն է՝ հիշել նրանց մասին:

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Ես դեմ չեմ, Արկադի Իվանիչ…

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ (վերադառնալով Շուշին Շահումյանի հետ փոխելու տարբերակին). – Շատ գայթակղիչ տարբերակ է, բայց չի՞ լինի պատերազմ:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Այստեղ ապրող ոչ մի ադրբեջանցի այս հողը մինչեւ վերջ իրենը չի համարում: Դեռ Փանահ խանը, ապրելով Շուշիում, պատվիրել է, որ իրեն թաղեն Աղդամում, Դաշտային Ղարաբաղում: Այստեղ ապրող ադրբեջանցիները գիտեն, որ մենք իրենց նկատմամբ ագրեսիվ չենք, իրենք էլ, եթե չլինի դրսից միջամտություն: Դաշտային Ղարաբաղի եւ Բաքվի ադրբեջանցիների «վեջը» չի Ղարաբաղը: Այդ մտավորականությունն է, որ վերջին 20 տարում փորձում է նրանց գլուխը մտցնել, թե Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Լենինի 4-րդ հրատ. 15 հատ. էջ 204-ում գրված է, որ Ադրբեջանը Պարսկաստանի հյուսիսային նահանգն է, կենտրոնը՝ Թավրիզ: Այդպես են կարծում բոլոր աղբյուրները. Միրզա Ալի Գյուլիզադեն, Միրզա Քյամալը, ռուս հեղինակները Արազից հարավ ընկած տարածքն են համարում իրենցը: Այնպես որ, հողի, տարածքի խնդիր չկա, այդ հարցը հանվում է: Իսկ առաջին օտարածինը, որ հայտնվեց այստեղ, դա Փանահ խանն է: Դա ընդունում են նաեւ ադրբեջանցի ու թուրքալեզու հեղինակները:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Բայց պատկերացրեք, դուք ԳԽ-ում ելույթ եք ունենում: Ի՞նչ է տալու դա ձեզ: Ղարաբաղն՝ էստեղ, Նագորնին՝ էնտեղ…

Ա. ՎՈԼՍԿԻ.- 70 տոկոսը հարցը չի հասկանում:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Ղարաբաղում ապրող 38 հազար ադրբեջանցիներից ամեն երկրորդը տեղացի չէ, եկել են Աղդամից, Լաչինից, ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցին այս հողը իրենը չի համարում: Ահավասիկ մի համառոտ տեղեկագիր, որ լույս է տեսել 1925 թ. Բաքվում՝ Ադրբեջանի հետազոտողների միության կողմից: Այնտեղ գրված է, որ Բաքվում եւ այլ շրջաններում ապրող հայերի մեծամասնությունը եկել է Ղարաբաղից: Անդրկովկասի եւ Թուրքեստանի բոլոր հայերը ծագումով ղարաբաղցի են: Տվյալ պահին աշխարհում ղարաբաղցիների թիվը 1 մլն-ից ավելի է: Ղարաբաղում ապրող բնիկ ադրբեջանցիների չնչին տոկոսը չի կարող իր շահերը գերադասել գերիշխող մեծամասնությունից, 1 մլն ղարաբաղցիների շահերից, որոնք ցրված են ԽՍՀՄ տարածքում: Վեզիրովին պետք է ահ տալ՝ թե բանտ կնետենք, եթե հրահրես: Նա կվախենա ու չի հրահրի: Ու ոչ մի էքսցես չի լինի: Ես նրանց հոգեբանությունը լավ գիտեմ:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Նրանց գրողին է պետք զգուշացնել (նկատի ուներ Անարին):

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մեր գործողություններում մենք պետք է ելակետ դարձնենք, թե հնարավոր է նոր Սումգայի՞թ: Մենք պետք է վախենա՞նք:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ես համոզված եմ, որ կլինեն էքսցեսներ:

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Պետք է գերիշխի իրավունքի ուժը:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Քննարկման ժամանակ Ադրբեջանի իրավունքն ավելի ամուր է ներկայացվում: Երկու կողմերի գիտնականների հանդիպում էր: Ես նախագահությունում նստած լսում էի: Եվ ինձ՝ չլուսավորվածիս համար, նրանց դիրքն ավելի ամուր էր թվում:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Եվ ելույթների կարգն է պետք մշակել. պետք է լրջորեն պատրաստվել: Հաշվի առեք, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր իսկապես մտածում են Կովկասի կայունության մասին: Պետք է լուրջ պատրաստվել:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Դուք պետք է ձեր պատգամավորներին լավ նախապատրաստեք: Ամեն ինչ պետք է մանրակրկիտ ու լավ նախապատրաստել: Որ համոզիչ լինի:

Ս. Մանյակինը երկար խոսում է հայերի ու ռուսների մասին, ասելով, որ նրանք երկուսն էլ ուղղափառ են:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Ես մի բան ասեմ, դուք փոխանցեք Գորբաչովին: Ադրբեջանում կան ոչ միայն հայաբնակ, այլ ռուսաբնակ վայրեր՝ դեռ Եկատերինայի ժամանակներից, որոնք եւս ոչնչացվում են: Ոչնչացվում են ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական ներկայության բոլոր ապացույցներն այդ երկրում: Չե՞ք կարծում, որ այստեղ հայ եւ ռուս ժողովրդի խնդիրները համընկնում են:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Օրինակ՝ Ֆիոլետովոն եւ ուրիշներ: (Եվ Մանյակինը անակնկալ զայրանում է, հիշելով, որ ադրբեջանցիները Կիրովաբադում ձորն են նետել Բաղրամյանի կիսանդրին: Ու երկար պատմում է հանգստյան տանն իր հանդիպումը՝ զորավար Հովհաննես Բաղրամյանի ու նրա տիկնոջ հետ):

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Շուշիի շրջկոմի դիմաց ռուսական եկեղեցին էր, 60-ականներին քանդեցին: Ապշելու էր, որ Ադրբեջանի ԿԿ-ի որոշմամբ, ռուսական գերեզմանոցը հողին հավասարեցվեց ու նրա տեղում կառուցվեց Շուշիի քաղկոմի շենքը: Ռուսական ներկայության ոչ մի հետք չթողեցին: Հարցրեք Գորբաչովին, սա արդյո՞ք պանթուրքիզմի հաղթարշավը չէ ռուսական շիրիմների վրա: Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Այնտեղ կոկորդ պատռելով ոչ մի բան չի որոշվի: ԳԽ-ում այնպիսի անհատներ կան՝ Սախարով, Ելցին, Ֆեոդորով…

Մանյակինը կոչ է անում հրավիրել պատմաբաններ, փորձագետներ, մասնագետներ այս հարցի գծով: Ներգրավել նրանց հիմնական փաստաթուղթը կազմելիս:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Հարցի իրավական կողմը պիտի հիմնավորվի բոլոր միջազգային ակտերի լույսի ներքո: Ասեք Գորբաչովին, որ ադրբեջանցիները շատ հաճախ սպառնում են ռուս զինվորներին, թե հայերի հարցը լուծելուց հետո՝ իրենց հերթն է գալու:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Դուք մտածեք, թե Ադրբեջանն ինչ կասի: Ես միայն այն կասեմ, որ վերեւներում տարբերակներ են մշակվում հօգուտ արդարության:

Ա. ՎՈԼՍԿԻ.- «Նամակ ընկերոջս» գրքի մեջ ադրբեջանցի գրողը լատիշ գրողին այնքան լուրջ հիմնավորումներ է բերել, որ չես կարող չմտածել:

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Այդ ի՞նչ գիրք է: Տվեք մենք էլ կարդանք:

Լ. ՄԻՐԶՈՅԱՆ.- Կարելի է հիմնավորել, որ Կիեւը մոնղոլական քաղաք է, 300 տարի իրար հետ ապրել են, հետո ինչ:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Ադրբեջանցիներն ասում են, որ Ամերիկայի հայերը մեծ ադամանդ են նվիրել Ռաիսա Մաքսիմովնային (Գորբաչովի կնոջը):

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Ոչ մի այդպիսի բան չի եղել, բայց փաստ է, որ Ալիեւը Բրեժնեւին ադամանդե մատանի է նվիրել:

Հանձնախմբի գալուց երկու օր առաջ «Միացումը» տարածել էր մի շրջաբերական՝ «Սուվերենություն» կոչով, ուր մասնավորապես պահանջվում էր՝ 1.ՀԽՍՀ ԳԽ-ի նստաշրջանը որոշում է ԼՂԻՄ-ը իր կազմի մեջ ընդունելու մասին, հանձնարարում է Նախարարների խորհրդին միջոցառումներ մշակել ԼՂԻՄ-ի վարչական, տնտեսական եւ մշակութային միջոցառումների վերաբերյալ: 2. ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը որոշում է իրավունք վերապահել ԼՂ-ի հայերին եւ մյուս ազգերին՝ դառնալ Հայաստանի քաղաքացիներ եւ ստանալ Հայաստանի անձնագրեր: 3. ԼՂԻՄ-ի բնակչությունը ընտրում է իր պատգամավորներին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդ, իսկ մանդատային հանձնաժողովը նրանց հանձնում է ՀԽՍՀ ԳԽ մանդատներ: Այնուհետեւ ԼՂԻՄ-ը հայտարարվում էր համաժողովրդական կառույց ու ապահովվում էր 40-60 հազար փախստականների վերադարձը եւ այլն: Այս շրջաբերականին հետեւեց բազմամարդ միտինգը Ստեփանակերտի Օղակաձեւ հրապարակում, որին հրավիրված էին եւ ելույթ ունեցան պատվիրակներ Երեւանից, Արտաշատից, Ախալքալաքից: Արկադի Վոլսկին, միտինգի ողջ սղագրությունը ձեռքին, զսպված զայրույթով առաջարկում է վերլուծել ելույթները:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Դուք հիմարություն հիմարության ետեւից եք անում:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Այո, եւ հենց ձեր դեմ:

Ես այստեղ ներողություն եմ խնդրում իմ ընթերցողից, որ պիտի մեջբերեմ Վոլսկու խոսքերը բառացի, քանի որ այդ բառերին համապատասխան հոմանիշներ հնարելն արդար չէր լինի:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Այո: Ուզում եմ վկայակոչել մի անվանի հայ գործչի խոսքերը, ով ասել է, թե հայ մտավորականությունը քաքել է Մեծ Հայաստանի տեսլականի մեջ, մսխել, պրծել է: Հիմա էլ դուք: Ձեր միտինգներով, իշխանության համար պայքարով ու այլ գործողություններով, այս պահին քաքի բաժին եք դարձնում ղարաբաղյան շարժումը: Միրզոյան Լեւոնն ասում է, թե 87 քաղաքացի դիմել են մայորին, որ չորս օր է՝ ջուր չունեն: Վարպետին կանչել են՝ ջուրը բացել է: Դա խնդի՞ր է, ո՞վ պետք է դա անի: Իսկ միտինգում փչել եք, թե մայորը տեղացիներին ջուր չի տալիս: Հաջորդը: Ստեփանյան Աշոտը անվստահություն է հայտնել Հատուկ կառավարման կոմիտեին, պահանջել է հեռանալ եւ ասել է, որ Կոմիտեն պետք չի ժողովրդին:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Այդ խոսքերը քանի՞ անգամ եք լսել:

Ա. ՎՈԼՍԿԻ. – Իսկ ես հիշում եմ ձեր խոսքերը: Այն, որ կգնա իմ Կոմիտեն, կգա մյուսը: Եղիշ Դարբինյան. Երեւանից, նա կոչ է արել չհավատալ Մանյակինի հանձնախմբի խոստումներին եւ դուրս չգալ աշխատանքի: Ինչո՞ւ պետք է Հայաստանից գան ու թելադրեն մեզ:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Տարիքով մարդ է, մի բան ասել է, էլի:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Սամվել Գալստյան, Արտաշատից, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր: Տեսեք, ինչ է ասել. «Ամեն շաբաթ օր պարեն ենք բերելու Արտաշատից»: Ոչի՞նչ, որ մեր պարենի ժամանակացույցը չորեքշաբթի ու հինգշաբթի է: Բանաստեղծուհի, Երեւանից, մի վարորդ Վրաստանից՝ ամեն տասը օրը մեկ պարեն է բերելու: Հայ ուսանողական միության ներկայացուցիչ Երեւանից, համերաշխություն է հայտնել շարժմանն ու կոչ է արել չընկճվել:

Ու ծալել, մի կողմ գցելով միտինգի սղագրությունը, Արկադի Վոլսկին նետեց.

Ա. ՎՈԼՍԿԻ.- Այս ձեռնարկներով դուք միայն փչացնելու եք գործը, Ռոբերտ: Դու թագի համար մարմաջող փառամոլ ես, քեզ իշխանություն ունենալն է հետաքրքրում, ոչ թե Ղարաբաղի հարցի լուծումը: Իսկ էս պացանին (մատը պարզելով Գ. Պետրոսյանի կողմը) թվում է, թե իր տաք գլխով հարցը մի օրում առաջ կտանի:

Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել