Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿ ՍԱՄՈՒՐԱՅՆ ՈՒ ՄԱՀԱՊԱՐՏԸ

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"\"Մեդալ՝ նկարիչ Բորիս Մատինյանին

Նկարիչ Բորիս Մատինյանի մասին «Առավոտը» շատ է գրել: Շուտով նրա մասին կպատմի նաեւ Ռուբեն Անտոնյանի նկարահանած ֆիլմը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ կողմից նկարիչը վերջերս արժանացել է «Մարշալ Բաղրամյան» մեդալի՝ ՀՀ եւ ՌԴ զորամասերում ցուցահանդեսներ կազմակերպելու ու նրանց մի քանի տասնյակ նկարներ նվիրելու համար: Ընդհանուր առմամբ՝ Բորիսն արդեն շուրջ 400 նկար նվիրել է ծերանոցներին, մանկապարտեզներին, թատրոններին, դպրոցներին, ցուցադրվել «Արամ Խաչատրյան» թանգարանում, «Հայ-Արտում», ժամանակակից արվեստի, Աբովյան քաղաքի ժողովուրդների բարեկամության, Աշտարակի՝ ակադեմիկոս Սիսակյանի անվան թանգարաններում եւ այլուր: Բ. Մատինյանի աշխատանքները ներկայացված են աշխարհի 21 երկրներում, որտեղ հասել են Հայաստանում հավատարմագրված նրանց դեսպանների միջոցով: Նկարիչը 45 անհատական ցուցահանդես է ունեցել գյուղական վայրերում, կրթամշակութային օջախներում, տարբեր կազմակերպությունների ու գերատեսչությունների կողմից արժանացել պատվոգրերի:

«Մարշալ Բաղրամյան» մեդալն ինձ համար ամենաթանկն է, որովհետեւ դեռեւս 30 տարի առաջ ճանաչել եմ այդ մարդուն, շփվել նրա հետ: Կարծում եմ՝ Աստծո մատը խառն էր, որ հենց այդ մեդալը շնորհեցին ինձ»,- ասում է զրուցակիցս: Նա ստեղծագործել սկսել է արքայադուստր Դիանայի ողբերգական մահից հետո, իր խոսքով՝ հուզահոգեբանական գերծանր ճնշման պատճառով. «Ես ահավոր ճնշված էի ու ստեղծագործելն ավելի քան անհրաժեշտ էր, ասես նարկոզ լիներ»: Այդ ժամանակ Բ. Մատինյանի 50 տարին նոր էր լրացել: Նկարիչը կարծում է, որ մարդու ողջ կյանքի ընթացքում կուտակումներ են լինում, որոնք հետո բյուրեղանում են ու պատրաստ լինում «մատուցման», ինքնադրսեւորման. «Եթե կինը իմաստնանում է 40-ից հետո, ապա տղամարդը՝ 50-ից: Այնպես որ, զարմանալի չպիտի թվա իմ՝ ուշ ստեղծագործելը: Մանավանդ՝ ես հզոր ներքին էներգիա ու մեծ ամբիցիաներ ունեի, որոնք պիտի «իրացնեի»:

Նկարիչը պատմում է, որ սկզբում իրեն ծաղրել են, երեսով տվել մասնագիտական կրթություն չունենալը, աբստրակտ գործերն անվանել խզբզոցներ, բայց ինքն այդ նախատինքներից ավելի է ամրապնդվել. «Հիմա ավելի մեծ եռանդով եմ նկարում, ստեղծագործում են երկու ձեռքով, ճամփա բացում, որ էներգիաս ու երեւակայությունս դուրս ժայթքեն… Ես մահապարտ եմ, միայնակ սամուրայ… ես էսպես եմ ապրում»:

Բորիս Մատինյանի «նկարախեղդ» սենյակում, բացի իր աշխատանքներից, փակցված են նաեւ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, Յուլյա Տիմոշենկոյի, արքայադուստր Դիանայի եւ Սոֆիա Ռոտարուի լուսանկարները: Գեղեցիկ կանայք նրա թուլությունն են, չնայած նկարները նվիրում է հիմնականում տգեղներին ու աղքատներին: Մշակութասեր քաղաքական ու պետական գործիչների հանդեպ, ասում է՝ հարգանքով է լցված: Ս. Սարգսյանի նկարը փակցնելն էլ, ըստ Բ. Մատինյանի, ունի տրամաբանություն. «Ունեցվածքը հայտարարագրելիս նա նշել էր, որ ունի նկարների հավաքածու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել