Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎՐԱԵՐԹ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"\"Տուժել են հայերը

Նոյեմբերի 13-ին «Բագրատտուր» տուրիստական կենտրոնից գնված տոմսերով 3 օրով Թուրքիա մեկնեցին 4 հայ երիտասարդներ: Հայրենիք վերադառնալուց ժամեր առաջ, նոյեմբերի 16-ին, ժ.12-ի սահմաններում, Ստամբուլում հայ երիտասարդները (որոնք կանգնած են եղել մայթեզրին) վրաերթի ենթարկվեցին մարդատար երկու ավտոմեքենայի կողմից:

«Ես չեմ կարող ասել, թե դա կարող էր դիտավորություն լինել, բայց չեմ էլ կարող պնդել, թե անզգույշ կատարված հանցագործություն էր»,- երեկ «Առավոտին» ասաց տուժած Գեղամ Ներսիսյանի հայրը:

Տղաներից երկուսը կարողացել են ակնթարթորեն խուսափել մեքենաներից, իսկ Գեղամ Ներսիսյանը ձախ ոտքին ստացել է չորս կոտրվածք, նրա ազատամարտիկ ընկեր Գրիգորը՝ երկու: Թուրք վարորդները դեպքի վայրում թողել են մեքենաները եւ փախել:

Հայ երիտասարդներին օգնել է դեպքի վայրում այդ պահին հայտնված Յաշա անունով Հայաստանից Ադրբեջան տեղափոխված քաղաքացին: Նա կանչել է շտապօգնության մեքենա, նրանց տեղափոխել Ստամբուլի հիվանդանոց: Նրանց առաջին օգնություն են ցույց տվել: Տուժողներին պատգարակով, ցավազրկելով տեղափոխել են օդանավակայան: Այնտեղից՝ Երեւան:

«Արմավիա» ընկերության գրասենյակում «պարտադրել են մեր տղաներին երկու ավելորդ տոմս գնել (երբ ինքնաթիռը կիսով չափ դատարկ էր- Ռ. Մ.), որպեսզի հորիզոնական դիրքով տեղափոխվեն: Եվ սա այն դեպքում, երբ հայ տղաները փորձանքի մեջ էին ընկել: Տղայիս ընկերները խնդրել են, որ երկու տոմսի փոխարեն գոնե 1 ավելորդ տոմս գնեն՝ $300 գումար է»,- նշում է հուզմունքից իրեն կորցրած հայրը: «Զվարթնոց» օդանավակայանում նոր փորձություններ էին սպասվում տուժողներին: «8000 դրամ պահանջեցին, որպեսզի տեղի շտապօգնության մեքենան հաշմանդամ դարձած մեր տղաներին հասցնի 100 մետր հեռու գտնվող մեր կողմից 15 000 դրամով «վարձակալած» շտապօգնության մեքենայի մոտ»,- շարունակում է Գ. Ներսիսյանը: Տղաներին տեղափոխում են Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Բժշկական անձնակազմը, Սեյրան Սարոյանի գլխավորությամբ, վիրահատություն է կատարում, բարձր մասնագիտական օգնություն ցույց տալով նրանց: Երեկ՝ մեկ ամիս անց, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

Բժիշկներն ամբողջական ապաքինման համար 2-3 ամիս են տվել:

Երեկ Գ. Ներսիսյանը զանգել է ԱԳՆ իրավական վարչության պետին, որը հայտնել է, թե դիվանագիտական հարաբերություններ չունեն հարեւան հանրապետության հետ, ուստի ոչնչով օգնել չեն կարող:

Քաղաքացին դիմել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային կապերի վարչություն՝ խնդրելով պատասխանել, թե ով եւ ինչպես կարող է ապահովել հայ քաղաքացիների անվտանգությունը այլ պետություններում, արդյոք բերված օրինակով թուրք վարորդները կմնան անպատի՞ժ, տուրիստական կազմակերպությունները անվտանգության հետ կապված պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել