Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ ՈՒ ՃԻՇՏ ԹՎԵՐԸ

Դեկտեմբեր 20,2008 00:00

Կամ ինչու են գիտության չինովնիկները խուսափում «տեսնել» իրական պատկերը

 

Կա գիտության մի բնագավառ, որը պարտավոր են ֆինանսավորել բոլոր նրանք, ովքեր մտածում են Հայաստանի ապագայի մասին. խոսքը հայագիտական ուղղությունների մասին է, որոնց պահպանումն ու զարգացումը կարեւոր է օդ ու ջրի պես: Գիտության այս ուղղությունները պետք է առանձնացվեն մնացած բոլոր ճյուղերից եւ չդրվեն ընդհանուր քննարկման՝ համեմատելով ֆիզիկայի կամ քիմիայի հետ: Գիտության առեւտրայնացման մասին անհեթեթ քննարկումներից էլ պետք է հեռու պահել, որովհետեւ այս բնագավառում կորուստների հետեւանքները պարզապես անդարձելի կարող են լինել: Կարծում եմ, սա պետք է ամրագրվի օրենքով, որտեղ հստակ նշվեն ֆինանսավորման չափը, կատարված աշխատանքների ստուգման ձեւերը: Ֆինանսավորումն էլ պետք է լինի ամենաբարձր կարգի եւ աշխատանքները տապալելն էլ պետք է պատժվի ամենախիստ ձեւով:

Ինչ վերաբերում է ֆիզիկային ու քիմիային, դրանք հայկական կամ վրացական չեն լինում: Բնության օրենքներն ամենուրեք նույնն են: Եվ եթե արդեն ինչ-որ տեղ, ասենք՝ Եվրոպայում կամ Մերձավոր Արեւելքում էլեկտրոն են «պտտում» որոշակի հետագծով եւ արագությամբ՝ իմաստ չունի նույնը կրկնել Հայաստանում: Նախ թանկ է, հետո հայկական էլեկտրոնները ոչնչով չեն տարբերվում հորդանանյան էլեկտրոններից: Ավելի էժան կլինի, մի քանի հոգի կուղարկենք, թող «վզները ծռած» դրսում պտտվող էլեկտրոնների կողքին կանգնեն՝ անունը «օտարերկրյա դիտորդ» դնելով: Ուշ թե շուտ՝ նրանց համահեղինակ կգրեն եւ սրանով գուցե պրծնենք՝ էժան ու որակով:

Գիտությանը հատկացված գումարի մնացած մասը արդյունավետ ծախսելու համար պետք է նախ պատասխանենք երկու հարցի՝ գիտության ո՞ր ոլորտներում լուծվող խնդիրներն են մեզ պետք, այսինքն՝ անմիջապես բխում են մեր առաջնային խնդիրներից, եւ երկրորդ՝ ի՞նչ կարող ենք անել մենք այստեղ՝ Հայաստանում: Երկու խնդիրներն էլ դժվար են, բայց առանց այս հարցերին պատասխանելու՝ առաջ շարժվելն անհնար է:

Սկսենք երկրորդ հարցից՝ ի՞նչ կարող ենք անել: Երեւի քչերը բողոքեն, եթե այս հարցի պատասխանը ես կապեմ վերջին տասը տարում կատարված եւ գիտական ամսագրերում տպագրված աշխատանքների հետ: Նորից օգտվելու եմ «Thomson Reuters» կորպորացիայի «ISI Web of Knowledge» կայքից վերցված տվյալներից: Իհարկե, այստեղ չկան Հանքավանում կամ Ծաղկաձորում անցկացված երիտասարդ գիտնականների կոնֆերանսների նյութերը, որոնց հիման վրա կարելի է տարբեր կոչումներ ստանալ Հայաստանում: Անդրկովկասի միակ գիտական ամսագիրը, որը համաշխարհային գիտական գրականության մեջ ընդունվում է որպես որակյալ (այսինքն՝ իմպակտ ֆակտոր ունի)՝ հայկական «Աստրոֆիզիկան» է եւ, բնականաբար, այստեղ տպագրված աշխատանքները հաշվարկի մեջ են (խմբագիր՝ ակադեմիկոս Դ. Սեդրակյան):

Ընդհանուր առմամբ, հաշվառված է մոտ 10 000 ամսագիր գիտության բոլոր բնագավառներից: Ստորեւ ներկայացված է մի աղյուսակ, որտեղ բերված է 1998թ. հունվարի 1-ից մինչեւ 2008թ. օգոստոսի 1-ը տպագրված այն գիտական հոդվածների վերլուծությունը, որոնց հեղինակների մեջ գոնե մեկը ներկայացրել է Հայաստանը: Այս ժամանակաշրջանում Հայաստանի անունից տպագրվել է 4444 աշխատանք, որոնց վրա կա 25190 հղում եւ հ-ինդեքսն էլ 63 է: Առաջին սյունակում բերված են այն հիմնական ոլորտների անունները, որտեղ աշխատում եւ տպագրվում են հայաստանցի գիտնականները:

Առաջինը, ինչը միանգամից մեզ տարբերում է մնացած երկրներից՝ այն է, որ առաջին տասնյակում ութ հիմնական ուղղությունները վերաբերում են ֆիզիկայի տարբեր ճյուղերին: Ինչքան էլ փորփրեցի տվյալների բազան, ոչ հարուստ եւ ոչ էլ աղքատ երկրներում նման տենդենց չգտա: Նույնիսկ այն երկրները, որոնց մասին գրում են, թե իբր նրանք վտանգ են ներկայացնում, որովհետեւ զբաղված են տարբեր «վախենալու բաների» մշակմամբ, այսքան ֆիզիկական ուղղվածությամբ գիտություն չկա: Երեւի օդից է, որ մենք «ֆիզիկասեր» ժողովուրդ ենք: Եվ հատկապես սիրում ենք նայել աստղերին ու երկնքին, այնտեղից եկող բարձր էներգիայով մասնիկներին: Երեւի ռոմանտիկ ենք ու հարուստ, որովհետեւ դրանք գիտության ամենաթանկ ուղղություններն են: Երկրորդ հետաքրքրական փաստը, որը նույնպես մեզ տարբերում է մյուս երկրներից՝ հումանիտար գիտությունների վիճակն է: Չեն տպագրվում ոչ միայն անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով, չեն տպագրվում նաեւ ռուսալեզու ամսագրերում: «Էկոնոմիկա» խորագրով գտա միայն 6 աշխատանք՝ տպագրված քիչ թե շատ հայտնի ամսագրերում: Տասը տարվա համար, հաշվի առնելով դոկտորների եւ թեկնածուների թիվը, այնքան էլ շատ չէ: Մասնագետ չեմ, չգիտեմ, բայց երեւի հայկական էկոնոմիկան կապ չունի համաշխարհայինի հետ եւ այս բնագավառում կատարված աշխատանքներն էլ կամ գաղտնի են, կամ տպագրվում են տեղական թերթերում: Ինչեւէ, հարց ենք դրել, թե գիտության մեջ ինչով կարող ենք զբաղվել՝ սա է ստացվում: Ճիշտ ժամանակն է տեսնել, թե ովքեր են Հայաստանը ներկայացնող այն հեղինակները, ովքեր բարձր պահելով մեր երկրի պատիվը, դժվար պայմաններում բանում են գիտության տարբեր ոլորտներում:

Ամենաշատը Հայաստանի անունից տպագրվող 100 հեղինակների ցուցակը գլխավորում են այս երեք գիտնականները՝ HEINZELMANN G., MEYER H., BERNLOHR K.: Ազգանունները անգլերեն գրեցի, որովհետեւ նախ չգիտեմ, թե ովքեր են եւ ինչպես են գրվում նրանց ազգանունները հայերեն: 100 հիմնական հեղինակների մեջ 7-ն են հայ, բոլորին գիտեմ, 2-ն էլ ընկեր են: 5-ը վաղուց Հայաստանում չեն, 2-ի կապն էլ գիտության հետ վիճելի է: 5-ի համար ուրախ եմ, որ մնալով բազային կրթությանը համապատասխանող մասնագիտության մեջ, նորմալ տեղավորվել ու աշխատում են՝ հեռու մնալով բոլոր այն պրոբլեմներից, որոնք ունեն Հայաստանում մնացած գիտնականները: Դե եթե մեր ջուրն ու բաստուրման էլ քիչ-քիչ են տեսնում՝ ոչինչ: Բայց էս մարդիկ Հայաստանում չեն եւ դժվար էլ գան: Առաջին 100-ի մեջ եղած մնացած 93 հեղինակն էլ հավանաբար Հայաստանի տեղը չգիտի: Նախ բացատրեմ, թե ինչու են այսպես դեֆորմացված Հայաստանը բնութագրող թվերը, ինչի մասին չեն սիրում խոսել գիտության չինովնիկները: Վերջին 15 տարում Հայաստանը լքող գիտնականները գնում էին կամ անհատական, կամ խմբերով: Երկու դեպքում էլ վերջնական նպատակը նույնն էր՝ մնալ այնտեղ, որտեղ հնարավոր է աշխատել ըստ մասնագիտության եւ եթե հնարավոր է՝ ստանալ հյուրընկալող կողմի քաղաքացիություն: Չեմ կարծում, թե որեւէ մեկն իրավունք ունի մեղադրել այս մարդկանց նման նպատակի համար: Խմբերով գնալը մի տարբերություն ունի անհատականից, դրա համար էլ հատուկ անուն են դրել՝ «կոլաբորացիա» (համագործակցություն): Անհատական գնացողներն իրենց հետ տանում էին ստացած գիտելիքներն ու կյանքի փորձը՝ բաներ, որոնք այդ պահին Հայաստանում պետք չէին: Ինչը չես ասի «կոլաբորատորների» մասին, նրանք, ըստ նախապայմանի, ինչ-որ նյութական արժեքներ տարել են: Եթե նայեք «կոլաբորացիաների» ցուցակը, պարզ կհասկանաք, թե սովետական ժամանակաշրջանում որն էր ամենահարուստ ինստիտուտը: Մի բան է պարզ, եթե ուզում ենք հասկանալ, թե ինչով են զբաղվում Հայաստանում աշխատող գիտնականները, որոնց (եւ միայն որոնց) աշխատանքները կարող է ֆինանսավորել հայաստանյան բյուջեն՝ պետք է մանրակրկիտ վերլուծել այն գիտությունը բնութագրող թվերը, որոնք սիրում են ներկայացնել մեր հարգարժան չինովնիկները: Դեֆորմացված եւ «կոլաբորացիաների» տվյալներով համեմված թվերը չեն տալիս գիտության այսօրվա վիճակի իրական պատկերը:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031