Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբառները՝ կործանման եզրին

Դեկտեմբեր 20,2008 00:00

Մասնագետի մտահոգությունները

Հայաստանում ներկայումս կա 44 բարբառ: Բարբառագիտության մեջ գործող սկզբունքի համաձայն՝ լեզվական միավորներն առնվազն 100 կետով պիտի տարբերվեն միմյանցից, որպեսզի կոչվեն առանձին բարբառներ: Հավանաբար, բարբառագիտության հիմնադիրներից Հրաչյա Աճառյանի մտքով 19-րդ դարում գուցե չի անցել, որ մի օր այդ բարբառները կկանգնեն կործանման եզրին: Այժմ այս խնդրով մտահոգված են լեզվաբանական շրջանակներում: «Առավոտի» զրուցակից, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Միքայելյանը նշեց. «Բարբառների կորստի դեմն առնել հնարավոր չէ, դա բնական գործընթաց է եւ բխում է շրջանների՝ մայրաքաղաքի հետ շփումից: Հայոց լեզվի պատմական ուսումնասիրություն հնարավոր չէ կատարել՝ հենվելով միայն գրավոր աղբյուրների վրա, առանց բարբառային նյութի օգտագործման: Ուստի պետք է հինը պահպանել գրառումներով»:

Ըստ Ժ. Միքայելյանի, այդ գործը 1970-ականներին սկսել են՝ ընկած գյուղեգյուղ բարբառներ հավաքելով: Նրա խոսքով, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը դրան հեշտությամբ ընթացք չի տվել, ու այդ քաղաքականությունը շարունակվում է նաեւ այսօր: «Պատճառաբանում են՝ ֆինանսներ չունեն: Ճիշտն ասած՝ մշակույթի նախարարությունից էլ աջակցություն չենք սպասում»,- նեղսրտեց զրուցակիցս: Հետո էլ փոխանցեց. «Ուզում էինք պատմական Հայաստանից սկսել բարբառների հավաքչությունը, բայց չստացվեց: Չկարողացանք գնալ թեկուզ Սեւ ծովի ափ՝ համշենցիների բարբառը հավաքելու: Ստիպված բավարարվեցինք Արարատյան հարթավայրով, որտեղ եւս արեւմտահայեր կային: 1915-ից փրկվածները պիտի առնվազն 10 տարեկան լինեին, որ հիշեին իրենց բարբառը: Այն ժամանակ այդպիսիք հատուկենտ էին, այժմ՝ ողջ չեն: Այնպես որ, Արեւելյան Հայաստանի բարբառներն էլ են արդեն մեռնում, էլ չեմ խոսում արեւմտյանի մասին, որը վաղուց ենք կորցրել»: Լեզվաբանի փոխանցմամբ՝ իրենք ստիպված ֆինանսական աջակցություն են փնտրում Ֆրանսիայի արեւելյան լեզուների ինստիտուտից՝ «Ինալկոյից», որը խոստացել է օգնել բարբառների հավաքչական գործին: Ժ. Միքայելյանն ասում է, որ ծրագրել են ստեղծել «Հայերենի բարբառագիտական ատլաս», որը շատ բան կասի նաեւ տարածաշրջանային տեղաշարժերի մասին. «Այժմ թուրքերն անընդհատ հայերին ստիպում են ապացուցել, որ տարածաշրջանում հայերը եկվոր չեն: Այդ հարցում փաստական հիմք են լեզվական միավորները, որոնցով խաբել չես կարող: Անդրկովկասում այժմ բնակվում են հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, թուրքեր, որոնք պատկանում են տարբեր լեզվաընտանիքների. վրացիները՝ քարթվելականին, մենք՝ հնդեվրոպականին, թուրքերն ու ադրբեջանցիները՝ թյուրքականին: Քանի որ հայերը տեղացիներ են, ուրեմն եկվորները նրանք են, որովհետեւ լեզուն էլ դա է ապացուցում… Լավ կլիներ, որ ստեղծվի մի կոորդինացնող կենտրոն, որպեսզի ազգագրագետների հետ մենք էլ գնանք ուսումնասիրությունների, թե չէ՝ նրանց նյութերը պարզեցված են, մոտեցված գրականին»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե բարբառների կորուստը ի՞նչ բացասական միտումների է հանգեցնում: Մասնագետը փոխանցեց. «Բարբառները աստիճանաբար մոտենում են գրականին: Իհարկե, թուրքերեն բառերը քիչ-քիչ դուրս են գալիս բարբառներից, բայց հիմա էլ Երեւանի ժարգոնն է տարածվել, ինչը հիմնականում բերում են մայրաքաղաքում սովորող ուսանողները»: Բարբառների անմխիթար վիճակը Ժ. Միքայելյանը նաեւ պայմանավորում է մայրենիի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքով. «Այժմ նորաձեւ է ժարգոնով խոսելը: Հեռուստատեսությունն էլ է նպաստում դրան: Մենք լծակ չունենք հակազդելու՝ մեզ ո՞վ է լսողը: Հեռուստաեթերից կարելի է լսել «ա»-երով խոսք, կողքին էլ «հա» դրած: Մի անգամ էլ մտավորականներն էին «ա»-երով խոսում մայրենիի մաքրության մասին: Չեմ հասկանում՝ սա ի՞նչ վարակ է»: Մեր զրուցակիցը բերեց լեզվի աղավաղման տարածված օրինակներ. «Հաճախ կարելի է խանութների վրա կարդալ. «Մենք բացվել ենք»: Հեռու այն մարդուց, որ բացված վիճակում է: Կամ գրում են՝ «դզող փչող»: Անընդունելի է, երբ քաղաքական գործիչներն են բարբառով խոսում կամ սխալ բառաձեւեր օգտագործում: Ժամանակին մի նախարար ասում էր. «Կարմունջը պայթեցրել են»: Վերջերս էլ հայտնի էր Սերժ Սարգսյանի «շըտըկելը»… Կրթության նախարարներից մեկն էլ ասում էր՝ «Մոտակայքում այդ հարցը կլուծենք»: Ահավոր տարածված է «Ինձ մոտ այն տպավորությունն է» արտահայտությունը, որի փոխարեն պիտի ասել. «Ես այն տպավորությունն ունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել