Երգահանի դիտարկումները
«Շուտով նաեւ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը՝ ճար չունի, նրա առջեւ փակված են բոլոր դռները»,- ըստ «Նոյյան տապանի»՝ երեկ նման կարծիք է հայտնել երգահան Արա Գեւորգյանը: Նա պարզաբանել է իր լավատեսության պատճառը. ավելանում են բարեկամ ժողովուրդների, համախոհների շարքերը, հենց Թուրքիայում շատ բան է փոխվել, բոլորը տեսան, թե թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորության օրը ինչքան թուրք իրեն հայ էր անվանում:
Արա Գեւորգյանը ողջունել է վերջերս Թուրքիայում մի խումբ մտավորականների նախաձեռնությունը, որով նրանք ներողություն են խնդրել ցեղասպանության համար՝ հայ ժողովրդից: Ըստ Ա. Գեւորգյանի, ինչ-որ տեղ գործընթացի սկիզբ կարելի է համարել Թուրքիայի եւ Հայաստանի նախագահների ֆուտբոլային խաղի համատեղ դիտումը. «Երկխոսությունը ճիշտ էր, մենք մի ժողովուրդ ենք, որ մեր դիվանագիտության պատճառով միշտ տուժել ենք, այս անգամ մեր դիվանագիտությունը, կարծես թե, գնում է ճիշտ ճանապարհով»: «Ես պահանջատեր եմ»՝ ասաց վանեցու թոռ երգահանը, նշելով, որ նախ պետք է վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը, որից հետո, «եթե բխում են նաեւ այլ գործողություններ, բոլորս կցանկանայինք, որ այդ գործողությունները Թուրքիան կատարեր, մենք սպասողի կարգավիճակում ենք»: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի, ըստ նրա, երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, եւ այդ դեպքում, ինչպես երգահանն ասաց՝ ինքը կարող է հանգիստ լինել, որովհետեւ իր երեխան կապրի խաղաղության պայմաններում:
Արա Գեւորգյանն ընդգծեց, որ ինքը դեմ է բոլոր տիպի պատերազմներին. «Մենք այն ժողովուրդն ենք, որ պատերազմող չենք, հարձակվող չենք, ինքնապաշտպանական գործողություններ ենք անում»,- ասաց նա, ավելացնելով, որ «ղարաբաղյան պատերազմը մենք չենք հրահրել՝ պարտադրվել է»:
Ինչպես նշել տոները
Այս տարի նախատեսվում է հրատարակել հայկական տոների ու տոնակատարությունների մասին գիրք: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իր սեփական նախաձեռնությամբ անցած տարի երեք ազգագրագետ հանրապետության 10 մարզերում նյութեր է հավաքել հայկական տոների ու դրանք նշելու մասին, ինչպես նաեւ՝ տոների կազմակերպման ինչ հետաքրքիր նրբություններ են պահպանվել նախորդ սերունդներից: Բացի այդ, ուսումնասիրվել են տոնակատարությունների ժամանակ մասնակցություն ունեցող երաժշտական խմբերի գործառույթները, նաեւ այն, թե որ տարածքներն են սրբազան համարվում, ինչ հրապարակներ են տրամադրվում տոնակատարությունների համար: Հ. Խառատյանի խոսքերով, գրքում նախատեսվում է տալ տոնակատարությունների նկարագրությունները, դրանց սցենարները՝ առավելագույն լուսանկարներով, խոհանոցը՝ տարբեր ուտեստների ցանկերով ու պատրաստման նկարագրություններով: Ըստ նրա, տպաքանակը բավարարելու դեպքում, նախատեսվում է գրքերն անվճար բաժանել բոլոր դպրոցներին եւ տոների կազմակերպիչներին:
«Մենք տոների շատ վատ ծիսաարարողակարգ ունենք կամ էլ չունենք: Մեր գնահատականով, երկու ծիսական երեւույթ կա, մեկը Նոր տարին է, մյուսը՝ ապրիլի 24-ի երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Մինչդեռ դրանք շատ քիչ են տոնական կյանքի ֆունկցիաները հագեցնելու համար»,- ընդգծեց ազգագրագետը: Ըստ նրա, տոնական կյանքը մի քանի գործառույթ ունի. այն ցույց է տալիս բնախմբի (կլինի ժողովուրդ, թե ցեղ) արժեքային ընտրույթը: Տոները երբեք պատահական չեն լինում, դրանք ցույց են տալիս, թե ինչ արժեք է ներկայացնում այն տվյալ խմբի համար, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ ձեռնարկվեց այս աշխատանքը: Աշխատախմբի հետազոտությունները ցույց են տվել, որ թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում բնակչությունը չգիտի, թե ինչպես պետք է նշել տոները: Ավելին, նույնիսկ կազմակերպիչները չգիտեն այդ ամենը: «Ուստի խնդիր առաջացավ սցենար տալ, որից նրանք ստեղծագործաբար օգտվելով՝ կարող են կազմակերպել տոնակատարությունը»,- ասաց Հ. Խառատյանը: Ըստ ազգագրագետի, տոնը նշելու համար ամբողջ երկրով մեկ պետք է քիչ թե շատ ընդհանրական լինի նույն երեւույթի նշման գործընթացը: Գրքի շարադրանքը կուղեկցվի CD-ներով, որտեղ կառաջարկվեն նաեւ պարային եւ երաժշտական տարբերակներ տոնակատարությունների համար:
Հանդեսներ՝ մանուկների համար
Արդեն 9-րդ տարին է, ինչ Լոս Անջելեսի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների Սուրբ Ծննդի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում կկազմակերպվեն Ամանորի հանդեսներ: Ինչպես «Նոյյան տապանին» հայտնեց Ֆիլհարմոնիկ կենտրոնի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը, հիմնադրամը ստեղծել է Լոս Անջելեսում հրատարակվող «Քաջ Նազար» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Բալայանը:
Նա նշեց, որ անցած տարիներին Հայաստանում 125 հազար երեխա է մասնակցել այդ հանդեսներին: Ըստ Լ.Մովսիսյանի, այդ տոների հանդիսատեսը Հայաստանի բոլոր մանկատների սաներն են, հաշմանդամ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Այս տարի դեկտեմբերի 26-ից հունվարի 13-ը Հայաստանում կկազմակերպվեն ավելի քան 40 ներկայացում-համերգներ: Վերջին հանդեսը կկայանա Սպիտակում՝ երկրաշարժից տուժած տասնյակ ընտանիքների մանուկների համար: